«Թուրքիան լիակատար աջակցություն հայտնեց ադրբեջանական ռազմամոլական ծրագրերին՝ հարձակվել Արցախի ու Հայաստանի վրա».168.am

«Վերջին իրադարձությունները ցույց են տվել, որ Ադրբեջանի իշխող ռեժիմի ցինիկությունը և լկտիությունն անցել են բոլոր սահմանները»,- նման կարծիք լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Ադրբեջանահայերի ասամբլեայի ղեկավար Գրիգորի Այվազյանը:

«Հոկտեմբերի 3-ին Սոչիում՝ «Վալդայ» միջազգային ակումբի նիստին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իրեն անպատկառ հայտարարություններ թույլ տվեց հայ ժողովրդի և պետականության հանդեպ, հայտարարեց, թե «Ղարաբաղը Ադրբեջան է, և բացականչական նշան»՝ արձագանքելով օգոստոսի 6-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ստեփանակերտում տեղի ունեցած հանրահավաքին արած հայտարարությանը, որ «Արցախը Հայաստան է, և վերջ»։ Ու դա՝ մեր դաշնակից ՌԴ-ի պաշտոնական ներկայացուցիչների  ներկայությամբ: Ավելին՝ լինելով ֆաշիստական երկրի նացիստ ղեկավար՝ Ալիևն Աշգաբադում մեղադրեց հայ ժողովրդին  նացիզմի փառաբանման և հերոսացման մեջ՝ այն պարագայում, երբ ինքը դաժան մարդասպան Սաֆարովին  հերոսացրեց, արտոնություններ շնորհեց:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Իհարկե, նման գործողությունները միանգամից հուշում են, որ Ադրբեջանն արդեն իսկ պատրաստ է խոսքից գործի անցնել: Իզուր չէ, որ վերջին ժամանակահատվածում Ադրբեջանում տեղի ունեցան ուժային կառույցների և վարչապետի փոփոխություններ, և դա ուղղակիորեն կապված է ղարաբաղյան հակամարտության՝  Ադրբեջանի կողմից սրացման ճանապարհով տանելու դիրքորոշմանը: Պաշտոնների նշանակեց լուռ ու հնազանդ մարդկանց, որոնք ենթարկվելու են տիրոջ ցանկացած հրահանգին՝ առանց քննարկելու այն: Այս ժամանակահատվածում Բաքվում  հանդիպումներ են տեղի ունեցել երկու երկրների ղեկավարների ու ԱԳ նախարարների միջև: Թուրքիան լիակատար աջակցություն հայտնեց ադրբեջանական ռազմամոլական ծրագրերին՝ հարձակվել Արցախի ու Հայաստանի վրա, և որպես խրախուսանք՝ սեփական օրինակը մատնանշեց, որ՝ տեսեք, իրենք ներխուժել են Սիրիա»,- նշեց  Գրիգորի Այվազյանը:

Ադրբեջանահայերի ասամբլեայի ղեկավարի խոսքով՝ Ալիևը վերջնականապես վերահաստատեց պաշտոնական Բաքվի երկարամյա դիրքորոշումն առ այն, որ Ղարաբաղյան հակամարտությունը կարող է լուծվել բացառապես պատերազմի, հայերի ոչնչացման միջոցով:

«Դա ցինիկաբար արեց վերջին օրերին, այսպես կոչված, ադրբեջանցի փախստականների հետ հանդիպման ժամանակ, ինչպես նաև հայկական Մարաղա գյուղում, որտեղ հայ բնակչությունը ցեղասպանության էր ենթարկվել: Ադրբեջանական զորքերի կողմից գյուղը վերանորոգվեց և տրամադրվեց, այսպես կոչված, ադրբեջանական փախստականներին»,- ասաց Գրիգորի Այվազյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

168.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով