Ընդդիմության կոնսոլիդացման առավելություններն ու թերությունները

Загрузка...

Արդեն մի քանի օր է, ինչ համացանցում հնչում են արտախորհրդարանական ընդդիմության միավորման կոչեր: Մասնավորապես իրատես.am-ն այսօր հրապարակել է «Ռեֆորմիստներ» կուսակցության առաջնորդ Վահան Բաբայանի կոչը՝ միավորվել ռեֆորմիստների կուսակցության շուրջ: Այդ կոչերը առաջացրել են նաև հակառակ կարծիքի ալիք՝ միավորվել պետք չէ, ավելի ճիշտ է պայքարել առանձին տարրերով: Անկասկած, երկու կարծիքներն էլ իրավունք ունեն գոյություն ունենալու, սակայն եկեք փորձենք հասկանալ այս երկու տրամագծորեն հակառակ դիրքորոշումների առավելություններն ու թերությունները: Կոնսոլիդացված ճակատով հանդես գալը ունի մի քանի լուրջ առավելություն:

Միավորված ուժերը ունեն ավելի մեծ ռեսուրսներ և կարողանում են ավելի տևական և համակարգված պայքար մղել: Կենտրոնացված համակարգման շնորհիվ հնարավոր է լինում մշակել միասնական օրակարգ, վերահսկել դրա իրականացումը և գնահատել ստացված արդյունքները: Միասնական քաղաքական ճակատը կարող է լինել շատ արդյունավետ բարենպաստ պայմանների առկայության դեպքում: Սակայն կոնսոլիդացիան ինքնին բարդ գործընթաց է, որը ենթադրում է, որ բոլոր մասնակցող կողմերը որոշակի զիջումների պետք է գնան: Հենց այստեղ են առաջանում արմատական տարաձայնությունները, որոնք հետզհետե խոչընդոտում են միավորմանը: Միավորված ճակատով հանդես գալը ենթադրում է նաև հստակ և կոշտ կառավարման հիերարխիա, ինչը նույնպես ժամանակի ընթացքում առաջացնում է դժգոհություն: Կոնսոլիդացված, մեկ կենտրոնից ղեկավարվող քաղաքական ճակատը կարելի է հեշտությամբ պարալիզացնել՝ թիրախավորելով կառավարման կենտրոնը:

Եվ ի վերջո կոնսոլիդացված միասնական ընդդիմությունն ունենալով բավականին բարդ երթակառուցվածքների համակարգ՝ դժվարությամբ է կարողանում արագ արձագանքել քաղաքական դաշտում ակնթարթային արագությամբ տեղի ունեցող փոփոխություններին և արդյունքում լճանում է: Ի հակառակ կոնսոլիդացված մոտեցմանը՝ ժամանակակից աշխարհում ակտուալ է նաև առանձին ուժերով հանդես գալու գաղափարը: Այն թույլ է տալիս արագ կողմնորոշվել և իրականացնել թիրախային գործողություններ: Դա նաև թույլ է տալիս առանձին ընդդիմադիր միավորներին պահպանել իրենց ինքնությունը և առաջ տանել սեփական գաղափարները: Այսպիսի պայքարը նույնպես կարող է շատ արդյունավետ լինել, սակայն այստեղ դարձյալ առկա են լուրջ թերություններ: Յուրաքանչյուր ընդդիմադիր քաղաքական միավոր այս դեպքում ունենում է սեփական օրակարգը, որը կարող է անհամատեղելի լինել այլ միավորների օրակարգերի հետ:

Արդյունքում, հաջողության հասնելու դեպքում ընդդիմադիր ուժերը կանգնելու են լրջագույն տարաձայնությունների առջև, որոնք թերևս կարող են անհաղթահարելի լինել՝ այդպիսով արժեզրկելով կատարված ողջ աշխատանքը: Այսպիսով մեր հասարակության ընդդիմադիր ուժերը պետք է պատասխանեն մեկ կարևորագույն հարցին՝ պայքարի ո՞ր միջոցն է այսօր ավելի հեռանկարային Հայաստանի համար: Այսօր Հայաստանը թևակոխել է այնպիսի մի պատմական փուլ, որի ընթացքում կանխորոշվում է մեր հայրենիքի ապագան: Ի հայտ են գալիս նոր ուժեր, որոնք ոչ մի բանով չեն զիջում ավանդական գործիչներին: Որպես նոր սերնդի առաջնորդների հավանական հավակնորդներ կարելի է դիտարկել հետևյալ գործիչներին՝ Վահան Բաբայան, Արթուր Վանեցյան, Արթուր Դանիելյան, Ավետիք Չալաբյան, Խաչիկ Ասրյան և քաղաքական դաշտում ակտիվ գործող մի շարք այլ անձանց:

Ժամանակը ցույց կտա, թե ինչպիսի զարգացումներ կլինեն:

Նատալյա Սաղիյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...