Հավասարակշռությունը խախտում է ոչ թե ՌԴ-ն, այլ Հայաստանը․ ռուս փորձագետ․168.am

168.am-ը գրում է․ «Ռուսաստանը վերջապես տվեց առաջին ազդանշանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ղարաբաղյան դիտարկումներին»,- այս մասին «168 ժամ»-ի հետ զրույցում ասաց ռուս միջազգայնագետ Գրիգորի Տրոֆիմչուկը՝ անդրադառնալով քննարկումների ռուսական «Վալդայ» ակումբի միջազգային նիստում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ հայկական կողմին ուղղված քննադատությանը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին Սոչիում ընթացող «Վալդայ» համաժողովի ընթացքում ՌԴ ԱԳ նախարարն ասել էր. «Կողմերը հայտարարություններ են անում, բավականին լուրջ, այդ թվում՝ հնչել են բառեր, թե «Ղարաբաղը Հայաստան է», ինչպես Տիրանայից Ալբանիայի վարչապետն էր հայտարարում՝ «Կոսովոն Ալբանիա է»: Նման հայտարարությունները, իհարկե, չեն նպաստում քաղաքական գործընթացը վերսկսելու համար համապատասխան մթնոլորտի ձևավորմանը»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սրան արձագանքել էր նաև հայկական կողմը՝ ի դեմս ՀՀ ԱԳ նախարարի խոսնակ Աննա Նաղդալյանի՝ նշելով. «Հայաստանը եղել և մնում է աջակից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափին, որի անաչառ և անկողմնակալ միջնորդությունը խաղաղ կարգավորման, այս հարցում համանախագահ երկրների միջև միասնության պահպանման գրավականն է: Միևնույն ժամանակ կարևոր ենք համարում, որ միջնորդներից յուրաքանչյուրը խուսափի ընտրովի և միակողմանի բնույթ կրող գնահատականներից»:

Գրիգորի Տրոֆիմչուկի կարծիքով՝ ռուսական կողմի նմանատիպ դիտարկումները, որոնք կապված են ԼՂ հակամարտության կարգավորման թեմայի հետ, լարվածություն չեն առաջացնում հակամարտության գոտում: Նրա որակմամբ՝ դա ևս մեկ զգուշացում էր՝ ուղղված Նիկոլ Փաշինյանին, որ ԼՂ հակամարտության կարգավորման բազմամյա բանակցային գործընթացն անհնար է, անթույլատրելի է խարխլելը:

«Ռուսական կողմը երկար լռեց՝ ամփոփելով Ղարաբաղի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի բոլոր հայտարարությունները, ահա, վերջապես տվեց նրան առաջին ազդանշանը: Ես որպես փորձագետ՝ ևս սպասում էի նման ազդանշանի: Այլ բառերով, Մոսկվան թույլ չի տա, որ այդ հակամարտությունը, վարչապետ Փաշինյանի կողմից շրջանառության մեջ դրված թեզերով, խախտի կայունությունը ողջ Հարավային Կովկասում»,- ասաց Տրոֆիմչուկը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նա նաև նշեց, որ մյուս կողմից՝ աճում է Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցությունն Ադրբեջանի հետ, ինչը լիովին բնական է թվում Ղարաբաղի ուղղությամբ ՀՀ վարչապետի «հեղափոխական» հայտարարությունների ֆոնին:

«Այլ բան սպասելը տարօրինակ կլիներ: Սա իրադարձությունների բնականոն ընթացք է, երբ Փաշինյանի օրոք անհասկանալի Հայաստանի ֆոնին Ադրբեջանը դառնում է Ռուսաստանի ռազմավարական գործընկերը՝ պաշտոնապես չանդամակցելով ո՛չ ՀԱՊԿ-ին, ո՛չ ԵԱՏՄ-ին: Ուստի ռուսական կողմն այստեղ որևէ հավասարակշռություն չի խախտում: Անցյալ տարվա գարնանից հավասարակշռություն է խախտում ՀՀ նոր իշխանությունը, և դատելով ամեն ինչից, սա դեռ բոլոր խախտումները չեն: Նորերը ճանապարհին են:

Մենք հստակորեն տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինի հետ բազմաթիվ հանդիպումների բոլոր փայլուն գնահատականներից հետո համառորեն շարունակում է իրականացնել սեփական գիծը՝ չարձագանքելով պրակտիկ կերպով ոչ մի ազդանշանի»,- նկատեց Տրոֆիմչուկը՝ պատասխանելով մեր այն հարցին, թե նման քննադատություններով, ռուս-ադրբեջանական սպառազինության գործարքներով՝ Ռուսաստանը չի՞ խախտում արդյոք ռազմաքաղաքական հավասարակշռությունը ԼՂ հակամարտության կողմերի միջև»,-գրում է թերթը:Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով