Նիդերլանդների Թագավորության նորանշանակ դեսպանը հավատարմագրերը հանձնել է Արմեն Սարգսյանին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության նորանշանակ դեսպան Մարիա Կրիստինա վան Կոլդամը (նստավայրը` Թբիլիսի):

Շնորհավորելով դեսպանին՝ նախագահ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ նա առավելագույնը կանի հայ-նիդերլանդական բարձր մակարդակի հարաբերություններն ավելի խորացնելու և ընդլայնելու ուղղությամբ: Նախագահն իր լավագույն բարեմաղթանքներն է փոխանցել Նորին Մեծություն Նիդերլանդների թագավորին ու Նիդերլանդների ժողովրդին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նշելով, որ Հայաստանը դեռ անցյալ դարի 90-ականներից դեսպանություն է ունեցել Նիդերլանդներում՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ եղել է Հայաստանի առաջին դեսպանը և պատիվ է ունեցել հավատարմագրերը հանձնել Նորին Գերազանցությանը: «Նրա հետ մեր բոլոր հանդիպումներից հիանալի հիշողություններ են մնացել»,- նշել է Արմեն Սարգսյանը:

Հանրապետության նախագահն ասել է, որ երկու երկրներն ունեն հարաբերությունները զարգացնելու բավականին մեծ հնարավորություն: «Մենք շատ ընդհանրություններ ունենք և շատ բան կարող ենք սովորել միմյանցից,-նշել է նա: -Հայաստանը սերտորեն համագործակցում է ինչպես ԵԱՏՄ-ի, այնպես էլ Եվրամիության հետ՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում: Դա մեր երկրի առավելությունն է: Ինչ-որ առումով մենք հանդես ենք գալիս նաև որպես համագործակցության խաչմերուկ, և այստեղ փոխգործակցության հնարավորությունները մեծ են»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ երկու երկրները կարող են հաջողությամբ համագործակցել նորագույն տեխնոլոգիաների, ֆինանսական, բանկային սեկտորներում, կարևորվել են մշակութային փոխանակումները: Նախագահ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ Նիդերլանդները նաև իր խորհրդարանական ժողովրդավարության հարուստ փորձով կարող է օգտակար լինել Հայաստանին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով