«Երկրի դրոշը բարձրացնողին այդպես էլ չօգնեց պետությունը». Նա մահացավ

Հայաստանը սամբոյի Եվրոպայի մրցանակակիր Կոլյա Կարապետյանին այդպես էլ դափնեպսակով չդիմավորեց, փոխարենը ցուցաբերեց եւ ցուցաբերում է անտարբերություն հիվանդանոցում գտնվող մարզիկի նկատմամբ…

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիվանդանոցում փնտրում ենք 30-ամյա Կոլյայի հիվանդասենյակը: Հարցնում եմ՝ մարզիկ Կոլյայի սենյակը կասե՞ք, օրվա հերթապահը ցույց է տալիս այն: Հիվանդասենյակի դռան մոտ միջահասարակ, սեւ շապիկով, կապույտ աչքերով տղամարդը բարեւում է մեզ: Դեմքին լարվածություն կա, կարծես հույսի վերջին «հատիկը» բռան մեջ ամուր պահած լինի: Կոլյայի հայրն է՝ Հրաչյա Կարապետյանը…

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ներսում Կոլյայի կինն է, մահճակալի կողքին նստած՝ հետեւում է ամուսնուն: Ոսկրոտ դեմքով Կոլյայի հայացքը մի կետի է հառված: Մոտ 2 ամիս այս վիճակում է: Կինը խնդրում է, որ չլուսանկարենք, ասում է՝ «ախր, Կոլյային դուք չեք տեսել, իսկ ես չեմ ուզում, որ նրան որեւէ մեկն այս վիճակում տեսնի»…

Հրաչյայի հետ հիվանդասենյակից դուրս ենք գալիս: Երկար միջանցքով քայլում ենք դեպի խոհանոց, որտեղ էլ սկսում ենք զրույցը…

Կոլյան 6 տարեկանից սկսել է մարզվել սամբո մարզաձեւով: Այդ տարիներին ընտանիքը բնակվում էր Արտաշատի Այգեստան գյուղում, հայրը պատմում է, որ որդին ընկերոջ հետ 7 կմ քայլում էր՝ Արտաշատի մարզադպրոց հասնելու համար: Երբ արդեն 12 տարեկան էր, ընտանիքը տեղափոխվել է Երեւան, որտեղ շարունակել է մարզումները…

Հրաչյա Կարապետյանը երկու որդի եւ մեկ դուստր ունի, Կոլյան կրստեր որդին է: Հայրն առանձնակի հպարտությամբ է խոսում նրա մասին: Ասում է՝ պարտադիր ժամկետային զինծառայությունն անցել է «Եղնիկներում», որտեղ հետախույզ սերժանտ է եղել…

Կոլյան Հայաստանի սամբոյի առաջնությունում 62 կգ քաշային կարգում չեմպիոն է հռչակվել, սպորտի վարպետ է: Ֆիզկուլտուրայի ինստիտուտն ավարտելուց հետո ոստիկանության եռամսյա դասընթաց է անցել ու աշխատանքի տեղավորվել ոստիկանությունում՝ որպես օպերլիազոր…

2017 թ. մայիսի 18-22-ը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում բրոնզե մեդալ նվաճելուց հետո Կոլյայի ինքնազգացողությունը երեկոյան հյուրանոցում կտրուկ վատացել է: Հայրն ասում է, որ որդին մրցումների ժամանակ է վնասվածք ստացել, ապա նշում, թե Կոլյան իր ոտքով է գնացել հիվանդանոց…

Ըստ բժշկական փաստաթղթերի՝ մարզիկի մոտ գրանցվել է տարածուն արյունազեղում, գլխուղեղի աջ կիսագնդի հեմատոմա, երկրորդային թարախային մինինգիտ, խրոնիկական միջկիսագնդային հեմատոմա, թոքաբորբ՝ ուղեկցվող բարդություններով: Բժիշկները հաստատել են, որ արյան զեղումը եղել է ստացած հարվածների հետեւանք…

«Բելառուսում մնացինք 5 ամիս (Կոլյան գտնվում էր Մինսկի շտապօգնության քաղաքային կլինիկական հիվանդանոցում, նրա առողջական վիճակի մասին լուրն իմանալուց հետո Մինսկ էր գնացել նաեւ հայրը), այդ ընթացքում գլուխը 7 անգամ վիրահատել են, արյունը չէր մակարդվում, դրա համար շունտ են տեղադրել»,- պատմում է հայրը…

Հրաչյա Կարապետյանն ասում է՝ որդուն շվեյցարական արտադրության դեղեր էին անհրաժեշտ, օգնության համար զանգահարել էր Հայաստան՝ Առողջապահության, ինչպես նաեւ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարություններ, ոստիկանություն, սակայն որեւէ արձագանք չի ստացել: Հիվանդանոցի մոտակայքում գտնվող խանութ գնալու ճանապարհին պատահաբար հանդիպել է անծանոթ հայի, ով էլ օգնել է ձեռք բերել դեղերը…

Բելառուսում գտնվելու ժամանակ Կոլյային տեսակցել է Սպորտի եւ երիտասարդության հարցերի այն ժամանակվա նախարար Հրաչյա Ռոստոմյանը: «Սպորտի նախարարը եկավ, խոստացավ ամեն ինչ անել, սակայն եկավ Հայաստան ու ոչինչ չարեց…

Այնտեղ ասաց՝ ամեն ինչ կանի հիվանդի համար, անգամ հարցրեց, թե այդ հիվանդանոցին ինչ է անհրաժեշտ, դա էլ կանի, ասացին՝ հիվանդանոցի համար բան պետք չէ անել, Դուք Ձեր հիվանդի համար բան արեք»,- պատմում է Հրաչյա Կարապետյանը…

Ռոստոմյանի այցի վերաբերյալ նախարարությունը հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, թե գերատեսչության ղեկավարը շուրջ մեկ ժամ զրուցել եւ մանրամասն ծանոթացել է հայ մարզիկի առողջական վիճակին ու ձեռք է բերել մի շարք պայմանավորվածություններ՝

Կոլյա Կարապետյանի ինքնազգացողությունը համապատասխան վիճակի բերելուց հետո նրան Բելառուսի ներքին գործերի նախարարության մասնագիտացված հոսպիտալ տեղափոխելու, այնտեղ վերականգնողական բուժում իրականացնելու եւ մարզիկին հայրենիք տեղափոխելու վերաբերյալ…

Ըստ հաղորդագրության՝ մարզիկի բուժման եւ նրան հայրենիք տեղափոխելու գործընթացը կազմակերպելու նպատակով վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարությամբ, բացի Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունից, բելառուսական կողմի հետ համագործակցում են նաեւ ՀՀ ոստիկանությունը, առողջապահության, աշխատանքի եւ սոցիալական պաշտպանության ու արտաքին գործերի նախարարությունները…

Հրաչյա Կարապետյանն ասում է, որ հիվանդանոցը բուժման ծախսերի վերջնահաշվարկի համար նամակ էր ուղարկել Հայաստանի սամբոյի ֆեդերացիա, սակայն այդտեղից էլ աջակցություն չի եղել: «Բելառուսը հրաժարվեց բուժել իմ տղային, ինձ ասացին՝ տղայիդ տար Հայաստան»,- նշում է հայրը…

Սամբոյի ֆեդերացիայի մամուլի հետ կապերի պատասխանատու Վարդան Օնանյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ Կոլյայի առողջական վիճակի, բժշկական ծախսերի, ինչպես նաեւ Մինսկի հիվանդանոցի կողմից սպառնալիքների (վճարումներ չկատարելու պատճառով Կոլյային հիվանդանոցից դուրս գրելու, նույնիսկ Եվրոպական դատարան դիմելու վերաբերյալ) մասին ֆեդերացիան նամակներ էր գրել այն ժամանակվա վարչապետ Կարեն Կարապետյանին,

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին, առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանին, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանին, ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանին…

Գրեթե բոլոր նամակների վերջում ֆեդերացիան խնդրել է պատասխանատվության տակ վերցնել Կոլյայի բուժման ընթացքի հսկողությունն ու թվարկված հիվանդանոցային պահանջները՝ հաշվի առնելով, որ Հայաստանի սամբոյի ֆեդերացիան չունի համապատասխան ֆինանսական միջոցներ: Այսքանից հետո էլ պետական մարմինների կողմից գործնական քայլեր չեն եղել…

Հրաչյա Կարապետյանն ասում է՝ ավագ որդին «Էրեբունի» բժշկական կենտրոնից բժիշկ էր ուղարկել Բելառուս, որտեղից Կոլյային տեղափոխեցին Հայաստան: Տեղափոխումն արժեր ավելի քան 3000 եվրո, որը, ըստ Հրաչյայի, վճարել է ընտանիքի մտերիմներից մեկը, իսկ կառավարությունը ոչինչ չի արել…

2017 թ. նոյեմբերին Կոլյային Հայաստան են տեղափոխել: Նա որոշ ժամանակ գտնվել է Հերացու թիվ 1 համալսարանական հիվանդանոցում, մի քանի ամիս էլ՝ «Արթմեդ» բժշկական կենտրոնում, որտեղից այս տարվա փետրվարին տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Մինչ օրս Կոլյան այստեղ է:

Երբ մարզիկը դեռ թիվ 1 հիվանդանոցում էր, սամբոյի ֆեդերացիան հայտարարություն էր տարածել, որտեղ նշել էր. «Հաշվի առնելով մեր բուժաշխատողների բարձր պրոֆեսիոնալիզմը, հուսով ենք, որ Կոլյան կկարողանա հաղթահարել հիվանդությունն ու վերադառնալ բնականոն կյանքի, նաեւ համոզված, որ այսուհետեւ նույնպես մարզիկն ու նրա ընտանիքը կլինեն բոլորիս ուշադրության կենտրոնում»…

Հրաչյա Կարապետյանն ասում է, որ հանրապետության մասշտաբով հավաքված բժիշկները չեն կարողացել որդու առողջական վիճակի լավացման համար առաջարկ անել, Կոլյայի վիճակն օրեցօր վատթարանում է…

Ըստ հոր՝ Հայաստանի առողջապահության նախարարությունը օգնության նպատակով դիմել էր Ռուսաստանի գործընկերներին, որտեղից, սակայն, օգնելու պատրաստակամություն չեն հայտնել: «Ձրի ո՞վ կուզի վիրահատի, բուժի: Ոչ մեկը: Ձրի ճաշի մեջ միս չի լինում»,- ասում է Հրաչյան…

«Երեւի թե բոլորդ էլ գիտեք, որ Կոլյա Կարապետյանը մեր լավագույն մարզիկներից է: Ցավոք, Եվրոպայի առաջնությանը բրոնզե մեդալ նվաճելուց հետո հյուրանոցում վատացել է ու գլխի շրջանում արյան զեղում ստացել: Հայաստանի սամբոյի ֆեդերացիան պարբերաբար նրա վիճակի մասին թե՛ մամուլի հաղորդագրություններ է ուղարկել մեր ԶԼՄ-ներին, թե՛ դիմել է ուր որ հնարավոր է»,- մեզ հետ հեռախոսազրույցում ասաց Վարդան Օնանյանը…

Վերջինս նախընտրում է չխոսել Կոլյայի բուժմանն ուղղված ֆեդերացիայի դրամական հատկացումների մասին, որոնք շատ մեծ չեն եղել, բայց գուցե մի քանի օր կամ որոշ ժամանակահատված օգտակար են եղել մարզիկի խնամքի համար: Օնանյանն ասում է, որ ֆեդերացիան նաեւ ունիվերսալ սայլակ-մահճակալ է գնել ԱՄՆ-ից ու տրամադրել Կոլյայի ընտանիքին…

«Դիմել էինք սամբոյի միջազգային ֆեդերացիային, որի արդյունքում այդ ֆեդերացիան Կոլյայենց ընտանիքին տրամադրեց 10 հազար դոլար, որը թվում է, թե մեծ գումար է, բայց իրականում մեծ չէ, քանի որ իմ իմացած վերջին տվյալներով՝ գերմանական կլինիկաներից մի պրոֆեսոր (նրա օգնականը մեր մարզիչներից մեկի դուստրն է՝ Նաիրա Հակոբյանը,

ով բոլոր թղթաբանությունները ցույց է տվել պրոֆեսորին) ասել է, որ հնարավոր է Գերմանիայում բուժել, ինչը 88 հազար եվրո է կազմում: Բնական է, որ այդ գումարը ո՛չ Հայաստանի սամբոյի ֆեդերացիան ունի, ո՛չ էլ իրենց ընտանիքը, ինչի համար ցավում եմ»,- ասում է Վ. Օնանյանը…

Հրաչյա Կարապետյանն էլ ասում է, որ այդ գումարի համար նամակներով դիմել է ՀՀ կառավարությանը, սամբոյի ֆեդերացիային, Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությանը, մի շարք կազմակերպությունների, հիմնադրամների, բարեգործների, սակայն բոլոր տեղերից ստացել է մի պատասխան՝ «ֆոնդ չունենք»…

«Հիմա Գերմանիայում ապրող այդ աղջիկը խոսել է պրոֆեսորի հետ, որն ասել է՝ 4 հազար եվրո պիտի մուծենք, որ ինքը գա, բացի դրանից՝ իր հետ բերելու է երկու հոգու: Տոմսերի, մնալու ծախսն էլ պիտի փակենք»,- նշում է Հրաչյան…

Ըստ Վ. Օնանյանի՝ հնարավոր է, որ պրոֆեսորը Հայաստան այցելի Բժշկական համալսարանի հրավերով՝ դասախոսություններ կարդալու: Այդ դեպքում նա կուսումնասիրի նաեւ Կոլյայի դեպքն ու եզրակացություն կտա, թե արդյոք կարող է վիրահատել, երկրորդ՝ գուցե հնարավոր լինի վիրահատական միջամտությունն անել հենց Երեւանում…

Կոլյայի հայրը հոգոց է հանում, ու այդ հոգոցի մեջ դառը կսկիծ կա: «Կոլյայի վիճակն օրեցօր վատանում է: Ես չգիտեմ ՝ ինչ անեմ, ում դիմեմ: Մնում է Կոլյայի մեդալներն ու գովասանագրերը վերցնեմ, գնամ փողոց, ճանապարհ փակեմ: Մեր երկրում մեկին դրոշը գետնին գցելու համար գործից հանում են, բա երկրի դրոշը բարձրացնողին չե՞ն օգնում»,- հայացքը մի կետի սեւեռած՝ ասում է Հայաստանի չեմպիոնի հայրը…

Զրույցի վերջում Հրաչյան հեռախոսն է հանում, ցույց տալիս այս ամիսներին Կոլյայի թույլ շարժումները, տեսանյութերից մեկում երկուսով գրկախառնվում են: Հայրն ասում է, որ արդեն երկու ամիս որդին այդ թույլ արտահայտված շարժումներն էլ չի անում: Հետո նայում ենք Կոլյայի որդու լուսանկարը, որն այս սեպտեմբերին կդառնա 3 տարեկան…

Աղբյուր՝ hetq.am

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով