«Եթե կան այդ երեք հենասյուները՝ կա ազգը, եթե չկան, ապա ազգը կա՛մ կաղում է, կա՛մ փլվում է». Լևոն Ջավախյան.168.am

Լևոն Ջավախյանը մեր օրերում ամենաշատ ընթերցվող գրողներից է: Ծնունդով լոռեցի արձակագիրն իրեն համարում է Թումանյանի շարունակողը՝ շեշտելով, որ Երևանին նայում է Թումանյանի աչքերով՝ լոռեցու աչքերով:

Լ. Ջավախյանը 2019 թվականին արժանացել է ՀՀ նախագահի մրցանակին «Ծնկան ծերին» գրքի համար, 2017 թվականին արժանացել է Մովսես Խորենացու մեդալի, 2010 թվականին «Քիրվա» պատմվածքի համար ստացել է խաղաղություն և հանդուրժողականություն տարածելու համար մրցանակ Ադրբեջանի «հանդուրժողական կենտրոնի» կողմից։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Գրողը շուտով կմոտենա 70-ին. իր ապրած տարիների, իր ստեղծագործությունների, հայրենիքի՝ անցյալի, ներկայի ու ապագայի մասին նրա հետ զրուցեցինք Վերնիսաժի հարևանությամբ: Ի դեպ, Լ. Ջավախյանը Վերնիսաժում է աշխատում շուրջ քառորդ դար և, ինչպես ինքն է ասում՝ երեսից արծաթն է ծախում, տակից` պատմվածքները, և այն ամենևին չի համարում էսթետիկ վայր, այլ սոցիալական տառապանքից ծնված հրամայական:

– Պարոն Ջավախյան շուտով կլրանա Ձեր 70-ամյակը, Ձեր կյանքում ականատես եք եղել հասարակարգերի փոփոխության, ապրել եք հայրենիքի անկախության բերկրանքը, ի՞նչ կարևոր շրջադարձեր են եղել, որոնք ազդել են, փոխել են սերունդների արժեհամակարգը:

– Գրողի համար երանելի ժամանակաշրջան եմ ապրել, որովհետև մի ակնթարթում, մի քանի տարիներում, տասնամյակներում կյանքը սրընթաց առաջ գնաց, և մենք տեսանք այնպիսի բաներ, որ հարյուրամյակներում չէինք տեսել. տեսանք Սովետական Միություն, Հայաստանի անկախություն, նոր կարգեր, և դա, իհարկե, մեծ փոփոխություններ բերեց մարդկանց մեջ, սոցիալական համակարգում: Իսկ գրողի համար բավականին մեծ փոփոխություն էր: Ես, օրինակ, չէի լինի այս մակարդակի գրող, որ եղա:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ես իմ գրվածքները կարող էի վերնագրել նաև էսպես՝ պատմությունը՝ ըստ Լևոն Ջավախյանի. իմ ամեն պատվածքի սյուժեն իր ժամանակաշրջանն է թելադրել:

Ահռելի բան տեսանք:

– Խոսենք Ձեր պատմվածքների ու պատմվածքների հերոսների մասին: Շաբաթվա մի քանի օրեր լինում եք Վերնիսաժում, սա յուրատիպ միջավայր է, որտեղ ամենատարբեր մարդիկ են լինում: Արդյոք նաև այստեղի՞ց եք քաղում Ձեր գործերի հերոսներին:

– Իսկական գրողը կամ պետք է շրջագայի աշխարհով, կամ աշխարհը պիտի պտտվի իր շուրջը: Իմ բախտից՝ աշխարհն է իմ շուրջը պտտվում. ես մի այնպիսի գրող եմ, որ իմ մեղրը մեղրաճանճի նման ստեղծում եմ բազմաթիվ ծաղիկների նեկտարից, ու քանի որ տարբեր մարդիկ են իմ շուրջը լինում՝ աշխարհի տարբեր կողմերից, նրանցից ես բանահավաքչություն եմ անում, նրանցից է ստեղծվում իմ պատմվածքների խորիսխը:

Ես այստեղ մի պահ եմ ուզում առանձնացնել. Գիտեք, իմ վերջին մրցանակը պատահական չէր, որ Հովհաննես Թումանյանի 150-ամյակի տարում եղավ, ինչ-որ տեղ ես ինձ այդ մարդու գործի շարունակողն եմ համարում: Ինձ համարում եմ Թումանյանի «շկոլայի» արտահայտությունը, քանի որ ես Երևանը և գյուղը նայում եմ Թումանյանի աչքերով:

– Մեր օրերի հերոսն ո՞վ է.

– Հիմա հերոս բառն ինձ համար բավականին արխաիկ է հնչում՝ կտրիճների ժամանակաշրջանն անցել է: Մեր օրերի հերոսն արժանապատիվ քաղաքացին է, որն ապրում է հասարակության ցավերով և առաջընթացով:

Ինձ համար իսկական հերոսն ապրող, արարող մարդն է, իսկ հերոսի կերպարը, որը միշտ մեզ ուղեկցել է, սոսկ քարոզչական հնարք է մարդակնց զոմբիացնելու համար:

– Ինչպե՞ս եք վերաբերվում ժամանակակից հայ գրականությանը, նորօրյա գրողներին, նրանց կերտած կերպարներին:

– Կյանքում շատ բան է փոխվել, բայց գրականությունը, դժբախտաբար, մնացել է նույնը, ժամանակին համընթաց չի գնում: Թեկուզ ամենախոշոր գրողներն են Տոլստոյը, Դոստոևսկին, Բալզակը, Դյուման և այլք, բայց հիմա ո՞նց կարելի է նրանց նման գրել. այն ժամանակ հեռուստատեսություն, համացանց չի եղել, ինչ-որ տեղ նրանք սյուժետային բաներ են գրել՝ մարդկանց հաճելի ժամանց պարգևելու համար:

Հիմա կյանքը փոխվել է: Կյանքին հարիր՝ գրելաոճը պիտի փոխվի:

– Վերջին աղմկահարույց իրադարձություններին էլ անդրադառնանք. որպես մտավորական, գրող՝ ի՞նչ կարծիք ունեք՝ բուհերի ոչ մասնագիտական ֆակուլտետներում հայոց լեզուն պե՞տք է պարտադիր ուսուցանվի, թե՞ ըստ հայեցողության:

– Ուրեմն, խոշոր երկրներն այդ պրոբլեմը չունեն. Նիկոլ Փաշինյանը համեմատում է Հարվարդի համալսարանի, Սորբոնի, Քեմբրիջի հետ, և այլն. Նրանք այդ պրոբլեմը չունեն, իսկ մենք ունենք:

Աշխարհի առումով երկու պրոբլեմ կա. մի դեպքում՝ ընթանում է գլոբալիզացիայի ճանապարհով մարդակենտրոն պետության ստեղծում, մյուս դեպքում՝ ազգային ուժեղ պետականության ստեղծման ճանապարհով:

Հիմա եթե մենք էդ մարդակենտրոն երկրի ճանապարհով գնանք, ոտքի տակ կկորչենք, որպես ազգ՝ կասիմիլյացվենք, կվերանանք, կպրծնենք:

Մենք պարտադրված ենք գնալ մեր ազգային պետությունը ստեղծելու ճանապարհով, իսկ դրա համար մեր Սահմանադրությամբ ամրագրված է, որ մեր պետական լեզուն հայերենն է, ըստ այդմ էլ՝ հայոց լեզվի ուսուցումը պիտի պարտադիր լինի համալսարաններում, ինստիտուտներում…

Հետո թյուր կարծիք կա, թե խոշոր երկրները գնում են գլոբալիզացիայի ճանապարհով. Թրամփը վերջերս հայտարարեց, որ ԱՄՆ-ը պիտի մեծ ազգային ամուր պետականություն ստեղծի: Այսինքն, արդեն խոշոր երկրներում էլ են կարևորում ազգային պետականության ստեղծումը: Իսկ մեզ նման փոքր երկրներում պարտադրված ենք մեր ազգային պետականությանը տեր դառնալ, ինչի համար անհրաժեշտ է և՛ մայրենիի, և՛ գրականության, և՛ հայ ժողովրդի պատմության ուսուցանումը:

Պատկանյանն ասում է՝ ինչ հենասյուների վրա է ստեղծվում ազգը. Ազգը մայրենի լեզուն է, հայրենի դավանանքն է՝ կրոնը, և ազգի գաղափարախոսությունը, որն արտահայտվում է ազգի պատմությունով: Եթե կան այդ երեք հենասյուները՝ կա ազգը, եթե չկան, ապա ազգը կա՛մ կաղում է, կա՛մ փլվում է:

– Այսօր շատերն ահազանգում են, որ կա ազգային ինքնության, ազգային արժեհամակարգի պահպանման խնդիր, համամի՞տ եք արդյոք: Նշեցիք, որ շատ պետություններ գնում են գլոբալիզացիայի ճանապարհով, արդյո՞ ք Հայաստանը հիմա այդ ուղին է բռնել, և եթե այո՝ կմարսի՞ մշակութային այն վերաձևումները, որոնք հիմա կարծեք թե պարտադրվում են, և ինչի՞ կհանգեցնի այն՝ հաշվի առնելով, որ Հայաստանը փոքր պետություն է:

– Աշխարհը կմարսի, բայց հայ ժողովուրդը, եթե ուզում ենք հայ մնանք, չի մարսի, խոշոր պետություններն ինչո՞ւ են հատկապես Իրանի վրա այդպես գրգռված, որովհետև ֆունդամենտալ ազգային երկիր է:

Մարդու իրավունքների անվան տակ՝ ԼԳԲՏ-ն է հանդես գալիս, քարոզվում է նրանց ազատությունը, և այլն: Մենք ավանդապաշտ երկիր ենք, ընտանիք սիրող երկիր ենք, ընտանիքաստեղծ երկիր ենք, ընտանիքը որքան ամուր է, այնքան պետությունն է ամուր:

Ես բան չեմ ասում, որ Մել Դալուզյանին պաշտպանում են, և այլն, իր իրավունքն է, մենք ոչինչ չենք ասում, կարող է իր սեռն էլ փոխի, կյանքն էլ փոխի, ո՞վ է նրան կպչում, որ Նիկոլ Փաշինյանն իր պաշտպանության տակ է առնում, մենք ուրիշ բանին ենք դեմ. մենք այդ ամենը քարոզելու դեմ ենք:

– Պարո՛ն Ջավախյան, սա Ձեր երազա՞ծ Հայաստանն է:

– Ո՛չ, Իմ երազած Հայաստանը պիտի գա ու, Չարենցի խոսքերով ասած՝ մտնի «համաշխարհային Սովնարկոմ»:

Հայաստանը դեռ «չոչեչոչ» է առաջ գնում. Ես ուզում եմ հավատալ, որ կգա ժամանակը՝ Հայաստանը յոթմղոնանոց քայլերով առաջ կգնա, և դա իսկապես կլինի մեր քայլը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով