Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ունի գործառութային անձեռնմխելիություն. Դատախազություն բողոք է ներկայացվել

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի, ներկայացված բողոքի և ակնկալիքների մասին «Փաստինֆո»-ն զրուցել է Սերժ Սարգսյանի փաստաբան Ամրամ Մակինյանի հետ։

-Պարո՛ն Մակինյան, Դուք հայտարարել էիք, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ունի գործառութային անձեռնմխելիություն եւ պատրաստվում եք բողոք ներկայացնել։ Ներկայացվե՞լ է բողոք, թե ոչ և ի՞նչ փուլում է գտնվում այն։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

-Բողոքը ներկայացրել ենք արդեն ՀՀ գլխավոր դատախազին։ Դեռևս չունենք պատասխան բողոքի վերաբերյալ։ Բողոքը վերաբերում է հետևյալին, որ ՀՀ նախագահը, համաձայն 2005թ. և  2015թ. Սահմանադրության, անձեռնմխելի է։ Հանրապետության նախագահը իր լիազորությունների թե՛ ժամկետում, թե՛ ժամկետի ավարտից հետո չի կարող հետապնդվել կամ պատասխանատվության ենթարկվել՝ իր կարգավիճակից բխող գործողությունների համար։ Պարոն Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել, կոնկրետ որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման մեջ այդ մասին ձևակերպում կա, որ պաշտոնական դիրքի օգտագործմամբ ինչ-ինչ գործողություններ է կատարել։ Այսինքն՝ Սահմանադրությունն ուղղակի արգելք է սահմանում։ Մենք այս մասին գրել ենք մեր բողոքում՝ համապատասխան հիմնավորումներով, ներկայացրել՝ Գլխավոր դատախազին, սպասում ենք արձագանքին։

-Ակնկալիքներ ունե՞ք՝ հաշվի առնելով այն հանգամանքները, որոնց պայմաններում կոնկրետ առաջադրվեց մեղադրանքը, երեկվա հայտարարությունները՝ քննիչի գործողությունների հետ կապված և այն փաստը, որ վկայի կարգավիճակով հրավիրվել է և պարզվել է, որ կասկածյալ է, իսկ այնուհետև մեղադրանք է առաջադրվել։

-Իհարկե ունենք ակնկալիքներ, քանի որ Սահմանադրությունը շատ հստակ է ասում և հնարավորություն չի տալիս որևէ մեկնաբանություն՝ այս դրույթին։ Ուղղակի որևէ մեկնաբանություն չի կարող արվել։ Ուղղակի որևէ պատճառաբանությամբ մեր բողոքը չի կարող մերժվել, քանի որ սահմանադրական այս նորմը գործում է և տարածվում է հանրապետության նախագահի վրա թե՛ իր պաշտոնավարման ընթացքում, թե՛ լիազորություններն ավարտելուց հետո։ Չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

-Դուք նշել էիք, որ Սերժ Սարգսյանն  այս ամենը համարում է իր նկատմամբ քաղաքական հետապնդում։ Նաև այս հանգամանքը հաշվի առնելով՝ հարցն ուղղեցի։

-Հասկացա Ձեր հարցն ամբողջ ծավալով, բայց մենք Գլխավոր դատախազությունից ակնկալում ենք , որ անկախ նրանից, որ մենք համոզված ենք, որ հետապնդման տեսակը քրեական չէ, այլ՝ քաղաքական է։ Այնուամենայնիվ դատախազությունը պետք է կատարի իր վրա դրված պարտականությունները՝ օրենքով և Սահմանադրությամբ և այս անօրինական որոշումը վերացնի։

Աղբյուր`  «Փաստինֆո»

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով