Արցախի հիմնահարց.Իրինա Դանիելյան 

Երբ նշում են «հայ-ադրբեջանական հակամարտություն», սովորաբար ավելի շուտ նկատի ունենք Արցախյան հակամարտությունը: Մինչդեռ վերջինս հայ-ադրբեջանական հակամարտության մի մասն է կազմում: Հայ-ադրբեջանական հակամարտությունն ունի ավելին քան 1 դարի պատմություն, այդ ընթացքում այն տարբեր կերպ է արտահայտվել: Առաջին հանրապետության տարիներին պատերազմական բնույթի էր, երկրորդ հանրապետության շրջանում խաղաղ բնույթ էր կրում, սակայն պահպանում էր իր լարված վիճակը, որն էլ ի վերջո երրորդ հանրապետության շրջանում հանգեցրեց պատերազմական գործողությունների, մինչև օրս վիճակը շարունակվում է մնալ ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն: Հաստատված է ընդամենը զինադադար:

Այս հիմնահարցը ուսումնասիրելիս կարևոր է նաև, թե ինչպես ենք անվանում հակամարտությունը «հայ-ադրբեջանական», թե «ղարաբաղա-ադրբեջանական»: Իսկ այս հարցի պարզաբանման համար պետք է նախ հստակեցնել, թե ինչ ասել է «ազգ»: Ազգ եզրույթի երկու հիմնական ընկալում կա՝ պրիմորդիալիզմի և կոնստրուկտիվիզմի դիրքերից: Պրիմորդիալիզմը ազգ եզրույթի մեջ շեշտում է էթնիկական տարրի առանցքային նշանակությունը, իսկ կոնստրուկտիվիզմը՝ պետական պատկանելությունը, օրինակ նույն ամերիկյան ազգ ասվածը կոնստրուկտիվիստական հայեցակարգ է: Ակնհայտ է, որ մեզ՝ հայերիս համար հենց պրիմորդիալիստական դիրքերից է բխում մեր ազգային ինքնագիտակցությունը: Սակայն որքանքով է տեղին շեշտել այդ հանգամանքը, երբ ՀՀ արտաքին քաղաքականության առանցքային կողմը Ղարաբաղյան հակամարտությունն է: Գիտնականներն ու դիվանագետները պետք է բավարար ուշիմ լինեն հասկանալու համար, որ արդեն իսկ հայ-ադրբեջանական եզրույթը պարտվողական է մեզ համար, որովհետև հայ-ադրբեջանական ասելիս՝ միջազգային հանրույթը հասկանում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև: Այսինքն այն բոլոր հայ մասնագետները, ովքեր գիտակցաբար կամ ոչ գիտակցված օգտագործում ես «հայ-ադրբեջանական հակամարտություն» եզրույթը, արդեն իսկ ջուր է լցնում ադրբեջանական քարոզչամեքենային: Ի վերջո հակամարտության մեջ ներգրավված են երեք հիմնական կողմեր՝ Հայաստանը, Արցախը և Ադրբեջանը: Եթե հակամարտությունը դիտարկվում է Արցախ-Ադրբեջան հարթության վրա, ապա միջազգային իրավունքի տեսանկյունից գերակա է «Ազգերի ինքնորոշման» սկզբունքը: Իսկ եթե Հայաստան-Ադրբեջան հարթությունն է, ապա «Տարածքային ամբողջականության» սկզբունքը: Դրա համար Ադրբեջանն ամեն կերպ փորձում է հարցը ներկայացնել, որպես Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտություն:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ղարաբաղյան հիմնահարցն աչքի է ընկնում նաև հակամարտությանը ներգրավված սուբյեկտների բազմազանությամբ, կարգավորման դինամիկայի վրա ազդող ներքին և արտաքին գործոնների բարդ համակցությամբ, տարածաշրջանում անընդհատ և արագ փոփոխվող աշխարհաքաղաքական վերադասավորումներով, որոնք, իրենց հերթին, որոշակիորեն ազդում են Ղարաբաղյան հակամարտության վրա՝ կարգավորման տեսանկյունից այն դարձնելով ավելի բարդ ու խճճված: Իմ կարծիքով, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարներն առավել ցայտուն կարելի է բացահայտել վերլուծության երկու չափանիշների՝ բանակցային գործընթացի հիմնական բաղադրատարրերի և կարգավորման ձևաչափի չափանիշների կիրառման օգնությամբ: Բնականաբար, բանակցային գործընթացի բաղադրատարրերը կարող են շատ բազմազան լինել, ընդգրկելով ինչպես բանակցային հիմնական կողմերի մոտեցումների ճշգրտման, այնպես էլ բանակցությունների նախապատրաստման, կազմակերպման և անմիջական վարման հիմնահարցերը: Մեր պարագայում, «բանակցային գործընթացի հիմնական բաղադրատարրեր» հասկացությունը կիրառվում է իմաստային նեղ առումով և ենթադրում է միայն մինչ այժմ ասպարեզում եղած բանակցային փաստաթղթերի ուսումնասիրության միջոցով կարգավորման առանցքային հիմնահարցերի ճշգրտում և դրանց փոփոխման էվոլյուցիայի բովանդակային (կոնտենտ) վերլուծություն:

Armenia First նախաձեռնության անդամ,
Ռիսկերի կառավարման խորհրդատու Իրինա Դանիելյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով