«Քրդերը լավ զինված են, բայց միայնակ անկարող են». քրդագետ

Загрузка...

Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիս-արևելքում իրականացվող «խաղաղության ակունք» ռազմագործողության թեմայի շուրջ Ermenihaber.am-ը զրուցել է թուրքագետ և քրդագետ Տաթևիկ Մանուկյանի հետ:

– Թուրքիայի ռազմական ներխուժումը Սիրիայի հյուսիս-արևելք  ի՞նչ խնդիրներ է առաջացնում տարածաշրջանում:

– Թուրքիայի ներխուժումը Սիրիա և դրանից հետո առաջացած խնդիրներն առաջին հերթին պայմանավորված են լինելու այն տեսլականով, ինչը որ Թուրքիան նախքան ներխուժումը դրել էր իր առաջ: Թուրքիան հստակ ձևակերպված օրակարգ և ծրագիր ունի, թե ուր է գնում և ինչի է գնում: Այս դեպքում Թուրքիայի տեսլականը պայմանավորված է այն քարտեզով, որն իշխող վերնախավը պահում է իր համար որպես «իդեա ֆիքս»: Դա «Ազգային ուխտի» (Misak-ı Milli) քարտեզն է և երբ նայում ենք այդ քարտեզին, տեսնում ենք, որ թե առաջին, թե երկրորդ և թե այս երրորդ ռազմական գործողությունները տանում են դրան: Այսինքն պետք է ձևավորվի այն քարտեզը, որն Էրդողանը պատկերացնում է և ժառանգություն է ստացել  Քեմալ Աթաթուրքից:

Թուրքիան իր համար շատ կարևոր հարց է լուծում այն առումով, որ եթե այստեղ քրդական ինքնավորությունը վերջնական ձևավորման հասնի, Թուրքիան իր սահմաններին կունենա շատ մեծ խնդիրներ՝ ի դեմս երկու քրդական ինքնավարությունների: Վերջիններիս մերձեցումը և միավորումը սարերի հետևում չէ: Բարզանին մշտապես, երբեմն անթաքույց, երբեմն էլ սքողված կերպով ցույց է տալիս իր հետաքրքրությունը  և հավակնություններն այս տարածքների նկատմամբ (խմբ. Սիրիայի հյուսիս-արևելք): Եթե Թուրքիան նշում է, որ իր համար կենսական նշանակություն ունեն այս տարածքները, ապա պետք է հասկանալ, որ, այո, անվտանգային, ռազմավարական տեսակյունից Անկարան թույլ չի տա, որպեսզի  իր սահմանին երկրորդ քրդական ինքնավարություն կայանա:

Բացի այդ, մենք տեսանք, թե Աֆրինում ինչ է անում Թուրքիան: Աֆրինի գրավումից մեկուկես տարի է արդեն անցել և կարելի է ասել այն ամբողջովին թուրքացվել է` սկսած կրթությունից: Այդ երևույթը կա և սպառնում է Եփրատից արևելք ընկած տարածքներին: Հստակ գործողությունների մշակված պլան կա, որը ցույց է տալիս, թե ինչ կլինի հետագայում:

– Ի՞նչ եք կարծում, արդյո՞ք  կա համաձայնություն Ռուսաստանի, Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև քրդերի հարցով:

-Ոչ, չկա: Վերջին շրջանում քրդական լրատվամիջոցներն անընդհատ գրում են, որ հիմա իրենք աշխատում են ռուսների հետ և նույնիսկ հայտնեցին, որ Սիրիայի իշխանությունների հետ համաձայնությունը ռուսների միջնորդությամբ է եղել:

Պետք է նշեմ, որ կողմերից յուրաքանչյուրն իր քաղաքական շահն ունի: ԱՄՆ-ի դիրքորոշումը ի սկզբանե բոլորի համար պարզ էր: Բայց թե ինչ է ուզում և ինչպես է խաղում Ռուսաստանը, դեռ վերջնական պարզ չէ:

– Քրդերի և սիրիական կառավարական ուժերի հետ համագործակցությունն ի՞նչ արդյունք կտա:

-Եվ Քրդերի, և Սիրիայի համար երկուստեք ամենալավ ճանապարհն էր: Քրդերն ինչքան էլ, որ ռազմականորեն պատրաստ են, բայց միևնույն է իրենք չունեն այն ռեսուրսը, որպեսզի միայնակ կանգնեին թուրքական բանակի դեմ: Իրենք լավ զինված են, լավ պատրաստ են, լավ զենք, զինամթերք ունեն, բայց միայնակ անկարող են:

– Մեկնաբանեք Հայաստանի դիրքորոշումը: Կոնֆլիկտի գոտում հայերն աջակցում կամ աջակցելու՞ են քրդերին:

– Տեղի հայերը աջակցում են քրդերին, փորձում են  ամեն կերպ պաշտպանել, քանի որ այդ տարածքներն իրենց համար ևս բնակավայրն են: Հայերն ակտիվ մասնակցում են Թուրքիայի դեմ ռազմական գործողություններին: Իսկ Հայաստանի դիրքորոշումն այս կոնֆլիկտի մեջ, ըստ իս, պետք է բացառապես ելնի Սիրիայի հայ համայնքի շահերից: Մեզ համար գերակա պետք է լինի համայնքի բարեկեցությունը, համայնքի շահը և ապագան, իսկ քրդերն առանց մեզ էլ կկարողանան իրենց խնդիրները լուծել, քանի որ ունեն այդ քարոզչամեքենան և ռեսուրսները: Տարածաշրջանում այսօր քրդերը լուրջ խաղացող են:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...