Արման Բաբաջանյանի ֆիասկոն

Այսօր անձնական երաշխավորությամբ ազատ արձակվեց Արսեն Բաբայանը:

Հիշեցնենք, որ նա ձերբակալվել է ս.թ. հոկտեմբերի 21-ն, ինչի վերաբերյալ հրապարակվել էր հետևյալ հայտարարությունը.«ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով ձերբակալվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը: Նախաքննությունը շարունակվում է» : Հիշեցնենք նաև, որ Արսեն Բաբայանին ձերբակալել են ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի հաղորդման հիման վրա:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պետք է ասել, որ այս ձերբակալության հիմնավորումները շատ խճճված էին և սովորական մահկանացուի համար բավականին բարդ: Սակայն այնուամենայնիվ ակնհայտ էր, որ սա նույնպես յուրօրինակ պատվեր է, որի նպատակն է ամեն գնով հասնել Հրայր Թովմասյանի պաշտոնանկությանը: Հատկանշական է, որ այդ նպատակին հասնելու համար ընտրվել է այսպիսի բարդ և ոլորապտույտ ճանապարհ, ինչը նույնպես ունի իր հիմնավորումը: Իշխանությունը, հասկանալով, որ սպառված են բոլոր օրինական կամ գոնե կիսով չափ օրինական ճանապարհները, որոշեց խաղարկել այս գամբիտը:

Բայց հարգելի իշխանություններ, ախր այսպիսի բարդ բազմաքայլանի խաղերը հեչ ձեր խելքի բանը չէ: Գոյություն ունի Քրեական դատավարության օրենսգիրք, որտեղ ամեն ինչ գրված է սևով սպիտակի վրա: Արսեն Բաբայանը հրավիրվել էր Հատուկ քննչական ծառայություն և իր ոտքով եկել և ներկայացել էր: Այսքանով ամեն ինչ ասված է, այնպես որ ՛փախուստը կանխելու համար՛ անհեթեթ հիմնավորումները դատարկաբանություն են: Այստեղ նաև զարմանալի է զանազան մարդու իրավունքների հարցերով զբաղվող կազմակերպությունների քար լռությունը: Եթե այսպիսի բան տեղի ունենար անդադար ամեն ինչի համար մեղադրվող առեղծվածային ՛նախկինների՛ ժամանակ, պատկերացնու՞մ եք, ինչպիսի աղմուկ կբարձրանար: Սաքունցաբարսեղյանական համահայկական վայնասուն կլիներ և որոշ անձինք չէին հեռանա հեռուստաէկրաններից: Սակայն մարդը 22 օր անօրինական մնացել է անազատության մեջ և ոչ մի ձայն: Այսպիսին է մեր նոր Հայաստանը:

Փաստորեն, եթե չլիներ «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» հասարակական կազմակերպության նախագահ՝ Ավետիք Իշխանյանի և ՀՀ ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի անձնական երաշխավորությունը, Արսեն Բաբայանը կմնար կալանքի տակ: Բայց չէ՞ որ եթե նա փախուստի դիմելու նպատակ ունենար, ապա նույնիսկ այդ մարդկանց երաշխավորությունը իրեն չէր կանգնեցնի: Ուստի այս ամենը լոկ թատրոն է, որի գեղարվեստական ղեկավարը պատրաստ է իր ներկայացումը բեմադրել ամեն գնով, նույնիսկ ոչ իրավաչափ քայլերի դիմելով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այսքանից հետո առաջանում է միայն մեկ իրավաչափ և արդարացի հարց՝ ո՞վ է պատասխան տալու այս անօրինական գործողությունների համար: Կարելի է միայն հուսալ, որ երբ այս թատերական բեմադրության անտաղարդ փորձերն ավարտվեն, մեր օրինապահ մարմինները հարցեր կունենան առաջին հերթին Արման Բաբաջանյանին, այնուհետև նրանց, ովքեր խրախուսել են այս երիտասարդին և թույլ տվել մտածելու, որ իր թուրը ամեն տեղ կտրում է:

Նատալյա Սաղիյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով