Ինչպես է «Կոռուպցիոն սխեման» դառնում կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն, եթե Հայաստանի նոր իշխանությունը այդպես է կամենում

Օրեր շարունակ հանրությունը քննարկում է քաղաքապետի թեթև ձեռքով իրականացված կասկածերի գործարքները նախկին օլիգարխների հետ… Այսինքն, օլիգարխները նախկին չեն լինում, դա բոլորիս է հասկանալի: Ուղղակի Հայաստանի նոր իշխանությանը ձեռք է տալիս այսպիսի դասավորվածությունը՝ սկզբից ահաբեկել «քրեաօլիգարխիկ կոռուպցիոն սխեմաների» մասնակիցներին, իսկ հետո մեծ լավության կարգով նույն անձանցից նվիրատվություններ ընդունել: Ահա և օլիգարխից ազնիվ գործարար դառնալու բանաձևը:
Բայց այստեղ մի քանի սկզբունքային խնդիր է առաջանում: Առաջինը, տիկնայք և պարոնայք, եթե ձեզ թվում է, որ մենք ամնեզիա ունենք, ապա դուք սխալվում եք: Մենք լավ ենք հիշում, թե ինչպես էիք դուք անցած տարի մերժում օլիգարխներին, Սամվել Ալեքսանյանի անվան հետ սերտ կապեր ունեցող Երևան-Սիթի հանրախանութներից կոչ էիք անում առևտուր չանել, գրեթե բոլոր գործարարներին չափում էիք ձեր արշինով և անվանում թալանչի…
Այսօր պարզվում է, որ Հայաստանի նոր իշխանությունը ի դեմս Երևանի քաղաքապետարանի շռայլ նվերներ է ընդունում օլիգարխներից: Արդեն ակտիվորեն շրջանառվում են հիմնավոր լուրեր այն մասին, որ «ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ» ընկերությանը 5 ձնամաքրման մեքենայի դիմաց տրամադրվել է 3 հասցեներում շինարարական աշխատանքներ իրականացնելու թույլտվություններ: Եվ այս ամենը՝ Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերության կողմից նվիրաբերած ԿԱՄԱԶ-ներից զատ: Վստահաբար դեռ շատ այսպիսի բաներ կլսենք: Այստեղ ուզում ենք հիշեցնել այն մասին, որ ոչ շատ վաղ անցյալում վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձնավորության հետ իր հայտնի լայվի ժամանակ քաղաքապետ Հայկոն մեծ պաթոսով հայտարարել է, որ ինքը անձամբ զանգահարել է ԿԱՄԱԶ-ի գործարանի տնօրենին և խնդրել է, որ իր պատվերը հերթի մեջ առաջ տան: Սա ինքնին արդեն Հոմերոսյան քրքիջի առիթ է տալիս, սակայն առավել ուշագրավ է այն, որ փաստորեն այդ ամենը սուտ էր:
Հաջորդ սկզբունքայնությանը և բարոյականությանը առնչվող հարց՝ բա եթե անցած տարի Հայաստանի նոր իշխանությունը ձևավորած քաղաքական ուժի ներկայացուցիչները բոցաշունչ և աշխարհացունց ելույթներում անվերապահորեն մերժում և քննադատում էր բոլոր օլիգարխներին, ինչպե՞ս ստացվեց, որ այսօր, երբ դուք արդեն իշխանություն եք, դուք հանգիստ խղճով նվիրատվություններ եք ընդունում նույն այդ օլիգարխներից: Ընդ որում, բոլոր հեղափոխությունների ժանրի կանոններին համաձայն՝ “օլիգարխ” բառով դուք առանց հասկանալու անվանում էիք փաստացի բոլոր քիչ թե շատ հարուստներին, և ինչպես որ ասվում է հայտնի անեկդոտի մեջ՝ պահանջում էիք, որ ոչ թե բոլորը լինեն հարուստ, այլ հարուստները աղքատանան:
Իշխանությունը վերցնելուց անմիջապես հետո արդեն տեսանք, թե ինչպիսի պատրաստակամությամբ եք դուք ընդունում շողոքորթության գագաթնակետին հասած նվերները՝ վրան «Վարչապետ», «Պատգամավոր» և այլ պաշտոնների անվանումներով բաճկոններ և այլն:
Ակնհայտ է, որ Հայաստանի նոր իշխանությունը հանգիստ խղճով որդեգրել է և առանց կաշկանդվելու կիրառում է երկակի ստանդարտների սկզբունքը: Այն, ինչ քննադատելի էր, երբ իշխանությունտը (այսինքն՝ լծակները) այլ քաղաքական ուժի ձեռքում էր, այսօր դարձել է Հայաստանի իշխող քաղաքական ուժի կողմից ձևավորված Կառավարության գործելաոճ:
Այն, ինչ յուրաքանչյուր ազնիվ և շիտակ մարդու համար կլիներ սկզբունքների սակարկության անընդունելի երևույթ, Հայաստանի նոր իշխանության համար մեկ բաժակ ջուր խմելու պես մի բան է: Նույնիսկ փորձում եք այս նողկալի երևույթին նոր անվանում տալ՝ շրջանառության մեջ դնելով «կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն» տերմինը, դրանով իսկ արժեզրկելով այդ լուրջ հասկացությունը, որի խորությունը դուք դժվար թե պատկերացնեք:

Նատալյա Սաղիյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով