Արտաքին պարտքը՝ երբևէ եղած ամենաբարձր դիրքում․ 168․am

Загрузка...

168.am-ը գրում է․ «Մինչև վերջերս կառավարությունը բավական պասիվ էր արտաքին աղբյուրներից նոր վարկային միջոցների ներգրավման առումով։ Մի պահ նույնիսկ արտաքին պարտքի նվազում արձանագրվեց։ Իհարկե, դա Կենտրոնական բանկի պարտավորությունների կրճատման արդյունք էր, բայց այդ հանգամանքը չէր կարող վրիպել Նիկոլ Փաշինյանի աչքից՝ ևս մեկ անգամ խոսելու «թավշյա հեղափոխության» «աննախադեպ» հաջողությունների մասին։

«2019թ. Օգոստոսին, 2015-ից ի վեր առաջին անգամ, արձանագրվել է արտաքին պետական պարտքի նվազման միտում»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետը:

Այս գրառումից ընդամենը մեկ ամիս հետո Հայաստանի արտաքին պետական պարտքը միանգամից ավելացավ 121 մլն դոլարով։ Այն էլ՝ բացառապես կառավարության պարտավորությունների հաշվին։ Կառավարության արտաքին պարտքը ներկայումս գտնվում է երբևէ արձանագրված ամենաբարձր դիրքում։ Բայց այդ մասին, բնականաբար, վարչապետն այլևս գրառում չի անի։ Հատկապես որ, կառավարությունը չի պատրաստվում սահմանափակվել դրանով։ Մինչև տարեվերջ սպասվում են արտաքին պարտավորությունների նորանոր համալրումներ։

Արդեն անցած շաբաթ կառավարությունը համաձայնություն տվեց երկու նոր վարկային համաձայնագրերի, որոնց շրջանակներում նախատեսվում է մինչև տարեվերջ միջազգային ֆինանսական կազմակերպություններից ներգրավել ավելի քան 76,5 մլն եվրո վարկային միջոցներ։ Դոլարային արտահայտությամբ՝ շուրջ 85 մլն դոլար։ Գումարը կուղղվի պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորմանը։

Մասնավորապես՝ Ասիական զարգացման բանկից կներգրավվի ավելի քան 36,5 մլն եվրո։ Եվս 40 մլն եվրո կառավարությունը կվերցնի Վերականգնման վարկերի բանկից։ Դրանք կուղղվեն տարբեր ծրագրերի ֆինանսավորմանը, որոնք նախատեսված են այս տարվա պետական բյուջեով։ Մի դեպքում՝ կառավարությունը նպատակ ունի ամրապնդել, այսպես կոչված, հարկաբյուջետային կայունությունը, զարգացնել ֆինանսական և կապիտալի շուկաները, մյուս դեպքում՝ իրականացնել շրջակա միջավայրի պահպանության հետ կապված ինչ-որ միջոցառումներ։

Անկախ նրանից, թե ինչի համար կծախսվեն այդ գումարներ, մի բան հստակ է՝ նոր վարկային միջոցների ներգրավումը լրացուցիչ բեռ է պետության վրա։ Կառավարության պարտավորությունները, որոնք ամբողջությամբ սպասարկում է պետական բյուջեն, արդեն անցնում են 5 մլրդ դոլարից։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի վերջի դրությամբ կառավարության արտաքին պարտքը կազմեց 5 մլրդ 31 մլն դոլար, արտաքին և ներքին պարտավորությունները միասին հասան ավելի քան 6 մլրդ 539 մլն դոլարի։

Բայց դա դեռ վերջը չէ։ Առաջիկա երկու ամիսներին այն կշարունակի ավելանալ։ Մինչ տարվա վերջ կառավարությունը նախատեսում է պարտավորությունները հասցնել 6 մլրդ 940 մլն դոլարի։ Այսինքն՝ ավելացնել ևս 401 մլն դոլարով։

Եթե լինի այնպես, ինչպես նախատեսվում է, ապա  դժվար չէ պատկերացնել, թե ի՞նչ կմնա արտաքին պարտքի վերաբերյալ ոչ վաղ անցյալում վարչապետի կատարած գրառումից, որը, ըստ ամենայնի, պատահական չէր. այդ գրառումն անելուց Նիկոլ Փաշինյանը հավանաբար արդեն գիտեր, թե ինչ է սպասվում արտաքին պարտքին մինչև տարեվերջ, ու մինչ այդ փորձում էր հերթական անգամ մանիպուլյացնել հասարակությանը, այլապես հետո արդեն ուշ կլիներ։

Սպասվում է, որ տարեվերջին կառավարության պարտավորությունները (խոսքն ինչպես՝ արտաքին, այնպես էլ՝ ներքին պարտքի մասին է) ընդհուպ կմոտենան 7 մլրդ դոլարի սահմանին։ Ու դեռ չհաշված, որ ավելի քան 500 մլն դոլարի պարտք էլ ունի Կենտրոնական բանկը։

Իհարկե, դրանից հետո էլ կառավարությունը նպատակ չունի կանգ առնել։ Հաջորդ տարի ևս այն կշարունակի ակտիվորեն ավելացնել պետական պարտքը։

2020թ. պետական բյուջեով նախատեսվում է արտաքին աղբյուրներից ներգրավել շուրջ 420 մլն դոլար։ Գուցե՝ մի քիչ ավելի շատ, մի քիչ ավելի քիչ, էական չէ։ Էականն այն, որ խոսքը բավական լուրջ գումարի մասին է, որը պիտի համալրի երկրի արտաքին պետական պարտքը։

Ներգրավվող միջոցները կառավարությունը պատրաստվում է ծախսել երկու հիմնական ուղղություններով. միջոցների մի մասը կգնա նպատակային ծրագրերի իրականացմանը, մյուս մասը կուղղվի ենթավարկերի տրամադրմանը։ Նպատակային ծրագրերի իրականացմանը հատկացվող միջոցները կհասնեն շուրջ 335 մլն դոլարի։ Մնացած գումարները ենթավարկերի տեսքով կտրամադրվեն այն տնտեսվարողներին, որոնք կիրականացնեն պետական նշանակության ծրագրեր։

Ի՞նչ ծրագրերի մասին է խոսքը, հայտնի չէ։ Բայց այդ  նպատակին նախատեսվում է վարկային միջոցներից հատկացնել շուրջ 85-90 մլն դոլար։

Ակնհայտ է, որ ժամանակին ամենախիստ ձևով քննադատելով նախորդներին պարտքային ագրեսիվ քաղաքականություն իրականացնելու, նորանոր գումարներ ներգրավելու, երկիրը վարկերի տակ դնելու, սերունդներին մեծ պարտքեր թողնելու համար, այժմ Նիկոլ Փաշինյանը նույնն է անում։ Պարզվում է՝ հիմա արդեն վարկերի ներգրավումն ու պարտքերի կուտակումը չարիք չէ երկրի համար։ Հիմա արդեն Նիկոլ Փաշինյանը վստահում է կառավարությանը և համարում է, որ վարկերը կծառայեն իրենց նպատակին։

Կծառայե՞ն վարկերն իրենց նպատակին, թե՞ ոչ, ժամանակը ցույց կտա։ Այս պահին այդպես մտածելու հիմքեր չկան։ Կառավարության նախորդ շրջանի գործունեությունը նման հիմքեր չի տալիս։ Ավելին, վարչապետի խոսքի ու գործի մեջ մեծ անջրպետ է գոյացել ու շարունակում է գոյանալ։ Ժամանակին մարդկանց ոսկե սարեր խոստանալով՝ Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության, բայց այսօր արդեն մոռացել է այդ մարդկանց։ Կառավարության անդամների աշխատավարձը կարող է ավելացնել՝ 700-800 հազար, իսկ կենսաթոշակները՝ 3-4 հազար դրամով, կարող է միլիոններ ծախսել ծառայողական մեքենաների թարմացման, առանձնատան վերանորոգման, իր և պետական պաշտոնյաների անհասկանալի արտասահմանյան այցերի վրա, բայց փող չունի հասարակության աղքատ հատվածի սոցիալական վիճակը քիչ թե շատ բարելավելու համար։

Հիմա ինչպե՞ս վստահ լինել, որ նույնը չի կրկնվի նաև վարկերի դեպքում։ Խոստանալն ու չկատարելը միշտ էլ արդիական է եղել։ Արդիական է նաև այսօր»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...