«Եվ դո՞ւ, Գռզո».Արտյոմ Խաչատրյան

Եվ դո՞ւ, Գռզո
(Սերժ Սարգսյան)

Պարոն Սուքիասյան Խաչատուրը (Գռզոն) այսօր հայտարարեց, որ Սերժ Սարգսյանը եղել է վատ ղեկավար, վատ ընկեր, ամեն ինչ արել է իր և իր փեսայի համար (Մինասյան Միշան շուտով բրենդ կդառնա, եթե այսպես շարունակվի): Ասաց նաև, որ իրենից գործարան է խլել, որն այսօր դատական քաշքշուկի մեջ է: Հիշեցնենք, որ ինչ-ինչ օրինախախտումների պատճառով «Բջնի» գործարանը 2009թ. աճուրդով վաճառվեց, և այն ձեռք բերեց Ռուբեն Հայրապետյանը (Նեմեցը): Այժմ պրն Գռզոն փորձում է Փաշինյան Նիկոլի անկախ դատարանով և ժողվարչապետի սրտի դատավորներով հետ բերել գործարանը: Հուսանք, որ դա նրան կհաջողվի մինչև Նոր տարի, որովհետև գարնանը Հայաստանում իշխանափոխություն է սպասվում և գործարանի վերադարձը կկանխվի, ընդհակառակը` նշմարվում է պրն Գռզոյի մյուս գործարանների օտարում հօգուտ պետության:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ուրեմն, 1998թ. իշխանափոխությունից հետո պրն Գռզոն հեռացավ Հայաստանից: Մեղմ ասած, խուսափում էր վերադառնալ, քանզի վախենում էր` հանկարծ չունեզրկվի: Հայտնի է, որ Տեր-Պետրոսյան Լևոնի իշխանության ժամանակ պրն Գռզոն երկրի թիվ մեկ և միակ օլիգարխն էր, չկար նրան հավասարը: Խլելու և գործարար աշխարհի դեմը փակելու գործում Գռզոն իրեն հավասարը չուներ, փառք Աստծո, կան բազում վկաներ, որոնք վաղ թե ուշ կխոսեն: Քոչարյանի անունից նրան փոխանցեցին, որ վերադառնա, նա որևէ խնդիր չի կարող ունենալ Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո: Պրն Գռզոն վերադարձավ: Էլ ավելի մեծ թափով բարգավաճեց: Քոչարյանի օրոք նրա տուժածն ընդամենը այն էր, որ նրանից բացի այլ օլիգարխներ էլ առաջացան` Ծառուկյան, Ալեքսանյան և այլն: Մնացած հարցերում նա խնդիր չի ունեցել: Բավական է ասել, որ նրա բանկը` «Հայէկոնոմբանկը», սպասարկում էր Քոչարյանի ժամանակ գանձապետարանը, այսինքն՝ տարեկան 2-3 միլիարդ դոլար պետական փող էր ֆռռցնում անտոկոս: Նշենք, որ սա հազվագյուտ պետական վերաբերմունք է, երբ ինչ-որ մի առևտրային բանկի վստահում են պետբյուջեի միջոցները: Ինչևէ:

Եկավ 2008 թվականը: Պրն Գռզոն կարծեց, թե էլ ավելիին է արժանի, ուղղակի Քոչարյան-Սարգսյանի կոռումպացված ռեժիմը չի բավարարում իր օրինավոր ակնկալիքները: Գնաց Տեր-Պետրոսյան Լևոնի մոտ, ստացավ վարչապետ նշանակվելու խոստում: Հետընտրական զարգացումների ընթացքում կատարեց հազարումի օրինախախտում, ընդհուպ սառը զենքի արտադրություն և դրա մատակարարում խաղաղ ցուցարարներին: Հետո եկան դաժան օրերը` փախուստ, մեղայական, ներում և այլն: Եվ, իհարկե, «Բջնիի» կորուստ:

Հիմա դժվար է հասկանալ, թե ինչու է Սերժ Սարգսյանը վատ ղեկավար, ըստ պրն Գռզոյի: Մենք գիտենք, որ նա խայտառակ վատ ղեկավար էր, քանզի երկրում բուծեց գրանտակեր հանրույթ, «և-և» խաղաց և ի վերջո իշխանությունը հանձնեց ամերիկյան դեսպանին՝ ի դեմս Փաշինյան Նիկոլի: Բայց ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը վատ Սուքիասյան Խաչատուրի համար: Որ գործարան խլեց նրանից օրենքի ուժո՞վ։ Բայց չէ՞ որ պրն Գռզոն կյանքի տղա է և գիտի, որ իր արարքի համար սովորաբար խլում են ողջ ունեցվածքը, ոչ թե մեկ գործարան։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պրն Գռզոն ամեն ինչ գիտի: Բայց նա այսօր երանության մեջ է, վարչապետը Տեր-Պետրոսյան Լևոնի դիսկ-ժոկեյն է: Քոչարյանն էլ նստած է: Գռզոն բարսեղյան լևոնի ու իոաննիսյան դանիելի թիմակիցն է, թեպետ, ըստ ամենայնի, ինցեստը հոգու խորքում դեռ չի ընդունում (ի դեպ, նորմալ մարդու համար սրանից վատ վիրավորանք չի կարող գոյություն ունենալ), սակայն ամեն ինչ դեռ առջևում է, ամերիկացիներն ասում են` you never know: Բայց հուշենք պրն Գռզոյին, որ Հայաստանում իրավիճակ է փոխվում: Փոխվում է հենց հիմա, ժամ առ ժամ: Իսկ խիարը թարս բուսնելու սովորություն ունի: Եվ անպայման կբուսնի: Իսկ ի՞նչ կլինի դրանից հետո։
Ամեն ինչ կվերադառնա ի շրջանս յուր: «Բջնին» կմնա պրն Նեմեցին, քանզի դա է պահանջում արդարությունը, իսկ պրն Գռզոն…

Պետք է ենթադրել, որ Հայաստանի ապագա իշխանությունը վերջապես կունենա սկզբունքայնություն: Եվ այդ պարագայում Տեր-Պետրոսյան Լևոնի ու Փաշինյան Նիկոլի հետ որևէ առնչություն ունեցած գործարարները կվերադառնան հայրական օջախներ, այսինքն` կվերադառնան այն տները, որտեղ ծնվել են, և դրանից զատ ունեցվածք չեն ունենա: Փառք Աստծո, դրա օրինական հնարավորություն կա: Ռոքֆելերն ասում էր, թե պատրաստ է պետությանը զեկուցել իր ողջ ունեցվածքի յուրաքանչյուր ցենտի մասին, բացի առաջին միլիոնից: Քանզի առաջին միլիոնի ծագումնաբանության պարզոիմից հետո քանդվում է ամեն ինչ, և դրա տերը զրկվում է օրենքի ուժով միլիարդից: Պրն Գռզոյին, Ծառուկյանին, Ալեքսանյանին և Փաշինյան Նիկոլի սրտի մյուս գործարարներին հենց այս հեռանկարն է սպասում: Դե, իսկ մենք էլ կհետևենք այդ պրոցեսին` հուսով, որ գոնե հայրական օջախներում էս մարդիկ մի բան կհասկանան…

Հետգրություն

Ի դեպ, պրն Գռզոն պրն Նեմեցին պարտք է միլիոնուկես դոլար և առ այսօր չի վերադարձրել: Խոսքը գրազի մասին է, որը տարվել է պրն Գռզոն 2008-ին հետևյալ խաղադրույքով` ո՞վ է դառնալու նախագահ` Սե՞րժը, թե՞ Լևոնը: Ռուբեն Հայրապետյանը, կարծում եմ, պետք է ձեռնամուխ լինի իր «Մայբախը» շուտափույթ ստանալուն, հակառակ դեպքում մյուս տարի, հնարավոր է, պրն Գռզոյից էլ ստանալու բան չմնա: Մանավանդ որ դրա բարոյական իրավունքն էլ հենց պրն Գռզոն է տալիս` դատվելով «Բջնիի» համար…

Արտյոմ Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով