Հեքիաթն ավարտվում է.«Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է.

Շատ հին անեկդոտ է, ինչքան հիշում եմ, մի անգամ էլ եմ պատմել։

Մարդամեկի հավերը հիվանդանում են։ Գնում է համապատասխան մասնագետի մոտ՝ մի ճար արա։
Մասնագետը ցուցումներ է տալիս՝ սխտորով մածուն տուր, կանցնի։
Անցնում է մի երկու օր։ Հավատերը գալիս է՝  հինգը  սատկեցին։

Մասնագետը նոր ցուցումներ է տալիս՝ մարգանցովկա խմացրու։
Մի քանի օր հետո հավատերը գալիս և ասում է՝ մի էդքան  էլ սատկեցին։ էլի նշանակումներ ու հուսալի խոսքեր։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Վերջին անգամ, երբ հավատերը գալիս է, խիստ ընկճված է լինում, ուսերը կախ, մասնագետը փորձում է նրան մխիթարել. «Մի հուսահատվիր, վարիանտներ շատ կան»:

Հավատերը հազիվ լսելի ձայնով ասում է՝ վարիանտներ շատ կան, բայց արդեն հավ չկա:

Իսկը մենք ենք։ Պողոսը մի կերպ գոյատևում է։ Երբ իշխանությունը փոխվում է, ղեկավարն ասում է՝ էլ դարդ չանեք, ամեն ինչ լավ է լինելու։ Օլիգարխների փողերն առնելու եմ ու անհոգ, անդարդ, կուշտ ու երջանիկ ապրելու եք։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Որոշ ժամանակ հետո Պողոսը դիմում է Փաշինյանին՝ աղա, սոված կոտորվում ենք, բա ասում էիր․․․

-Մի քիչ համբերեք,- ասում է վարչապետը,- օլիգարխների միլիոններն արդեն առնում եմ։

Պողոսը համբերում, բայց էլ չի դիմանում, նորից է գնում․

-Աղա, կոտորվում ենք, էլ ճար չկա։

– Գործի վրա ենք,- բարկանում է վարչապետը,- հրեն մի տասին էլ եմ բռնել, համբերեք, գնում ենք դբա լավը։

Պողոսը համբերում է։ Մի օր, մի ամիս, մի տարի, մի օր էլ չի դիմանում և նորից է գնում։ Խիստ ընկճված է լինում, ուսերը կախ, վարչապետը փորձում է նրան  մխիթարել․ «Մի հուսահատվիր, օլիգարխներ դեռ շատ կան»: Պողոսը լսում,  հազիվ լսելի ձայնով ասում է՝ օլիգարխներ  շատ կան, բայց  ես է՛լ չկամ․․․

Երկրից գնում եմ։

Հեքիաթն ավարտվում է։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով