Սերժ Սարգսյանի հանդիպումը ԱՄՆ դեսպանի հետ՝ որոտ պարզ երկնքում

Загрузка...

Նոյեմբերի 5-ին Հայաստանի Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել ՀՀԿ նախագահ, ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի և Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հանդիպումը` վերջինիս նախաձեռնությամբ: Հանդիպմանը մասնակցել են ՀՀԿ ԳՄ և ԱՄՆ դեսպանության ներկայացուցիչներ:

Նախքան հանդիպման ժամանակ քննարկված հարցերին անցնելը, փորձենք հասկանալ այս իրադարձության ողջ կարևորությունը: Հաշվի առնելով այն ոգևորությունը և խանդավառությունը, որն արտահայտում էր ԱՄՆ դեսպանատունը և կից կազմակերպությունները 2018 գարնանը տեղի ունեցած իշխանափոխության վերաբերյալ, այս հանդիպման նախաձեռնությունն առնվազն խիստ անհանգստացնող պիտի լինի նոր Հայաստանի թավշյա իշխանության համար:

Վստահաբար այսօր կլինեն արձգանքներ, միգուցե նույնիսկ հենց Նիկոլ Փաշինյանի կողմից փորձ կարվի այս հանդիպումը ներկայացնել որպես թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում հաստատված աննախադեպ ժողովրդավարության ձեռքբերում, բայց… Այլևս այդ աննախադեպ հեքիաթահյուսությանը հավատացողներ չկան: Կլինեն նաև այնպիսիք, ովքեր կսկսեն հոխորտալ, թե սա նախկինների կողմից կազմակերպված հերթական դավադրության փորձ է և հու-հու-դմփ թավիշածին զանգվածը հրճվանքով կտարածեն այդ անհեթեթ հայտարարությունները:

Պարոնայք, ձեր բոլոր քայլերը կանխատեսելի են:

Իսկ երեկ կայացած այս հանդիպումը, ի տարբերություն ձեր մանկամիտ գործողությունների՝ ոչ: Ոչ ոք չէր կարող նույնիսկ մտածել, որ այսպիսի հանդիպում տեղի կունենա, այն էլ ԱՄՆ դեսպանի նախաձեռնությամբ: Հանդիպման փաստը ինքն իրենով արդեն լուրջ ազդակ է, սակայն հանդիպման բովանդակությունն ուղղակի ռումբ է, որը երեկ դրվեց տաքուկ տեղավորված Հայաստանի նոր իշխանության տակ:

Հատկանշական է, որ դեսպանը արժևորեց ԱՄՆ դեսպանատան երկարամյա հարաբերությունները Հայաստանի քաղաքական կուսակցությունների, այդ թվում՝ ՀՀԿ-ի հետ։ Այսպիսով դեսպանը արժեզրկեց մերձիշխանական օղակների կողմից շրջանառվող այն կեղծ գաղափարը, թե ՀՀԿ-ն քաղաքական դիակ է և ապագա չունի մեծ քաղաքականության մեջ: Այնուհետև դեսպան Թրեյսին հետաքրքրվել է Հանրապետական կուսակցության առաջիկա ծրագրերով ու գործունեության ուղղություններով և հավաստիացրել, որ այսուհետ նման հանդիպումներ պարբերաբար կնախաձեռնվեն:

Այս պահից Հայաստանի նոր իշխանության ներկայացուցիչները պիտի սկսեն անընդհատ տագնապի զգացողություն ունենալ: Մեկ տարուց ավել է, ինչ նրանք հաստատել են քաղաքական մենաշնորհ և չեն հանդուրժում որևէ այլ քաղաքական ուժի ներկայությունը դաշտում, իսկ ընդդիմությանը հատկացրել են զուտ ֆորմալ դեր: Եվ ահա, պարզ երկնքում որոտ պայթեց: Կասկած չի կարող լինել, որ այս հանդիպումը հետապնդում էր հստակ նպատակ՝ հասկացնել Հայաստանի իշխանություններին, որ Սերժ Սարգսյանը և իր ղեկավարած ՀՀԿ-ն ունի իր ուրույն լուրջ դերակատարումը Հայաստանի քաղաքական դաշտում: Հատկապես այս ժամանակաշրջանում, երբ առկա է ընդդիմադիր ուժերի մեկ առաջնորդի շուրջ միավորվելու հրամայականը:

Այն մասին, որ հանդիպումը զուտ ձևական բնույթի չէր, խոսում է նաև այն հանգամանքը, որ դեսպանին հետաքրքրել է Սերժ Սարգսյանի դիրքորոշումը Հայաստանի ներքաղաքական իրավիճակի, տնտեսության և անվտանգության խնդիրների, ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ներկա վիճակի վերաբերյալ, առկա մտահոգություններն, ինչպես նաև ՀՀԿ դիրքորոշումները մարտահրավերների և հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման հեռանկարի առումով: Փորձենք հասկանալ, թե ինչը կարող էր պատճառ հանդիսանալ ԱՄՆ դեսպանի այս նախաձեռնության համար: Քաղաքական դաշտի կայունությունը մեծապես կախված է իշխանական ուժի կողմից իրականացվող կանխատեսելի զարգացումների օրակարգի առկայությունից:

Այսօր Հայաստանում այդպիսին բացակայում է: Բացասական գնահատականների են արժանանում նաև անթաքույց լկտի հարձակումները դատաիրավական համակարգի վրա՝ այլևս ոչ ոք չի հավատում, որ դատավորների նկատմամբ ճնշումներ չկան իշխանության կողմից: Հաշվի առնելով, թե ինչպիսինն է ԱՄՆ դատական համակարգի անկախության մակարդակը, հասկանալի է, որ այս իրավիճակը խիստ մտահոգիչ է ԱՄՆ դեսպանության համար: Վերջին շրջանում տեղի ունեցած և մեծ հնչեղություն ստացած հախուռն ձերբակալություններն ու հետապնդումները նույնպես խիստ անհանգստացնող են միջազգային հանրության համար, այդ թվում՝ ԱՄՆ-ի համար:

Այլևս ակնհայտ է, որ նոր Հայաստանի իշխանական մեծամասնությունը վերջնականապես շեղվել է ժողովրդավարության ուղուց և բռնել բռնապետության ճանապարհը: Հասարակության պառակտվածությունը, որը հանդիսանում է իշխանական քարոզչամեքենայի աշխատանքի արդյունք, նույնպես հնարավոր չէ թաքցնել: Այս ամենը բացառում է ներքին կայունության հասնելու որևէ  հնարավորությունն, իսկ ժամանակակից աշխարհում ոչ ոք չի ցանկանում համագործակցել ներքին կայունություն ապահովել անկարող իշխանություն ունեցող պետության հետ: Ամբոխահաճո վարքագիծը չի կարող փոխարինել իրական ժողովրդավարությանը՝ այս պարզունակ ճշմարտությունն ԱՄՆ-ում թերևս հասկանում են ավելի լավ, քան աշխարհի որևէ այլ երկրում:

«Հայաստանի իրական ժողովրդավարացումն այլընտրանք չունի»` Սերժ Սարգսյանի համար սրանք պարզապես խոսքեր չեն, սա գործելաոճ է, դիրքորոշում, որի վրա հիմնվել է Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականությունը 10 տարիների ընթացքում և որից այսօր անդառնալիորեն շեղվել ենք: «Մեր կուսակցության համար շարունակելու են գերակա մնալ Հայաստանի և Արցախի անվտանգության, տարածաշրջանում կայունության և խաղաղության հարցերը»: Վստահաբար սա այն է, ինչ ուզում էր լսել դեսպան Թրեյսին:

Այսպիսի երաշխիքներ են ընկած հարատև համագործակցության և զարգացման հիմքում, այլ ոչ թե «ասֆալտին ենք փռելու», «ոչ ոք չի պլստալու», «հանգիստ նստեք տեղներդ» ոճի անհավասարակշռված հայտարարությունները:

Նատալյա Սաղիյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...