Խորհրդավոր ժամանակների ժամանակավորությունը

Քաղաքագետ  Գարեգին Պետրոսյանը  իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Խորհրդավոր ժամանակների ժամանակավորությունը: Հարցերը շատ են, պատասխանները՝ ոչ սպառիչ

«Այո, մենք ընդունում ենք, որ մենք ժամանակավոր ենք: Բնականաբար, մի օր մենք պետք է հեռանանք: Այն կանխատեսումները, որ նա արել է ժամկետների առումով, ինչ ուզում է նա կարող է ասել, ուղղակի մի փոքր պետք է հիմնավորել: Այսինքն այդ պարարտ հողը կա, թե՝ ոչ: Այո, մենք հեռանալու ենք: Մի օր կգա մի կուսակցություն, դաշինք, և մենք այդ դաշինքին կպարտվենք ու կգնանք»: Սա Հրաչյա Հակոբյանի անդրադարձն է Միքայել Մինասյանի այն հայտարարությանը, թե այժմյան իշխանությունները ժամանակավոր են և շուտով գնալու են: Նորից ավելի շատ հարցեր են առաջանում, քան տրվում են դրանց պատասխանները: Իսկ ամենախորհրդավոր հարցի պատասխանը շարունակում է մնալ օդից կախված՝ արդյո՞ք հնարավոր է «քայլելով» իրականացնել հեղափոխություն, հնարավո՞ր է արդյոք քայլելով ձեռք բերել պետական իշխանություն, ի՞նչ է իշխանությունն ընդհանրապես և արդյո՞ք «հեղափոխական» թիմն ունեցել է երբևէ այդ իշխանությունը, եթե այո, ապա ի՞նչ չափով:

Խորհրդավոր հարցերից մյուսը մեսիայի ու կառավարչի առեղծվածն է, որն ակնհայտ էր ի սկզբանե: Մեսիան կոնցեպտուալիզացիայի չի ենթարկվում, այն դեպքում, երբ կառավարչական արդյունավետության չափելի գործիքակազմը ռացիոնալ հայեցակարգային ծրագիրն ու դրա շուրջ հավաքագրված արհեստավարժ ու փորձառու քաղաքական թիմն է: Ինչու՞ «հեղափոխական թիմը» բեմականացումից 1.5 տարի անց այդպես էլ տուրք չտվեց խելամիտ հաշվարկներին և չունեցավ ծրագիր: Ի՞նչն էր կաշկանդում վարչապետ Փաշինյանին իջնել պոպուլիզմի հարթակից և 1.5 տարվա ընթացքում հանրության խանդավառ հատվածին ներկայացնել երկրի զարգացման տեսանելի ճանապարհ: Արդյո՞ք կաշկանդված էր նույնքան խորհրդավոր պայմանավորվածություններով, թե՞ պատճառը, ինչպես Միքայել Մինասյանն է նշում, վարչապետ Փաշինյանի ու իշխող քաղաքական թիմի կողմից երկրի համար կարևորագույն հարցերում պատասխանատու որոշումներ ընդունելու անկարողությունն է: Եվ եթե այո, առաջանում է խորհրդավոր հաջորդ հարցը. եթե Փաշինյանը զուրկ է կարևորագույն քաղաքական հարցերում պատասխանատու որոշումներ ընդունելու ունակությունից, այդ դեպքում ո՞վ է ընդունել 10-նյակ հազարավոր պարզած ձեռքերի օգնությամբ «հեղափոխական իշխանազավթման» որոշումը և արդյո՞ք կար ավելի պատասխանատու որոշում, քան ինչպես այդ օրերին էր շահարկվում, Մարտի 1-ի փորձը հաշվի առնելով՝ մարդկանց առաջնորդել դեպի քաղաքական արկածախնդրություն:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Առհասարակ, անծրագիր ու անգաղափար մեթոդաբանությամբ կարելի է տնօրինել, բայց ոչ կառավարել, այն էլ՝ միայն ժամանակավոր: Հատկապես մեր տարածաշրջանում, որտեղ առկա են պատմականորեն ձևավորված բարդ փոխհարաբերություններ, անհրաժեշտ է սուպերարդյունավետ կառավարում: Եվ որպեսզի եղած խնիրներին շարունակաբար չավելացնենք նորերը և առաջ բերենք գերկուտակումներ, պետք է պարզաբանենք մեկ հարց՝ ու՞ր ենք գնում: Այս հարցի շրջանակներում է անհրաժեշտ դիտարկել ինչպես Նիկոլի ժամանակավորությունը, այնպես էլ՝ քաղաքական էքսպերիմենտների վտանգավորությունը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով