Երգ անդաստիարակ Արայիկի մասին

Այսօր ՀՀ ԿԳՄՍ նախարարը հանդես է եկել մի հայտարարությամբ, որը աննախադեպ է իր նողկալիությամբ:

Նա ասել է հետևյալը. «Այն անդաստիարակ պահվածքը, որը դրսևորում է ՀՅԴ-ն, պատիվ չի բերում մեր ամենահին կուսակցություններից մեկին:» Սկսենք նրանից, որ տպավորություն է, որ ԿԳՄՍ նախարարը, որը ինչպես գիտենք, ռուսական դպրոց է ավարտել, լավ չի պատկերացնում «անդաստիարակ» բառի իմաստը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիշեցնենք, որ նոյեմբերի 6-ին ՀՅԴ ՀԵՄ-ը պահանջել է նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը, ինչը վերջին շաբաթների ընթացքում տեղի ունեցած զարգացումների ֆոնի վրա առնվազն օրինաչափ է:

Պարոն ԿԳՄՍ նախարարին  հիշեցնենք, որ նա հանդիսանում է այն քաղաքական ուժի ներկայացուցիչը, որը իրենց առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հետ առանց վարանելու կոտրել է ռադիոյի շենքի դուռը, ներխուժել է ԵՊՀ շենք, կատարել է բազմաթիվ այլ գործողություններ, որոնք թերևս ավելի են համապատասխանում «անդաստիարակ պահվածք» որակմանը:

Ավելին, Արայիկ Հարությունյանի թիմակիցները դրսևորել են ոչ թե պարզապես «անդաստիարակ», այլ սանձարձակ պահվածք անցած տարի գարնանը ՀՀԿ տարբեր գործիչների լուսանկարները սև շրջանակներով և ժապավեններով Երևանի փողոցներով ցուցադրաբար պտտացնելով, փողոցներում կենդանի մարդկանց մահացած ներկայացնող պաստառներ տեղադրելով և այլն: Սա դեռ միայն իր թիմակիցների մասին է խոսքը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիմա անդրադառնանք անձամբ պարոն ԿԳՄՍ նախարարին: «Տիկի՛ն, արդեն ձանձրացնում եք, չեք հասցրել, երեխային մի՛ տարեք դպրոց»՝ հենց այսպիսի պատասխան է տվել Արայիկ Հարությունյանը մի կնոջը, ով երեխային առաջին դասարան գրանցելու նոր էլէկտրոնային համակարգի թերի լինելու պատճառով հնարավորություն չի ունեցել ժամանակին գրանցվել իր տանը մոտիկ գտնվող դպրոցում և բազմիցս գրավոր դիմելուց և պատասխան չստանալուց հետո եկել է նախարարության շենքի մոտ իր հարցը անձամբ նախարարին տալու համար:

Նույն բռի ոճով նախարարը վիրավորել է Հայ Առաքելական եկեղեցու քահանային 2019 թվականի հունվարին Արարատի մարզի Այգեստան համայնք կատարած իր այցելության ժամանակ: Կոպիտ ձևով քահանային ասել է, թե դու այստեղ ինչ ես անում, և վկայակոչելով ինչ-որ օրենք՝ վերջինիս հետ ներքաշվել է տհաճ վիճաբանության մեջ:

Նախարարի նման անդաստիարակ պահվածքի օրինակներ, պարզվում է, կարելի է երկար թվարկել: Սակայն նա կարծես թե իր աչքի միջի գերանը չի տեսնում… Այն, որ նոր Հայաստանի իշխանական թևի ներկայացուցիչներն ունեն այդ խնդիրը՝ իրենք իրենց սխալներն ընդունել չեն սիրում, մենք չենք զարմանում:

Զարմանալին այլ բան է: Հրաժարականի պահանջին նա պատասխանել է, թե հրաժարական կտա, երբ իր լիազորությունները բավարար չկատարի… Այսինքն, պարոն նախարարը այն մտքին է, որ ինքն է իր աշխատանքի արդյունավետության գնահատականը տվողը: Մի՞թե կարելի է լինել իրականությունից այդքան կտրված, պարոն նախարար: Մի՞թե Դուք մոռացել եք, որ Ձեզ այս պաշտոնին նշանակել է վարչապետը, ում իր հերթին ընտրել է Ազգային ժողովը, որի պատգամավորներին ընտրել է ժողովուրդը, ինչը բառացիորեն նշանակում է, որ ձեզ աշխատանքի է վերցրել ժողովուրդը, որպեսզի դուք կատարեք որոշակի գործառույթներ և հենց ժողովուրդը պիտի գնահատի ձեր կողմից լիազորությունների կատարման բավարար կամ անբավարար լինելը:

Սա ի գիտություն ձեզ, պարոն սուպերնախարար:

Նատալյա Սաղիյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով