Հոկտեմբերի 23-ին թավշյա քաղաքական ուժի իշխանության մոնոլիտը ճաք տվեց

Հոկտեմբերի 23-ին ԱԺ-ում երկրորդ ընթերցմամբ չի ընդունվել «Լուսավոր Հայաստան»  խմբակցության հեղինակած «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին՛՛ և կից օրինագծերի փաթեթը: Այս փոփոխությունների փաթեթը դեռ սեպտեմբերին մեծ աղմուկ էր առաջացրել, քանի որ այն ունի նախապատմություն, որին ես արդեն անդրադարձել եմ իմ վերլուծականներից մեկում: Այս փոփոխությունների նախագիծը ներկայացվել էր ԼՀԿ կողմից դեռ 2019 թվականի հունվարի 12-ին: Այն անցել է երկար ճանապարհ և նույնիսկ անցել է առաջին ընթերցման փուլը:

Դեռ այն ժամանակ կասկածելի էր այն հիմնավորումը, որ նախագծի ստեղծման պատճառներից մեկն այն էր, որ Գործող կարգավորմամբ՝ ԱԱԾ և ոստիկանության ղեկավարներին պետության ղեկավարը կաշկանդված է նշանակելու նույն համակարգում ծառայություն անցած անձանց շրջանակից: Գոնե ինձ համար խիստ տրամաբանական է, որ ուժային կառույցների ղեկավարները պիտի ընտրվեն նույն համակարգից և ունենան մասնագիտական խորը գիտելիքներ և լուրջ փորձ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Անհասկանալի էր նաև, թե ինչու այդ նախաձեռնությամբ հանդես է եկել ՛՛Լուսավոր Հայաստան՛՛ խմբակցությունը: Սակայն, հետագա քաղաքական զարգացումները և ընդհանուր տարածում ստացած այն ընկալումը, որ ՛՛Լուսավոր Հայաստան՛՛ խմբակցությունը այնքան էլ ընդդիմադիր չէ, որքան իրենք փորձում են ներկայանալ, հասկանալի դարձավ, որ այդ նախագիծը ուղղակի առաջադրանք էր, որպեսզի էլ ավելի ակնառու չլինեն բոլոր ուժային կառույցները մեկ անձին ամբողջապես հնազանդեցնելու իշխող քաղաքական ուժի նկրտումները: Այսօր, երբ տեղի ունեցան այն զարգացումները, որոնց ականատես եղավ ամբողջ հայ ազգը, և այլևս հասկանալի դարձավ, որ նոր Հայաստանի երիտասարդ իշխանության համար բոլոր պարագաներում, առանց բացառության, նպատակը արդարացնում է միջոցները, մի տեսակ տարօրինակ էր ԱԺ-ում ճնշող մեծամասնություն կազմող ՔՊ խմբակցության դեմ քվեարկելը:

Հատկապես ուշագրավ էր ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի դեմքի արտահայտությունը քվեարկության արդյունքները հայտարարելուց հետո: Այս առիթով առաջանում է 2 հարց՝ արդյո՞ք իշխող մեծամասնությունը որոշեց ինչ որ բանի համար պատժել ԼՀԿ խմբակցությանը, թե նույն մեծամասնությունը ուղղակի գիտակցեց, որ այս նախագիծը կործանարար է մեր հայրենիքի համար և որոշեց ՛զադնի՛ տալ: Երկրորդ տարբերակը, անկեղծ ասած, մի տեսակ անհավատալի է՝ հաշվի առնելով իշխող մեծամասնության ապազգային նեոլիբերալ դիրքորոշումը ամենակարևոր հարցերում: Ավելի հավանական է, որ այստեղ առկա է մի քանի պատճառ: Առաջինը, ինչպես որ ես կցանկանայի մտածել, այն է, որ նախագիծը դժգոհություն է առաջացրել ուժային կառույցներում և այդ պատճառով իշխանությանը հասկանալի է դարձել, որ դրսից նշանակված 25 տարեկան քաղաքական անձը հավանական է, որ առնչվի կոշտ հակազդեցությանը համակարգի ներսում:

Գաղտնիք չէ, որ ԱԱԾ, ՊՆ և Ոստիկանության կառույցներում մեծ դեր է խաղում անձնական հեղինակությունը, իսկ եթե փոփոխությունների փաթեթում հատուկ նշվում է 25 տարեկան լինելու պահանջը, ապա կարելի է ենթադրել, որ արդեն կան այդ պաշտոնների համար թեկնածուներ, որոնց տարիքը մոտիկ է այդ ստորին շեմին: Սակայն, դատելով Էդմոն Մարուքյանի արձագանքից, հասկանալի է դառնում, որ իրեն մոռացել են տեղյակ պահել ՔՊ խմբակցության դիրքորոշման փոփոխման մասին: Այնուամենայնիվ, դեռ վաղ է ուրախանալ, քանի որ պատգամավորները քվեարկությամբ ընդունել են   «Լուսավոր Հայաստան»  խմբակցության կողմից ներկայացված «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին՛՛ և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քննարկումը գրավոր առաջարկների ներկայացման փուլ տեղափոխելու մասին որոշումը: Այսինքն, սա նշանակում է, որ որոշ ժամանակ անց այս խայտառակ նախագիծը կրկին կվերադառնա ԱԺ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մի փոքր էքսկուրս կատարենք և հասկանանք, թե ինչու Հայաստանի Հանրապետությունը չի կարող ունենալ քաղաքական ԱԱԾ տնօրեն, Պաշտպանության նախարար և/կամ Ոստիկանապետ: Առաջին փաստարկս հատուկ իրենց կյանքի որոշ մասը ԱՄՆ-ում անցկացրած Էդմոն Մարուքյանի և Արման Բաբաջանյանի համար է՝ եթե քաղաքական ուժային նախարար ունենալը այդքան լավ բան է, ապա ինչո՞ւ ԱՄՆ-ն տասնամյակներ շարունակ ունի ռազմական լավագույն ուսումնական հաստատություններում կրթություն ստացած և զինվորական ծառայություն անցած պաշտպանության նախարարներ, ինչո՞ւ 1950 թվականից ի վեր Կենտրոնական հետախուզական վարչության բոլոր տնօրենները զինվորականներ են, իսկ ոստիկանապետերի մասին խոսք չկա՝ նրանք բոլորը պարտադիր համակարգից են լինում: Քաղաքական պաշտպանության նախարարներ և ազգային անվտանգության գծով բարձրաստիճան պաշտոնյաներ ունենալու փորձ ունեն որոշ եվրոպական երկրներ, հատկապես այս առումով աչքի են ընկնում սկանդինավյան պետությունները, սակայն, օրինակ Նորվեգիան երկու քաղաքական պաշտպանության նախարար ունենալուց հետո հրաժարվեց այդ գաղափարից և 2017 թվականին Նորվեգիայի պաշտպանության նախարար նշանակվեց Նորվեգիայի պաշտպանության անձնակազմի քոլեջում ուսում ստացած և զինվորական ծառայություն անցած Ֆրանկ Բաքքե-Յենսենը:

Այսպիսի պատկեր կարող ենք տեսնել եվրոպական տարբեր երկրներում: Սակայն, նույնիսկ եթե չլիներ այս միջազգային փորձը, միթե՞ կարելի է համեմատել Հայաստանը, որը շրջապատված է թշնամաբար տրամադրված հարևաններով Եվրոպայի երկրների հետ: ՈՉ, ոչ մի դեպքում չի կարելի: Ակնհայտ է, որ այս նախագիծը ԼՀԿ խմբակցության միջոցով անցկացնելը բխում է իշխող քաղաքական ուժի շահերից, քանի որ մեր հայրենիքի ճակատագիրը 25 տարեկան անփորձ և, հետևաբար, հեշտ կառավարելի երիտասարդների քմահաճույքին հանձները դա իրենց քաղաքական կրեդոն է:

ԱԺ մեծամասնությունը, ամենայն հավանականությամբ, տեղի տվեց հասկանալով, որ ուժային կառույցների հետ նման խաղեր խաղալ չի կարելի:

Նատալյա Սաղիյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով