Վիճակագրություն հորինելու նուրբ արվեստը

Առավոտյան ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող լրագրողը որոշեց բոլորիս ուրախացնել և հայտնեց որ 2019 թվականի երկրորդ եռամսյակից մենք գործազրկության էական նվազում ունենք: Քանի որ նման հայտարարություններ հաճախակի են հրապարակվում Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջում, մի տեսակ սովորել ենք արդեն լուրջ չվերաբերվել: Բայց ասյ անգամ նա որոշեց հրապարակել նաև որոշակի թվեր՝ տեքստը առավել վստահություն ներշնչող դարձնելու համար: Փաշինյանը գրում է. «Եթե 2018-ի երկրորդ եռամսյակում գործազուրկների թիվը կազմել է 236 հազար 400 մարդ, ապա 2019 թվականի երկրորդ եռամսյակում գործազուրկների թիվը կազմել է 207 հազար 200 մարդ, նվազելով 29 հազար 200 մարդով:» Այսինքն, իր կարծիքով, եթե ըստ 2019 թվականի առաջին եռամսյակի վիճակագրական տվյալների՝ գործազուրկների թիվը ավելի պակաս է, քան նույն թիվը 2018 թվականի նույն ժամանակահատվածում, ապա դա ուղղակիորեն նշանակում է, որ այդքան մարդ տեղավորվել է աշխատանքի:

Գիտե՞ք, երբ իմ 7 տարեկան դուստրս մաթեմատիկական աջադրանք է լուծում, երբեմն ես այն պարզեցնելու համար իրեն օրինակներ եմ բերում, որպեսզի պատկերավոր լինի: Դե օրինակ, երեկ Արան ուներ 50 խնձոր, այսօր մնաց 10-ը: Դեռ ոչ մի անգամ չի եղել, որ իմ դուստրը ենթադրի, որ Արան կերել է բոլոր 40 խնձորները: Նա հասկանում է, որ դա հնարավոր չէ, և առաջարկում է այլ տարբերակներ, օրինակ, որ Արան հյուրասիրեց ընկերներին, տվեց տատիկին, որ կարկանդակ պատրաստի և այլն: Բայց դե դա իմ 7 տարեկան դուստրն է: Իսկ Նիկոլ Փաշինյանի աշխարհում երկու թվերի տարբերությունը ուղղակիորեն նշանակում է, որ 29 հազար 200 մարդ մեկ տարվա ընթացքում աշխատանքի է տեղավորվել: Պետք է ասեմ, որ Հայաստանի համար 29 200 մարդը դա բավականին լուրջ թիվ է: Այս կապակցությամբ առաջանում է տրամաբանական հարց՝ որտե՞ղ են աշխատում բոլոր այդ մարդիկ: Այո, պարբերաբար Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս բոցաշունչ գրառումներով, որտեղ ասվում է, որ այս ընկերությունը բացվեց, այն ընկերությունը բացվեց Հայաստանում, սակայն հիշեցնեմ, որ հայրենական հեռուստացույցներ արտադրող գործարանը, ըստ օդում պտտվող լուրերի՝ իրականում «Потемкинская деревня» ժանրի աճպարարություն էր: Ես ինքս խանութներում չեմ տեսել հայրենական արտադրության հեռուստացույց, իսկ դո՞ւք:
Նույնիսկ եթե Փաշինյանի կողմից բերված թվերի բացարձակ արժեքը իսկապես իրականություն է, ինչը չհաջողվեց ստուգել, քանի որ armstat.am կայքում տրված են հետևյալ թվերը՝ Պաշտոնապես գրանցված գործազուրկներ, 1000 մարդ / 2019 առաջին եռամսյակ հունվար 64.6, փետրվար 64.9, մարտ 65.0 (https://www.armstat.am/am/?nid=12&id=08009), ապա եթե հանենք այս 3 թվի միջինը, կստանանք 64.83 հազար մարդ, ինչը զգալիորեն տարբերվում է վարչապետի կողմից բերված թվից:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Զավեշտալի է, որ վարչապետի բերված թիվը ավելի մեծ է վիճակագրական կոմիտեի պաշտոնական կայքում հրապարակված թվերից: Այլ բան է, որ օրինակ մեր բակում ամբողջ օրը արևածաղիկ փարթի անող գործազուրկ երիտասարդների քանակը մեկ տարվա ընթացքում չի փոխվել, և որքան ինձ է հայտնի՝ մեր թաղամասի բոլոր բակերում նույն պատկերն է, բայց դե սրանք պաշտոնական տվյալներ չեն, զուտ տպավորություններ են: Ավելին ասեմ, եթե գործազուրկների քանակը նվազել է, դա կարող է նշանակել նաև, որ աշխատանք փնտրողներն ու չգտնողները ուղղակի արտագաղթել են արտերկիր, ինչը ես նման նվազման առավել հավանական պատճառ եմ եմ համարում, քան ցանկացած այլ պատճառ:
Բայց իրականությունն այն է, որ վարչապետը հրապարակում է անհասկանալի ծագման թվեր, որոնք նույնիսկ մոտիկ չեն պաշտոնական վիճակագրական տվյալներին: Հիմա հարց՝ վարչապետին սխա՞լ են զեկուցել և ինչ որ-մեկը իր աշխատակազմում հակահեղափոխական գործունեություն է՞ ծավալում, թե՞ վարչապետը ուղղակի առավոտյան արթնացել է և գլխում ծագած առաջին պատահական թվերը ներկայացրել է որպես պաշտոնական տվյալ: Երկու դեպքում էլ լավ բան չի ստացվում, պարոնայք երդվյալ ատենակալներ…

Հ.Գ. Իհարկե, կարող է նաև այնպես լինել, որ գործազրկության մասին պաշտոնական տվյալներից բացի կան նաև ոչ պաշտոնական տվյալներ, որոնք հայտնի են միայն վարչապետին (դե գիտեք, Հայաստանի նոր իշխանությունները զանազան գաղտնի բաների նկատմամբ անզուսպ սեր ունեն):

Նատալյա Սաղիյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով