Աստծունը Աստծուն`կեսարինը՝ կեսարին

Նոյեմբերի 20-ին Միլանի Հայ Առաքելական Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր քաղաքական գործունեությունը համեմատել է Հիսուս Քրիստոսի գործողության հետ, ասելով՝ «մենք քարոզում ենք սեր, եկեղեցում ենք մենք գտնվում, ես ինքս, ինչպես մեր տեր Հիսուս Քրիստոսն էր սեր քարոզում, բայց երբ որ եկավ ժամանակը, նա մտավ տաճարի տարածք և շուռ տվեց սեղաններն՝ ասելով, որ այս սրբության տաճարը դուք դարձրել եք առևտրի և դալալության միջավայր»:
Հիրավի Նիկոլ Փաշինյանը ճիշտ մեջբերում է անում Աստվածաշնչից, սակայն իր ոչ բավարար գիտելիքների՝ անգիտության պատճառով, կամ էլ դիտավորությամբ, չի՜ ասում, թե ովքեր էին այդ անձինք, որ պղծում էին տաճարը: Այդ անձինք օրենքի ուժով այդտեղ աշխատող անձինք էին, նրանք լումայափոխներ էին՝ փողի փոխանակում իրականացնողներ և զոհաբերության համար կենդանի վաճառող առևտրականներ, որոնք օրինական հարկատուներ էին, հարկ էին մուծում պետությանը, իսկ պետությունը և օրենքը՝ նրանց պաշտպանում էր: Եվ այդպես է նաև Հայաստանում: Նիկոլ Փաշինյանը հաշվի չի առնում նաև այն, որ Հիսուս Քրիստոսը, որ շուռ տվեց առևտրականների սեղանները, եկեղեցում տեղադրված տրիբունայի մոտ քաղաքական պոպուլիստի՝ իր ելույթները ևս հաստատ թույլ չեր տա: Հայաստանում այսօր ևս պետությունը չի՛ պաշտպանում եկեղեցուն, այլ առաջնորդվում է իր օրենքներով և իրավուքներով ու պաշտպանում է նույն այդ հարկատուներին, նույն դրամափոխներին՝ բանկերին, առևտրականներին և ո՛չ թե Հայաստանի ազգային և հոգևոր արժեքները:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ներկա իշխանավորների ջանքերով է այսօր Հայաստանում ետ մղվում ազգային և հոգևոր արժեհամակարգը, և առաջ են բերվում Եվրոպական գլոբալիստական արժեքները, շուկայական հարաբերությունները, սպառողական արժեհամակարգը: Նիկոլ Փաշինյանն իրեն ոչ թե տաճարի սեղանները շուռ տվող Հիսուսի հետ պիտի համեմատեր, այլ հենց այդ օրենսգետների՝ փարիսեցիների, պետության օրենքի ծառաների և լումայափոխների, որ իրենք իրենց անձը օրենքով տաճար են մտցրել: Նիկոլ Փաշինյանը մոռանում է նաև, որ ըստ նույն Հիսուս Քրիստոսի պատմած առակի՝ եկեղեցու ներսում իրեն գովերգողը փարիսեցին է, որն Աստծո կողմից հավանության արժան չէ: Միևնույն ժամանակ Նիկոլ Փաշինյանը խոսել է արդարադատությունից. «արդարադատության ձեռքը հասնելու է նրանց. չգիտեմ՝ Վատիկանների ո՞ր պադվալներում են պախկված, վզներից բռնելու ենք, հանենք, տանենք, կանգնեցնենք դատարանները»:
Սակայն մի՞ թե այդ նույն Նիկոլ Փաշինյանը չգիտի, որ Հիսուս Քրիստոսին էլ այդ արդարադատությունը, օրենքը և դատարանը հանձնեցին ժողովրդի դատաստանին և արժանացրեցին մտրակի հարվածների, պատճառեցին վերգեր և փշե պսակ հագցրին: Իրեն Հիսուսի հետ համեմատող վարչապետը այդ փաստերը հաշվի չի՞ առնում արդարադատության համակարգի մասին խոսելիս: Միևնույն ժամանակ Նիկոլ Փաշինյանը խոսել է իր հրաժարականը ներկայացնելու մասին և ասել. «Ես հրաժարականի մասին մտածելու կարիք չունեմ այնքան ժամանակ, քանի ունեմ ՀՀ ժողովրդի վստահությունը»: Այս խոսքերն ասող Նիկոլ Փաշինյանն արդյոք գիտի, թե ի՞նչու խաչեցին Հիսուսին: Հիսուսին խաչեցին հանրաքվեով, ժողովրդի ձայներով, երբ փարիսեցիները դրամներ ցփնեցին այդ ժողովրդի առաջ, ժողովուրդը «խաչե՜լ» գոռաց Հիսուսին և նրա փոխարեն բանտից արձակել տվեց կրկնահանցագործ ավազակ Բարաբային:
Իրեն Հիսուսի հետ համեմատող Նիկոլ Փաշինյանն արդյոք սա չի՞ կարդացել և չի՞ հասկացել արդյոք, որ անգամ ժողովրդի արդար «հանրաքվեն» և «ձայների մեծամասնությունը» կարող է սխալ դուրս գալ և անարդարացի: Աստվածաշունչ կարդացած Նիկոլ Փաշինյանը չի՞ հասկացել, որ ժողովրդի վստահությունը «հանրաքվեով» ստացածը ևս կարող է լինել չարիք:

Հայկ Կիսեբլյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով