Սոցապ նախարարի ափալ-թափալ «բարեփոխումների» 1-ին զոհերը

 

Հայաստանում փակվում են վերջին 4 գիշերօթիկ հաստատությունները՝ Գյումրու երկու, Բյուրեղավանի և Դիլիջանի գիշերօթիկները։ Որոշումը հաստատեց Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 31-ի կառավարության նիստում :

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այս 4 գիշերօթիկներում հունիսին 260 երեխա է եղել, իսկ ըստ հոկտեմբերի 31-ի տվյալների,նրանք արդեն 130-ն էին։ Նրանից ոմանք այս պահին տուն վերադառնալ չեն կարող  տարբեր պատճառներով՝ տանը կատարվելիք բռնության վտանգից մինչև բնակարանային խիստ անբարենպաստ պայմանները…:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խորհրդական Օլյա Ազատյանը դեռ հոկտեմբերի 23-ին իր ֆեյսբուքյան էջում գորում էր. «կատարվել է երեխաների և ընտանիքների խորը գնահատում, ըստ որի՝ ընդհանուր առմամբ 260 երեխաներից միայն շուրջ 20 երեխայի դեպքում է, որ մասնագետները նպատակահարմար չեն համարում երեխաների գտնվելը կենսաբանական ընտանիքներում»:

Սակայն հոկտեմբերի 31-ին կառավարության նիստի ընթացքում Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի կատարած հայտարարույան՝ խնդիր կա 43 երեխայի դեպքում, և այս պահին տուն վերադառնալ չի կարող 43 երեխա: Նույն օրը՝ հոկտեմբերի 31-ին, կառավարության նիստը գլխավորող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց. «Էսօր էլի մեծ աղմուկ կլինի, որ Հայաստանի կառավարությունը փակում է մանկատները, գիշերօթիկ դպրոցները և այսպես շարունակ»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այո՜ հարգելի վարչապետ, եթե ուշադիր նայեք հոկտեմբերի 23-ին սոցապ նախարարի խորհրդական Օլյա Ազատյանի արձանագրած երեխաների թվաքանակը ու հոկտեմբերի 31-ին սոցապ նախարարի հայտնած թվաքանակը՝ կնկատեք, որ առկա է հսկայական մեծ տարբերություն, իսկ եթե ևս մի քիչ շարունակեք ուսումնասիրել և մտածել, կրկին կպարզեք որ այս պահին գիշերօթիկներից տուն վերադառնալ չեն կարող  շատ ու շատ ավելի մեծ թվով երեխաներ:

Փաստը մնում է փաստ:

Նոյեմբերի 16-ին Կոտայքի մարզի Նոր Հաճնում տեղի ունեցած սարսափելի ողբերգության հետևանքով 77 ամյա տատը և նրա չորս անչափահաս թոռները շմոլ գազից թունավորվեցին և մահացան։ Նրանցից երկուսը մինչ վերջերս իրենց հայրական տան ծայրահեղ ծանր պայմաններից ելնելով, բնակվում և խնամք էին ստանում Բյուրեղավանի գիշերօթիկ հաստատությունում և տուն էին վերադարձել միայն գիշերօթիկի փակման պատճառով: Նրանց տան դուռն այսօր կնիքով փակցված է, սակայն նույնիսկ դրսից երևում է, որ բնակարանը գտնվում է վատ վիճակում:

Մինչդեռ ըստ նախարար Զարուհի Բաթոյանի հոկտեմբերի 31-ի հայտարաության, գնահատվել են բոլոր երեխաների և նրանց ընտանիքների կարիքները: Այսինքն նախարարությունը որոշել է, որ Նոր Հաճնի այս երկու երեխաների դեպքում խնդիր չի լինի, տունն այքնան էլ անմխիթար վիճակում չէ  և ոչ մի խնդիր էլ չի առաջանա, եթե ծեր, 77 տարեկան կնոջ հույսին թողնեն չորս երեխաների խնամքը։

Սակայն պարզվեց խնդիր կար, որն էլ ավարտվեց ողբերգությամբ։ «2020 թվականի բյուջեով մենք գրեթե եռապատկում ենք ցերեկային խնամքի ծառայությունները ամբողջ Հանրապետությունում՝ 30 բնակավայրերում», – հայտարարում էր սոցապ նախարար Զարուհի Բաթոյանը, մանրամասնելով նաև, որ գիշերօթիկներից տուն վերադարձած երեխաների ընտանիքներին կտրվի սոցիալական աջակցություն , որը կլինի սննդի, հագուստի, հոսանքի ծախսի փոխհատուցման ու նաև մասնագիտական վերապատրաստումների ձևով:

Հարկ է հիշեցնել նախարարին, որ մենք գործ ունենք մարդկային կյանքերի հետ, և ընտանիքներին թե՜ սոցիալական, թե՜ հոգեբանական աջակցություն էր պետք ցույց տալ մինչև իսկ երեխաներին տուն վերադարձնելը և ո՜չ թե հետո, ո՜չ թե 2020-ին  կամ 2021-ին: Գիշերօթիկներում էլ աշխատում էին ավելի քան 100 անձ, որոնց մասն էլ նեղ մասնագետներ էին` հատուկ մանկավարժներ, հոգեբաններ, մեթոդոլոգներ, և այս մարդկանց հետագա ճակատագրի հարցը ևս պետք է որ լուծեր սոցապ նախարարը :

Այսօր՝ նոյեմբերի 20-ին, 4 երեխաների և նրանց տատիկի դիերը Նոր Հաճնում հանձնում են հողին: Սա մի ողբերգություն է, որից հաստատ հնարավոր կլիներ խուսափել, եթե չլիներ նախարարի ափալ-թափալ որոշումը:

Հայկ Կիսեբլյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով