Նիկոլ Փաշինյանի համար օրենք են փոխում

Загрузка...

Նոյեմբերի 2-ին ֆեյսբուքյան հերթական ուղիղ եթերում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցուցադրեց կառավարական այն առանձնատունը, որտեղ վերջերս է տեղափոխվել ընտանիքի հետ: Նա նաեւ ասաց, որ այդ առանձնատանը նախկինում բնակվել է պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանը են ինքն այդ առանձնատունն անվանում է հանրապետության թիվ մեկ առանձնատուն: Ուղիղ եթերն էլ այդպես էր վերնագրված`«Պատմություն հանրապետության թիվ մեկ առանձնատան մասին»: Նիկոլ Փաշինյանը նաեւ ասաց, որ առանձնատան վերանորոգման վրա ծախսվել է մոտ 95 000 000 դրամ: Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, որ կառավարությունը պետական բյուջեից, շուրջ երկու միլիոն դոլար է հատկացրել առանձնատան վերանորոգման համար, իսկ լրատվամիջոցներից մեկի հարցմանն ի պատասխան, կառավարության լրատվական ծառայությունից ասել էին, որ ծախսված գումարի չափն ասել չեն կարող, քանի որ հարցումը պարունակում է պետական գաղտնիք:

2018-ի մարտի 29-ին կառավարությունը որոշեց ՀՀ նախագահի աշխատակազմի ենթակայության «Կոնդի առանձնատների տնտեսություն» պետական ոչ առևտրային կազմակերպության հաշվեկշռում ամրացված՝ 6-րդ մասնաշենքի մեջ մտնող շենքը և շինությունները՝ սպասարկման տարածքով՝ (1.5365 հա) հետ վերցնել և սեփականության իրավունքով անհատույց տրամադրել ՀՀ պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանին՝ որպես բնակարան: Այս որոշումն այն ժամանակ մեծ աղմուկ բարձրացրեց: Այն պարզաբանվեց այսպես`պետության համար ավելի նպատակահարմար է`ծախսի առումով, կառավարական այդ մասնաշենքը տրամադրել պաշտոնաթող նախագահին, քան նոր տուն կառուցել-վերակառուցել եւ կահավորել: Ինչեւէ, իրադարձությունների զարգացումը բերեց նրան, որ վարչապետ ընտրվելուց երկու օր անց, Սերժ Սարգսյանը հրաժարվեց կառավարության որոշմամբ իրեն հատկացված առանձնատան սեփականության իրավունքից`պատճառաբանելով, որ դրա ժամանակը չէ: Այդ օրերին Հայաստանի փողոցներում բողոքի ցույցեր էին ընթանում: Ավելի ուշ, ՀՀ նորընտիր կառավարությունն իր առաջին նիստում չեղյալ համարեց նախորդ կառավարության որոշումը: Սերժ Սարգսյանի տան հարցը դեռեւս լուծված չէ: Նա շարունակում է բնակվել Ձորաղբյուր գյուղում:

Աղբյուր`aravot.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...