Ստուգումներ սննդի կետերում և 5 հազար տոննա տեխնիկական աղ. ո՞վ է ուզում թունավորել հայերին.Sputnik

Загрузка...

Ձեռնարկության ղեկավարը հայտարարեց, որ երկիր է ներկրվում մի քանի հազար տոննա տեխնիկական աղ, որի զգալի մասն օգտագործվում է սննդի արտադրության մեջ։

 Ամեն տարի Հայաստան է ներկրվում մինչև 5 հազար տոննա տեխնիկական աղ և այդ աղի զգալի մասն օգտագործվում է սննդի արդյունաբերությունում` վտանգելով քաղաքացիների կյանքը և առողջությունը։ Այս մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ ասաց «Ավանի աղի կոմբինատ» ՓԲԸ–ի տնօրեն Արեգ Ղուկասյանը։

Ղուկասյանն ասաց, որ ինքը և իր աշխատակիցները կատարել են աղի շուկայի սեփական ուսումնասիրություն, որի արդյունքները տագնապալի են։

Տեխնիկական աղը սովորաբար օգտագործվում է թղթի, լվացքի փոշու արտադրության մեջ։ Ի վերջո, այդ աղով ձմռանը մշակում են սառցակալած ճանապարհները։ Ղուկասյանի կարծիքով` Հայաստանում արդյունաբերությունն ի վիճակի չէ «մարսել» 5 հազար տոննա տեխնիկական աղը, բայց այդուհանդերձ, այն «լուծվում» է շուկայում։

«Հարց է ծագում` ո՞ւր է գնում այդ աղը։ Պատասխանն ակնհայտ է. այն օգտագործում են սննդի արդյունաբերությունում։ Անկեղծ ասած` դա հանցագործություն է։ Տեխնիկական աղը մշակվում է կալիումի ֆերոցիանիդով, որը սպիտակեցնում է այն։ Իսկ դա չափազանց թունավոր նյութ է։ Արդյունքում ստացվում է, որ օրը ցերեկով թունավորում են բնակչությանը»,–ասում է Ղուկասյանը։

Սննդի արդյունաբերության ձեռնարկությունները նույնիսկ կարող են չիմանալ իրենց տրամադրվող աղի ծագման մասին, այդ հարցով պետք է զբաղվեն համապատասխան պետական կառույցները` սննդի անվտանգության ծառայությունը, իրավապահ մարմինները։ Ղուկասյանը մի քանի անգամ դիմել է Սննդի անվտանգության պետական ծառայություն` խնդրելով ստուգել սննդի օբյեկտները։ Պետծառայությունում հայտարարել են, որ ժամանակ առ ժամանակ ստուգումներ են անցկացնում և առգրավում տարբեր ծավալների տեխնիկական աղ։

«Բայց խոսքը նվազագույն ծավալների մասին է` 60, 100, 120 կգ։ Դա հազարավոր տոննայի համեմատ չնչին ցուցանիշ է։ Անհրաժեշտ է համակարգված մոտեցում, համակարգային պայքար, որը չի կարող մղել միայն ՍԱՊԾ–ն», – հավելեց Ղուկասյանը։

ՍԱՊԾ–ից Sputnik Արմենիային հայտնեցին, որ սննդի օբյեկտները ստուգում են այն դեպքերում, երբ ստանում են համապատասխան ահազանգ։ Անհրաժեշտության դեպքում տուգանք են գրում, բայց տեխնիկական աղի ներկրման վրա հսկողությունը չի մտնում իրենց գործառույթների մեջ։

«Եթե ինչ–որ մեկը կոնկրետ տեղեկություն ունի` թող դիմի մեզ։ Մենք չենք կարող ամեն անգամ ստուգել սննդի օբյեկտները։ Դա ուղղակի անհեթեթություն կլինի», – ասաց ծառայության մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը։

«Ավանի աղի կոմբինատի» տնօրենը չնշեց ընկերությունների անունները, որոնք ներկրում են տեխնիկական աղ, քանի որ դա կոմերցիոն գաղտնիք է։ Նա հավաստիացրեց, որ ձեռքի տակ անհրաժեշտ տեղեկատվություն ունի այդ տնտեսվարող սուբյեկտների մասին։ Ձեռնարկության ղեկավարն արդեն 2 տարի զբաղվում է այդ հարցով։ Նա առաջին անգամ ուշադրություն է դարձրել դրան այն բանից հետո, երբ Ավանի աղի կոմբինատի արտադրանքի իրացման ծավալները զգալիորեն նվազել են։

Ղուկասյանը Sputnik Արմենիայի թղթակցին պատմեց, որ ավելի վաղ «Ավանի աղի կոմբինատը» Երևանի քաղաքապետարանի հայտարարած մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել` գալիք ձմռանը ճանապարհները մշակելու համար աղ առաքելու նպատակով։ Տեխնիկական աղ ներկրող ընկերություններից որևէ մեկը մասնակիցների ցուցակում չի եղել։ Նրա խոսքով` լիովին տրամաբանական հարց է ծագում` իսկ ի՞նչ են անում այդ աղի հետ։

Կոմբինատի ղեկավարն այդ հարցով դիմել է ԱԱԾ։ Նրան այնտեղից ուղարկել են Քննչական կոմիտե։ ՔԿ–ից մինչև հիմա պատասխան չի ստացվել։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...