Պարոն Փաշինյան, այլևս ժամն է այս խայտառակությանը վերջ տալու

Էդիկ Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է

Պարոն Փաշինյան, այլևս ժամն է այս խայտառակությանը վերջ տալու

Արայիկ Հարությունյանի հրաժարականով, հասկանալի է, մեր երկրի պրոբլեմները չեն լուծվելու: Այս տեսանկյունից Արայիկ Հարությունյանը բախտորոշ դերակատարություն չունի: Փոխարենը Արայիկ Հարությունյանի հրաժարականը օդի ու ջրի պես է անհրաժեշտ ՀՀ կառավարությանը՝ իր ձախողումների թիվը մեկով պակասեցնելու համար:

Փաշինյանը ձախողելու տեղ այլևս չունի: Վերջինը կրթության, գիտության և մշակույթի բնագավառն էր, դա էլ ձախողում է Արայիկ Հարությունյանը՝ օրեցօր ավելի առարկայկան դարձնելով ողջ կառավարության հրաժարականի պահանջը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մենք հասկանում ենք Փաշինյանի տագնապը, որ Արայիկ Հարությունյանի հրաժարականից հետո ընդդիմության ախորժակը կբացվի և կսկսեն պահանջել այլ նախարարների հրաժարականներ ևս: Ես ոչինչ չեմ բացառում, իհարկե, բայց և համոզված եմ, որ ձախողված պաշտոնյաներից հրաժարվելը ոչ թե թուլացնում, այլ ավելի է ամրապնդում կառավարությանն ու վարչապետին: Ի վերջո՝ ապիկար նախարարի հեռացումը առաջին հերթին հրաշալի դաս է հենց մնացած նախարարների համար: Ո՞վ չի հիշում հայտնի հեքիաթը գայլի դուրս թռած աչքերի մասին: Արայիկ Հարությունյանի հրաժարականն, օրինակ, լավ դաս կլինի աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարի համար:

Արտառոց է նաև Փաշինյանի այն հիստերիկ հայտարարությունը, որ 10 հազար մարդ էլ պահանջի իր տգետ նախարարի հրաժարականն՝ իր համար մեկ ցենտի նշանակություն էլ չի ունենա: Նախ տգեղ է, որ վարչապետն իր ժողովրդին չափում է արտարժույթով, և ապա՝ կրթության և գիտության նախարարի պիտանելիության առաջին ցուցիչը ոչ թե փողոցում կանգնող ամբոխն է, այլ խաթարված դասապրոցեսը, շարունակական դասադուլները, կրթոջախներում տիրող մթնոլորտը: Փաշինյանը սխալմամբ կարծում է, թե Պողոսների հետ գործ ունի: Եթե նրան թվում է, թե տարիքներն առած դոկտոր-պրոֆեսորները պետք է փողոցում կանգնեն, Արայիկի նշանակած ռեկտորները կամ ամբիոնի վարիչներն ու դեկանները, ապա նա չարաչար սխալվում է: Ոչ էլ պետք է որ ուսանողը ֆիզիկապես միանա ՀՅԴ երիտասարդների նստացույցին և դդումներ առաքի Արայիկին: Կարևորը, կրկնում եմ, խաթարված դասապրոցեսն է, որ ինքնին ենթադրում է խաթարված կրթություն ու խաթարված գիտություն: Կարիք չկա, որ մշակույթի գործիչները կամ մարզիկները բազմահազարանոց երթ անեն Արայիկի դեմ: Բավական է նաև այն, որ այսօր մշակույթի և ոչ մի գործիչ, մարզաշխարհի և ոչ մի ներկայացուցիչ չի պաշտպանում Արայիկ Հարությունյանին և փոխարենը հայտարարում են նստացույցի մասնակիցներին սատարելու մասին: Այս մեսիջներով պետք է առաջնորդվի վարչապետը, ինչպես նաև Արայիկ Հարությունյանը, եթե իհարկե ունի այդքան խելք:

Հ.Գ. Այսօր նստացույցի վայրում առիթ ունեցա ներկա գտնվելու մի հրաշալի կարգախոսի ծննդյան՝ «Լեզուն է մեր պետության սահմանը», իսկ քիչ անց լիաթոք ծիծաղեցի հռետորների մեկի ելույթի ժամանակ, երբ նա հայտարարեց. «Մենք վստահ ենք, որ եթե Արայիկ Հարությունյանին հարցնեն, թե ֆուտբոլ քանի հոգով են խաղում, չի կարող ասել»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պարոն Փաշինյան, այլևս ժամն է այս խայտառակությանը վերջ տալու:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով