Եկել, նստել եք, Ջոկոնդայի ժպիտով ժպտացել եք, քվեարկել կամ չեք քվեարկել, գնացել եք. Զոհրաբյանը՝ Թագուհի Ղազարյանին

Այսօր ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետապնդման, հետամտման և նրանց շուրջ ատելության և անհանդուրժողականության մթնոլորտի հրահրման հարցը:

Մինչ այդ «Իմ քայլի» պատգամավոր Մարիա Կարապետյանն ընթերցեց իրենց խմբակցության մի քանի պատգամավորների հայտարարությունը։ Նա նշեց, որ հայտարարությունը բաց է մյուս պատգամավորների համար, առայժմ այն ստորագրել են ինքը, Թագուհի Ղազարյանը, Արթուր Հովհաննիսյանը և Սարգիս Խանդանյանը։ Նա նշեց, որ հանձնաժողովում արտահերթ նիստ հրավիրելու անհրաժեշտություն են տեսնում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Կարծում ենք՝ հանձնաժողովը պետք է ակտիվացնի իր գործունեությունը, քան նախկինում է եղել, քանի որ միայն օրենսդրական նախաձեռնությունների համար հանձնաժողովի նիստ հրավիրելը սահմանափակում է իրենց գործունեությունը։ Հանձնաժողովի օրակարգը փոքր ինչ նման է արտաքին հարաբերությունների օրակարգին։ Գուցե հանձնաժողովի աշխատանքները ակտիվացնենք՝ աշխատանքային խմբեր ստեղծելով։Շատ գործողություններ քրեականացված չեն, սակայն պախարակելի են և մենք պետք է ունենանք հանրային իրազեկվածություն։Որոշակի ակցիաների բեմականացման շրջանակներում հնչում են կարգախոսներ, որոնք գուցե համակրելի են հանրության այս կամ այն շրջանակների կողմի, սակայն դրանց շրջանակներում օգտագործվում են մեթոդներ, որոնք անընդունելի են»,-նշեց Մարիա Կարապետյանը։

Հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն էլ նշեց, որ հանձնաժողովը պարբերաբար քննարկումներ է անցկացնում և առաջիկայում հանձնաժողովում կհյուրընկալվի Արդարադատության նախարարը։

«Մեր վերջին քննարկումը մի քանի օր առաջ էր, վերջին քննարկմանը մասնակցում էին սևազգեստ մայրերը։ Հանձնաժողովի ցանկացած անդամ կարող է զբաղվել այդ հարցերով, եթե ցանկություն ունի, պարտադիր չէ, որ քննարկումը լինի խմբակային։ Ես միշտ հարցրել եմ, թե պատգամավորներ կան, որոնք օրակարգ են բերել և ասվել է ժամանակ չկա։ Բայց ոչ, ոչ դուք տիկին Կարապետյան, ոչ էլ դուք տիկին Ղազարյան օրակարգ չեք բերել։ Առանց ավելորդ համեստությամբ պետք է ասեմ, որ միայն օրակարգ բերվել է իմ կողմից։Ես էլ եմ կողմ, որ հանձնաժողովն ակտիվ աշխատի, բայց մեկ ամսվա ընթացքում ձեզանից առաջարկ չեմ լսել, որ եկեք այս ինչ հարցով օրակարգ բերենք։ Գիտեք երեկ քանի հոգեբուժարան եմ գնացել, քանի հանդիպում եմ ունեցել, եթե ես դա ֆեյսբուքում չեմ ճպացնում, դա չի նշանակում, որ չենք անում։ Եկեք այստեղ մեղադրանքներ չհնչեցնենք, իրար չվիրավորենք։ Ես համբերատար մարդ եմ, բայց երբ տեսնում եմ, որ արդարության սկզբունքը, ապա դա իմ գործունեության նկատմամբ թույլ չեմ տալու։ Տիկին Ղազարյան, դուք որևէ անգամ որևէ օրակարգ չեք ներկայացրել։ Եկել, նստել եք, Ջոկոնդայի ժպիտով ժպտացել եք, քվեարկել կամ չեք քվեարկել, գնացել եք»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով