Փաշինյանը որոշում է կայացրել Փաշինյանի որոշման դեմ

Բոլորս հիշում ենք, թե ինչպես 2019 թվականի ապրիլի 9-ն վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Նորագավիթ» մաքսատանը շրջայցի ժամանակ, երբ նկատեց գետնին ընկած դրոշը, մաքսակետի ղեկավարությանը ՀՐԱՀԱՆԳԵՑ սենյակի բոլոր աշխատակիցներին աշխատանքից ազատել:

Արդյունքում աշխատանքից հեռացվեցին մի շարք աշխատակիցներ, այդ թվում պատահականորեն վարչապետի ծանր ձեռքի տակ ընկած մաքսային ծառայության երիտասարդ աշխատակից Հայկ Մարտիրոսյանը: Ապա դառնալով Պետական եկամուտների կոմիտեի ղեկավար Դավիթ Անանյանին, Փաշինյանն ասաց՝ պարգեւավճարները կկրճատեք, այստեղ մաքրություն կապահովեք: Սկսենք նրանից, որ խիստ կասկածելի են վարչապետի կողմից իրեն վերագրված լիազորությունները մաքսատան աշխատակցին աշխատանքից հեռացնելու հրահանգ տալու առումով, ինչի մասին այս դեպքից հետո բազմիցս բարձրաձայնել են տարբեր իրավապաշտպաններ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Բայց դե դա արդեն սովորական բան է՝ տեսնել, թե ինչպես է գործադիրի ղեկավարը ուզուրպացնում օրենքով իրեն չտրված լիազորություններ: Հատուկ ուզում եմ նշել, որ այս դեպքից հետո մեր հասարակությունը երեք վայրկյանով թոթափեց թավշյա խաբկանքները և արդյունքում ականատես եղանք շատ բուռն հասարակական արձագանքի: Երիտասարդը նույնիսկ ստացավ մի քանի աշխատանքի առաջարկներ, այդ թվում՝ Ռեֆորմիստների կուսակցությունից, որը սակայն մնաց անպատասխան: Դեպքից հետո ՀՀ ՄԻՊ-ը նույնպես հայտարարել էր, որ իր գրասենյակը ուսումնասիրում է միջադեպը, սակայն այս հարցը հետզհետե մոռացվեց, և գոնե ես չկարողացա գտնել ՄԻՊ գրասենյակի որևէ արձագանք այս հարցի վերաբերյալ:

Ինչևիցե, անցնենք առաջ:

Դեպքից օրեր անց վարչապետը կրկին անդրադարձավ Հայկ Մարտիրոսյանին աշխատանքից հեռացնելու հարցին և պատասխանելով լրագրողների հարցերին իր ցինիկ ոճով ասաց բառացիորեն հետևյալը՝ «Թող չգրեր դիմում, ես ի՞նչ անեմ: Ես ունեմ դիրքորոշում, որ նման մարդիկ չեն կարող աշխատել»: Փաստորեն նոր Հայաստանում հնարավոր բան է, որ վարչապետի վատ տրամադրության պահին ձեռքի տակ պատահաբար ընկած երիտասարդ աշխատակցին նույն վարչապետի ՀՐԱՀԱՆԳՈՎ աշխատանքից հեռացնեն: Բայց չէ՞ որ նույն վարչապետը բազմիցս թմբկահարել է այն թեման, որ նոր Հայաստանում վերևից հրահանգով ՈՉ ՄԻ ՀԱՐՑ չի լուծվելու: Անցան ամիսներ և հանկարծ այսօր Նիկոլ Փաշինյանը երիցս հաստատելով, որ նոր Հայաստանում ամեն ինչ լինում է միայն վարչապետի քմահաճույքով և իր հրահանգներով՝ հանդես է գալիս հետևյալ հայտարարությամբ. «Այսօր ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին հրահանգել եմ Մարտիրոսյանին կրկին ծառայության ընդունել ՊԵԿ համակարգում, բնականաբար՝ համաձայնությամբ: Կարծում եմ՝ այս ժամանակահատվածը բավարար էր բոլորիս համար՝ տվյալ իրավիճակի վերաբերյալ պատշաճ հետեւություններ անելու համար:»

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ի՞նչ է սա, եթե ոչ վարկանիշի գահավիժման ֆոնի վրա խուճապահար եղած անհավասարակշռված մարդու գործելաոճ: Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը՝ գիտակցելով, որ իրեն այլևս ոչինչ չի կարող փրկել, իսկ իր հետ քայլած թիմը էլ ավելի է նպաստում իր վարկանիշի անդունդը գլորվելուն և համոզվելով, որ այլևս նա չի վայելում ընտրազանգվածի 80 տոկոսի վստահությունը, անցավ գործի:

Ամբոխահաճո առաջնորդը հավանաբար ոգեշնչվելով դասականի «խորտակվողների փրկությունը նրանց իսկ գործն է» կարգախոսով՝ որոշեց ինքնուրույն զբաղվել իր ռեյտինգի վերակենդանացմամբ, դրա համար ընտրելով ամենաանհաջող ճանապարհը:

Նատալյա Սաղիյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով