Իրենք ամենախելացին են, այլ կերպ մտածողները՝ ամենահիմարը․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Ինչպե՞ս տարբերել երկրի շահերին միտված բարեփոխումները՝ օրենքներն ու իրականությունը սեփական «հագով կարելու» մտայնությունից։ Ինչպե՞ս հասկանալ՝ ուզում են իրենց դարն ապրած կադրերից ազատվել եւ բարեփոխիչ երիտասարդներին աշխատելու, գործելու հնարավորությո՞ւն տալ, թե՞ ընդամենը ազատվում են օտարներից՝ նրանց փոխարինելով յուրայիններով։ Ինչպե՞ս տարբերել՝ մարդուն ինչն է մղում դիմում գրել ոստիկանությունում՝ թշնամիներին վերացնելու ցանկությո՞ւնը, վրեժի ձգտո՞ւմը, հաջողակների հանդեպ նախա՞նձը, թե՞ քաղաքացիական կեցվածքը։ Ժամանակին իրավապահները բողոքում էին, որ տասնյակ մարդկանց աչքի առաջ հանցանք է կատարվում, չեն կարողանում ստիպել, որ մարդիկ՝ դեպքի ականատեսները, վկայություն տան եւ պատմեն իրենց տեսածը՝ դրանով աջակցելով քննությանը։ Իսկ հիմա ուղղակի աչք չեն բացում տարբեր մատնագրերից ու զրպարտագրերից՝ ժամանակ ու էներգիա են վատնում, վերջում պարզվում է, որ հիմքում ոչ մի հանցանք չկա, եւ մարդուն անմեղ տեղը զրպարտել են, իսկ քննիչների թանկ ժամանակը՝ խլել։

Իսկ որքա՜ն չար, անիմաստ, բացասական մթնոլորտ ձեւավորող կարծիքների, գրառումների, հայտարարությունների ենք հանդիպում ամեն օր՝ մարդկանց իրավունքները ոտնահարող, տարրական տրամաբանությունից ու բարոյականությունից զուրկ։ Ինչպե՞ս անել, որ մարդիկ գիտակցված չպղտորեն երկրում մթնոլորտը, չոտնահարեն այլոց իրավունքները, չմտածեն, որ իրենք ամենաիմաստունն են ու ամենախելացին, իսկ այլ կերպ մտածողները՝ ամենահիմարը։ Դրա համար երկու բան է հարկավոր՝ ճիշտ դաստիարակություն եւ ճիշտ օրինակներ։ Այս անձանց դաստիարակելու համար, իհարկե, արդեն շատ ուշ է, բայց նրանց կարելի է ճիշտ օրինակ ցույց տալ, եւ դա պետք է անեն հեղինակություն ունեցող անձինք՝ իշխանությունն ու մտավորականությունը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով