Ինչից է վախեցել «ՍԱՍ»-ի Արտակը. Նա հրաժարվել է ցուցմունք տալ, իսկ գործարար Արամ Քոչարյանն էլ հրաժարվել է ներկայանալ դատաբժշկի. «Փաստինֆո»

«Terrazza» սրճարանի տարածքում տեղի ունեցած միջադեպի գործով  ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արտակ Սարգսյանը, նույն ինքը՝ «ՍԱՍ»-ի Արտակը, գործարար Արամ Քոչարյանը հրաժարվել են ենթարկվել դատաբժշկական փորձաքննության։ Ավելին՝ Արտակ Սարգսյանն ընդհանրապես հրաժարվել է Քննչական կոմիտեում ցուցմունք տալ։

հունիսի 5-ին Երեւանի կենտրոնում միջադեպ է տեղի ունեցել Արտակ Սարգսյանի մասնակցությամբ։ Մասնավորապես, միջադեպը գրանցվել է Իսահակյան փողոցում գտնվող «Terrazza» ռեստորանի տարածքում: Դեպքի ականատեսներից մեկը «Փաստինֆո»-ին պատմել էր, որ Արտակ Սարգսյանը ռեստորանում մենակ չի եղել, այնտեղ են գտնվել նաեւ այլ անձինք, որոնց թվում էր նաեւ ռուսաստանահայ գործարար Արամ Քոչարյանը։ Ռեստորանի այցելուները հանկարծակիի են եկել ԱԺ նախկին պատգամավորի բղավոցներից, ով դուրս է եկել ռեստորանի բացօդյա տարածք ու թիկնազոր կանչել։ Կարճ ժամանակ անց ռեստորան էին ժամանել նաեւ ոստիկաններ, որոնց թվում էին տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչներ։ Ըստ տեղեկությունների՝ միջադեպի ժամանակ նաեւ հարվածել էին Արտակ Սարգսյանին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դեպքի առթիվ հունիսի 8-ին հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 258–րդ հոդվածի 4-րդ մասով, այն է՝ խուլիգանությունը, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ։

«Փաստինֆո»-ի գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ քննչական կոմիտե՝ պարզելու, թե 6 ամիս տեւած նախաքննության արդյունքում պարզվել են արդյոք միջադեպի հանգամանքները, մասնակիցների շրջանակները եւ կան արդյոք մեղադրյալներ։ Քննչական մարմինն ի պատասխան հաստատել է «Փաստինֆո»-ի տեղեկությունը, որ դեպքի օրը Արտակ Սարգսյանի հետ միասին ռեստորանում է եղել նաեւ գործարար Արամ Քոչարյանը։ Ավելին՝ նրա նկատմամբ նշանակվել է անգամ դատաբժշկական փորձաքննություն, սակայն վերջինս հրաժարվել է ներկայանալ։ Նկատենք, որ միջադեպի մասնակիցները քննիչի մոտ պնդել են, թե իրականում ոչինչ տեղի չի ունեցել։

«Քրեական գործով վկաներ Արտակ Սարգսյանի, Արամ Քոչարյանի, Գագիկ Գրիգորյանի, Հարություն Վարսամյանի, Գագիկ Շահգելդյանի, Նորիկ Պետրոսյանի  նկատմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, սակայն վերջիններս հրաժարվել են ներկայանալ դատաբժիշկ-փորձագետի՝ պատճառաբանելով, որ իրենց մասնակցությամբ որևէ միջադեպ չի եղել, որի ընթացքում ստացած լինեն մարմնական վնասվածքներ»,- հայտնել է Քննչական կոմիտեի ԶՔԳՎ ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետ Յուրա Բադալյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով