Ուսանողությունը որպես ազգայինը փրկելու վերջին հույս

Արդեն մի քանի օր շարունկավում է ուսանողների բողոքի ակցիան:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 6-ին ՀՅԴ ՀԵՄ-ը պահանջել է նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը, որից հետո նրանց միացել են մայրաքաղաքի տարբեր ԲՈՒՀ-երի ուսանողներ, իսկ այսօր տեղեկացանք, որ Գյումրիի ուսանողները նույնպես միանում են դասադուլին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ուսանողներին սատարում են նաև մի շարք դասախոսներ, քաղաքական գործիչներ, ինչպես նաև սովորական քաղաքացիներ: Ուսանողները պահանջում են ԿԳՍՄ նախարարի՝ Արայիկ Հարությունյանի հրաժարականը: Վստահաբար կարելի է ասել, որ Հայաստանում չկա մարդ, որ չիմանա այս պահանջի պատճառը: Կարելի է մտածել, որ հայոց լեզվի, գրականության և պատմության կարևորությունը կրթության համակարգում պետք է որ հասկանալի լինի բոլորի համար (բացի իշխանական և մերձիշխանական օղակներից): Ուսանողների բողոքը շատ օրինաչափ է և հիմնավորված, պահանջը՝ արդարացի:

Սակայն արի ու տես, որ կան այնպիսիք, ովքեր համաձայն են այն ապազգային մոտեցման հետ, որ այդ առարկաները պիտի հանվեն ԲՈՒՀ-ական պարտադիր առարկաների ցանկից: Եթե ուշադիր լինենք ուղիղ եթերներին, ապա կտեսնենք այն նողկալի և գռեհիկ մեկնաբանությունները, որոնք օգտատերերի մի ստվար զանգված թողնում է ցուցարների գործողությունները լուսաբանող ուղիղ եթերների տակ: Բայց դե լավ, սա դնենք մի կողմ, այսպիսի չարությանը մենք արդեն սովոր ենք, մենք այդ մթնոլորտում ապրում ենք անցած տարվա իրադարձություններից ի վեր: Այս ցասման ալիքը բացահայտեց մի քանի կարևոր հանգամանք: Առաջինը՝ բոլորս երիցս համոզվեցինք, որ ԿԳՍՄ նախարարը բոլորովին իր տեղում չէ և պարզապես անթույլատրելի է, որ իր նման անձնավորությունը շարունակի համակարգել մեր երկրի կարևորագույն 4 ոլորտները:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Երկրորդը՝ Վարչապետը իր վրա վերցրեց ողջ պատասխանատվությունը նախարարի կողմից իրականացվող ապազգային և կործանարար «բարեփոխումների» համար, հայտարարելով, որ նախարարը չի որոշում քաղաքականությունը, այլ Կառավարությունը իր գլխավորությամբ: Եվ երրորդը՝ համոզվեցինք, մեր ժողովրդի սթափ դատող մասը քնած չէ, ինչպես որ շատերը կարծում էին: Այո, իշխանությունը հույսեր էր փափագում, որ թավիշածին հու-հու-դմփ զանգվածի կողմից ահաբեկված և վերջին հայհոյանքներին արժանացող սթափ մտածող և հայրենասեր բնակչությունը ապատիայի մեջ է և չի համարձակվի արտահայտել իր բողոքը: Ի ուրախություն մեզ նրանց հույսերը չարդարացան, ողջամտության ձայնը լռեցնել չստացվեց:

Հաշվի առնելով, որ բողոքի ակցիային գնալով ավելի շատ մարդ է միանում՝ պետք է փաստենք, որ մենք ևս մեկ անգամ ամբողջ աշխարհին ապացուցեցինք, որ մենք միավորվում ենք ոչ միայն ամբոխահաճո դատարկաբանություններ արձակող փողոցային ակտիվիստների կոչով: Մենք միավորվում ենք, երբ տեսնում ենք սպառնալիք մեր ազգային ինքնության համար: Սա հուսադրող է: Այս ամենի ֆոնի վրա սակայն պետք է մի բան հասկանանք՝ Արայիկ Հարությունյանի հրաժարականը հարցի լուծում չէ: Ինչպես որ ուրբաթ օրը հայտարարեց վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձնավորությունը՝ նախարարը ինքը չի որոշում ոլորտի քաղաքականությունը, այն որոշում է Կառավարությունը վարչապետի գլխավորությամբ: Նախարարի փոփոխությամբ ոչինչ չի փոխվի: Սա ուղղակիորեն նշանակում է, որ համակարգային մոտեցման կարիք կա՝ պետք է պահանջել ամբողջ Կառավարության հրաժարականը վարչապետի գլխավորությամբ: Սա է միակ արդյունավետ միջոցը մեր երկրին վրա հասած աղետի դեմ:

Այլևս ակնհայտ է, որ նոր Հայաստանի իշխանությունը ունի սեփական օրակարգ, որը չի բխում մեր հայրենիքի շահերից և հետապնդում է լրիվ այլ նպատակներ, որոնք իրենց հերթին բխում են այլ ուժերի հարակից շահերից: Այս «նեոլիբերալիզմ-գլոբալիզմ» վարակը չի նպաստելու մեր հայրենիքի զարգացմանը:

Մի՞թե դեռ կան մարդիկ, որ հավատում են, որ այս իշխանությունների օրոք կունենանք թռիչքաձև աճ որևէ ոլորտում: Հավատացողներին հիասթափեցնենք՝ ոչ, չենք ունենա, քանի որ այն երկրում, որտեղ ոտնձգություններ են իրականացվում դատաիրավական համակարգի նկատմամբ, որտեղ չկա ազգային դոկտրին, որտեղ քարոզվում է կոնսումերիստական ապրելաոճը, չի կարող լինել ոչ մի տեսակի աճ, առավելևս՝ թռիչքաձև: Առակը ինչ կցուցանե՝ իրական փոփոխություններ ապահովելու համար պետք է ձեռբազատվել այն արատավոր համակարգից, որի ներկայացուցիչները, հանիրավի խոսելով ողջ ժողովրդի անունից՝ մեզ պարտադրում են այնպիսի քաղաքականություն կրթության ոլորտում, որը անընդունելի է մեր ժողովրդի համար:

Նատալյա Սաղիյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով