Հիսուսին նմանվելու վարչապետի կոդը.«Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է.

Նիկոլ Փաշինյանի մոտ  նոր չէ  «Հիսուս կոչվելու»  պրոցեսն ընթանում։  Այն,  ինչ նա ասաց Միլանի Հայ Առաքելական Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը, շարունակությունն էր այն բանի, երբ իշխանափոխությունից  հետո մինչ այսօր զանազան ֆեյքեր, իմ կարծիքով ուղղորդված,  վարչապետին Հիսուս, փրկիչ, օծյալ էին համարում։ Գրառումները չհիշեցնեմ, բոլորդ մտովի կվերհիշեք պայծառակերպության ձոները, որոնք հնչում էին անընդմեջ՝ կարծես նույն «հաստոցի տակից դուրս եկած»։ Այսինքն վերին մակարդակով հանրության մոտ արդեն Հիսուսի կերպար ձևավորելու պրոցես էր ընթանում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սա նոր իշխանության ձեռագիրն է, որը գործում ու արդյունք էր տալիս, բայց այսօր գործել չի կարող, որովհետև երբ գաղտնիքն արդեն բացահայտվում է, հակառակ կողմը գտնում է  պաշտպանվելու, խոցելու ձևը։ Նիկոլ Փաշինյանն իրեն հոգու խորքում Հիսուս է համարում ու փորձում  օնլայն հնարավորություններով մարդկանց պատրաստել՝ ընդունելու իրենց փրկչին։ Սա մեծ դժբախտություն ու ողբերգություն է՝ ինչի համար։ Նա չի կամենում ճանաչել իրեն, գիտակցական մակարդակով չի ընկալում իր ով լինելը ու հոգու խորքում իրեն աստված է համարում։ Քանի որ երկրի վրա իրեն բացարձակ տեր է կարծում և մտածում, որ ամեն ինչ իր տնօրինության տակ է և ինչ ուզի, կարող է անել, ինչ ուզի, կարող է սարքել, ինչ ուզի, կարող է վայելել։

Ու անում է, բոլորս տեսնում ենք։ Դա «եսի» դրսևորում է՝  կփառավորվի իր անձը այս աշխարհում։ Հիսուսին նմանվելու կոդ տեսա, երբ նա իշխանության գալով 17 նախարարությունից կամեցավ ունենալ 12 նախարարություն։ 12 նախարար։ 12 առաքյալ։ Ու սա եզակի չէ, բազում կոդային «պատահականություններ կան» նրա կյանքում, որոնք, կարծում եմ, կվերծանվեն և մենք կտեսնենք իրական Նիկոլ Փաշինյանին, թե ով է նա։ Մարդ , որ «եսի» դրսևորման հազարավոր ձևեր ունի։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով