Եկեք չշփոթենք արդարադատությունը հետհեղափոխական ապակուլակացման հետ

Դեկտեմբերի 12-ին կառավարության նիստում վարչապետ Փաշինյանը ներկայացրեց կառավարության առաջարկած «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծը… Առաջին հայացքից կարելի է մտածել, որ սա շատ լավ նախագիծ է: Սակայն եկեք ավելի խորը ուսումնասիրենք այս ռումբը, որով ՀՀ նոր իշխանությունները պատրաստվում են ականապատել մեր հասարակությունը:

Նախագծի առաջին և առավել ուշագրավ առանձնահատկությունն այն է, որ գույքի բռնագանձումն իրականացվելու է առանց մեղադրական դատավճռի։ Այսպիսով խախտվում է քաղաքացիների արդար դատաքննության իրավունքը: Հիշեցնենք, որ ըստ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են իր քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ իրեն ներկայացված քրեական մեղադրանքի հիմնավորվածությունը, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ եւ անաչառ տրիբունալի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի եւ հրապարակային լսումների իրավունք:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ուշադրություն դարձնենք «ներկայացված քրեական մեղադրանքի» դարձվածքին:

Ըստ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի, նոր նախագծով նախատեսվում է, որ գլխավոր դատախազությունում կստեղծվի մարմին, որը պետք է փնտրի ու գտնի ապօրինի ծագում ունեցող գույք: «Փնտրի ու գտնի» եզրույթը ըստ էության նշանակում է, որ թիրախները ընտրվելու են որոշ մարդկանց՝ կարգավորողների, կողմից: Այսինքն, մարդկանց չի ներկայացվելու մեղադրանք, մարդիկ հնարավորություն չեն ունենալու իրենց շահերը պաշտպանել դատարանում: Նորաստեղծ մարմնի ուշադրության կենտրոնում հայտնված անձանց ծանուցում է ուղարկվելու, առաջարկվելու է ներկայացնել եկամուտների ու գույքի հայտարարագիր, որի հիման վրա կայացվելու է որոշում։ Այս համատեքստում եկեք չուրախանանք, որ գույքի ձեռքբերման ժամկետ է սահմանվում 1991թ–ը: Ոմանց կարող է թվալ, որ այս դրույթը վկայում է նոր իշխանությունների արդարամտության մասին: Արդեն իսկ կան այնպիսիք, ովքեր միամտաբար հավատում են, որ այս օրենքի ընդունման դեպքում այն կկիրառվի նաև Լևոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ:

Հարգելիներս, քանի դեռ առկա է «Նորաստեղծ մարմնի ուշադրության կենտրոնում հայտնված անձանց» ձևակերպումը, վստահաբար կարող ենք ասել, որ այդ ուշադրությունը բարեհաջող կերպով կշրջանցի այն անձանց, ում կմատնանշի նորսատեղծ մարմնի վերադասը: Ինչ խոսք, Պողոսը անասելի հրճվանք է ապրում այս նախագծի ներկայացման առիթով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Իսկ գիտե՞ք ինչու: Որով հետև իր հոգու խորքում Պողոսը արդեն վաղուց գիտի, որ իր կյանքում ոչինչ չի փոխվել և չի փոխվելու, նա ըստ էության ոչինչ չի ստացել փողոց փակելու և հու-հու-դըմփ բղավելու դիմաց: Պողոսը գիտակցում է, որ իրեն խաբել են և ուստի ուրախանում է, որ ինչ-որ մեկից ինչ որ բան կխլեն, ընդ որում առանց դատարանի վճռի:

Պողոսը մտածում է. «եթե ես չեմ ստանում խոստացված բարեկեցիկ կյանքը, ապա թող բոլորն ինձ նման թշվառ լինեն»: Ի՞նչ է սա, եթե ոչ Նիկոլ Փաշինյանի կողմից իրականացվող հերթական մանիպուլյացիա: Հասկանալով, որ մի կողմից ավանդական խոստումներն այլևս չեն գործում թավիշածին հու-հու-դըմփ զանգվածի վրա, իսկ մյուս կողմից նա անզոր է ապահովել իրական դրական տեղաշարժ որևէ ոլորտում, վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձնավորությունը դիմում է այսպիսի ոչ ժողովրդավարական մեթոդների, վկայակոչելով Ֆիլիպինների, Վրաստանի և ԱՄՆ-ի փորձը: Ի դեպ, Վրաստանում գույքի բռնագանձման գործընթացը տապալվեց և դրանից շատ արագ հրաժարվեցին, փոխարինելով այն ամնիստիայով:

Իսկ ԱՄՆ-ում բռնագանձումն իրականացվում է առանց դատարանի վճռի միայն շատ որոշակի դեպքերում, օրինակ՝ եթե ձեզ կանգնացնում է ոստիկանությունը և ձեր ավտոմեքենայում հայտնաբերում է 50 000 ԱՄՆ դոլլար, ապա ոստիկանը իրավունք ունի բռնագանձել այն առանց դատարանի որոշման, բայց միայն ժամանակավոր, հանգամանքները պարզելու համար, քանի որ ԱՄՆ-ի նման երկրում շատ զարմանալի է, երբ մարդը իր մոտ ունի այդքան կանխիկ գումար: Իրեն ժողովրդավարության բաստիոն հայտարարած իշխանությունը դիմում է ակնհայտորեն ոչ ժողովրդավարական մեթոդների, քողարկելով դրանք ինչ-որ անհասկանալի և կեղծ սկզբունքների հետևում:

Բայց բոլոր սթափ դատողների համար ակնհայտ է, որ արդարությունը կարող է հաղթել միայն դատարանում: Այնպես որ, հարգելիներս, եկեք չշփոթենք արդարադատությունը հետհեղափոխական ապակուլակացման հետ:

Նտալյա Սաղիյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով