Փաշինյանը մերժում է 1991թ Արցախի հանրաքվեն

«Զրույց քաղաքացու հետ» սրտաճմլիկ անվանում ստացած ֆեյսբուքյան ուղիղ  եթերի ժամանակ Նիկոլ Փաշինյանը մի շարք անհեթեթությունների հետ մեկտեղ անդրադարձել է նաև Արցախի Հանրապետությանը վերաբերող մի շատ կարևոր թեմայի: Բառացիորեն նա ասել է հետևյալը. «Որոշումները պետք է կայացվեն համազգային եղանակով, ընդհուպ կարելի է հանրաքվե անցկացնել…»:

Անկեղծ ասած, ես երբեք առանձնապես հարգանք չեմ տածել Նիկոլ Փաշինյանի հանդեպ՝ թե լրագրող/գլխավոր խմբագիր և թե պատգամավոր/վարչապետ եղած ժամանակ, սակայն միշտ հարգանքով եմ վերաբերվել այն անանուն փորձագետների խմբին, որոնք նախագծել են այս «թավշյա» կոչված հեղաշրջումը: Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանին իշխանության բերելու համար աշխատել են բարձրակարգ մասնագետներ, որոնք գրել են մանրակրկիտ սցենար, որը և իրականացրել է Նիկոլ Փաշինյանը: Այդ փորձագետներին՝ respect:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչո՞ւ եմ սրան անդրադառնում: Որովհետև մինչ օրս մեր հայրենիքի համար կարևորագույն հիմնահարցերին անդրադառնալիս ոչ մի պատահական բան չի ասվել: Եվ հիմա՝ հանրաքվեի ահա այս գաղափարը: Նախքան առաջ անցնելը եկեք կատարենք մի փոքր պատմական էքսկուրս: Վստահ եմ, որ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձնավորության խորհրդականներն իրեն տեղեկացրել են, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը արդեն մեկ անգամ անց է կացրել անկախության հանրաքվե 1991 թվականի դեկտեմբերի 10-ին: Արցախն իր անկախությունը հռչակել է դե յուրե գոյություն ունեցող Խորհրդային Միության օրենսդրության տառին ու ոգուն համապատասխան՝ չխախտելով որևէ օրենք և ընթացակարգ:

Ինչպես գիտենք, նույնիսկ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԽՍՀՄ-ը այլևս գոյություն չունի, հանրաքվեի արդյունքներն այնուամենայնիվ իրավական ուժ ունեն՝ չնայած այն բանին, որ պաշտոնական Ադրբեջանը բազմիցս տարբեր առիթներով փորձել է այդ հանգամանքը օգտագործել անկախության հանրաքվեի արդյունքներրը չեղարկելու իր ապարդյուն փորձերի համար: Պաշտոնական Ադրբեջանը նույնիսկ օգնության է կանչել եվրոպական մի շարք գործիչներին, օրինակ Յոհանես Ռաուին, որը պաշտոնավարել է 1999 թ. հուլիսի 1-ից մինչև 2004 թվականի հունիսի 30-ը որպես Գերմանիայի ֆեդերատիվ հանրապետության ֆեդերատիվ նախագահ: Վերջինը նույնիսկ գիր է հրապարակել (J. Rau Der Berg-Karabach-Konflikt zwischen Armenien und Aserbaidschan. Ein kurzer Blick in die Geschichte. — Berlin: Verlag Dr. Köster, 2008. — С. 39-40. — ISBN ISBN 978-3-89574-629-1), որի մեջ մասնավորապես գրված է, որ դեկտեմբերի 10-ին հայերը քվեարկեցին Լեռնային Ղարաբաղի անկախության օգտին:

Տվյալ հանրաքվեն համարվում է հակաօրինական, քանի որ նրանում չէր կարող մասնակցել ադրբեջանական բնակչությունը: Ինչ խոսք, ադրբեջանական քարոզչամեքենան լավ է աշխատում: Ավելին, նոր Հայաստանի իշխանություններն իրենց կողմից ջուր են լցնում այդ քարոզչամեքենայի ջրաղացին: Ինչպե՞ս: Այստեղ ուշադիր. 2019 օգոստոսի 5-ին Ստեփանակերտում Նիկոլ Փաշինյանը արտաբերում է սակրամենտալ «Արցախը Հայաստան է և վերջ» արտահայտությոնը: Դրանից հետո զանազան իշխանական և մերձիշխանական օղակներում այդ արտահայտությունը մեծ տարածում է գտնում, և զարգանում է «Արցախը Հայաստանի մարզ է» գաղափարը, որը մեծ հրճվանքով է ընդունվում Ադրբեջանում, քանի որ այն նոր հնարավորություններ է ստեղծում քարոզչամեքենայի համար: Այսպիսով նախապատրաստվեց պարարտ հող «Զրույց քաղաքացու հետ» ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հնչեցված նոր հանրաքվեի գաղափարի համար:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Արցախը Հայաստանի մարզ է, ուրեմն հանրաքվեն պիտի լինի համահայկական: Ինչո՞ւ: Որովհետև միայն Արցախում հնարավոր չէ «ստանալ»  հանրաքվեի ցանկալի արդյունքներ, իսկ եթե մասնակցի ողջ Հայաստանի բնակչությունը, որը, ինչպես որ արդեն համոզվել ենք անցած տարի, հեշտությամբ տրվում է մանիպուլյացիայի, ապա միգուցե գործը կարողանան գլուխ բերել:

Միգուցե՞ սա է Փաշինյանի հաշվարկը: Իրեն հատուկ ցինիկ ոճի մեջ մերժելով 1991 թվականի անկախության հանրաքվեն՝ նա ցանկանում է չեղարկել դրանից հետո և դրա արդյունքների վրա հիմնված բանակցային գործընթացի բոլոր ձեռքբերումները ու սկսել զրոյից:

Այստեղ պիտի հիասթափեցնեմ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձնավորությանը: Թեև ձեզ թվում է, որ հալած յուղի պես կկարողանաք այս անբարոյական լուծումը փաթաթել Արցախի ժողովրդի վզին, սակայն նոր հանրաքվե չի լինելու: Դրա ոչ կարիքը կա, ոչ էլ դա տեղավորվում է նորմալ բանականության շրջանակներում: Ի գիտություն ձեզ, պարոն Փաշինյան, հասարակագիտության մեջ կա այսպիսի մի մոտեցում պլեբեսցիտների նկատմամբ՝ նույն հարցադրմամբ հանրաքվե ողջամիտ է անցկացնել միայն այն դեպքում, եթե առկա է հասարակության կառուցվածքի զգալի փոփոխություն, այլապես այդպիսի հանրաքվեի արդյունքները կրկնելու են նախորդի արդյունքները:

Մի՞թե Դուք, պարոն Փաշինյան, այն կարծիքին եք, որ Արցախի հասարակության կառուցվածքում առկա են այնպիսի փոփոխություններ, որ ձեր նախաձեռնած նոր հանրաքվեն կունենա այլ արդյունքներ և Արցախի ժողովուրդը կգերադասի վերադառնալ Ադրբեջանի կազմ:

Նույնսիկ համահայկական հանրաքվե անցկացնելու դեպքում Դուք և Ձեր փորձագետները պիտի հաշվի առնեք մի հանգամանք՝ անկախ նրանից, թե որքան ջանասիրաբար և հետևողականորեն Դուք փորձում եք հեղինակազրկել մեր ռազմական հերոսներին, որպեսզի իրենք չկարողանան խանգարել ձեր հրեշավոր ծրագիրը իրականացնել, Ձեզ չի հաջողվի հեղինակազրկել Արցախյան ազատամարտը և արժեզրկել այն կորուստները, որ հայ ժողովուրդը ունեցավ այդ գոյամարտի ընթացքում:

Այս հարցում մեզ պառակտել չի հաջողվի նույնիսկ ձեր ողջ քարոզչամեքենան գործի դնելով հանդերձ: Այնպես որ հույսներդ կտրեք, Արցախը չի հանձնվելու անկախ նրանից, թե Դուք քանի անգամ կփորձեք ինքներդ Ձեզ խաբեք՝ ասելով, թե Արցախը Հայաստանի մարզ է: Եզրափակելով, հիշատակեմ հրաշալի խոսքեր, որոնք վերագրվում են Ալբերտ Էյնշտեյնին. «Նույն գործողությունը շարունակաբար կրկնելն այլ արդյունք ստանալու ակնկալիքով  խելագարության նշան է»:

Նատալյա Սաղիյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով