Պետական պարտքը հատեց 7 միլիարդի սահմանը.168.am

Загрузка...

168.am-ը գրում է․

«Չնայած ժամանակին ձևավորված սպասումներին, այնուհանդերձ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարությունը ևս վարկային գումարներից հրաժարվելու մտադրություն չունի և պատրաստվում է այդ առումով իրականացնել ոչ պակաս ագրեսիվ քաղաքականություն, քան նախորդներն էին իրականացնում։ Ու որքան էլ իշխանության քաղաքական թիմը ժամանակին քննադատում էր նախորդներին` երկիրը պարտքերի մեջ թաղելու համար, այսօր արդարացնում է նոր վարկերի ներգրավումը։

Իսկ այն, որ իշխանափոխությունից հետո պետական պարտքի աճը դանդաղել է, դեռ չի նշանակում, թե կառավարությունը դադարել է պարտք վերցնել։ Խնդիրն ընդամենը նախատեսված ծրագրերի իրականացման հետ է կապված։ Իշխանափոխությունից հետո դրանք հետ են մնացել ժամանակացույցերից։ Եվ, որ ավելի վատ է, կառավարությունը չի կարողանում գործընթացները վերադարձել բնականոն հուն, ինչի հետևանքով տպավորություն է ստեղծվում, թե վարկերի ներգրավումը սառեցվել է։

Վարկերի ներգրավումից կառավարությունը չի հրաժարվել և չի էլ պատրաստվում հրաժարվել։ Այն այսօր գտնվում է երբևէ արձանագրված ամենաբարձր կետում։

Պաշտոնական տվյալներով՝ պետական պարտքը հատել է 7 մլրդ դոլարի սահմանագիծը։ Այս տարվա հոկտեմբերի 1-ի դրությամբ այն կազմել է 7 մլրդ 51 մլն դոլար։

Տարվա ընթացքում պետական պարտքն ավելացել է 129 մլն դոլարով։ Եթե մինչև վերջերս դա արտահայտվում էր միայն ներքին պարտքի աճի տեսքով, ապա հիմա սկսել է ավելանալ նաև արտաքին պարտքը։ Ընդ որում, գերազանցապես կառավարության պարտավորությունների գծով։ Կենտրոնական բանկն արտաքին պարտքերի ներգրավման առումով շատ ավելի պասիվ է։ Պատահական չէ, որ տարվա ընթացքում այն ունեցել է նույնիսկ պարտավորությունների կրճատում։ Անցած տարվա վերջի 550 մլն դոլարից ԿԲ արտաքին պարտքն իջել է մինչև 512 միլիոնի։ Այսինքն` 38 միլիոնով կրճատվել է։

Պետք է ենթադրել, որ պասիվ պարտքային այս քաղաքականությունը կապված է ԿԲ արտաքին պահուստների համալրման հետ։ Ներքին ֆինանսական շուկայում այս տարի նկատվող տարադրամի առատությունը թույլ է տվել զգալիորեն ավելացնել պահուստները, և հավելյալ վարկային միջոցների ներգրավման անհրաժեշտություն, ըստ էության, չկա։

Եթե մինչև վերջերս Նիկոլ Փաշինյանը հպարտանում էր, որ իր կառավարությանը հաջողվել է նվազեցնել արտաքին պարտքը, ապա հիմա արդեն այդպես չէ։ Կառավարության արտաքին պարտքն առաջին անգամ հատել է 5 մլրդ դրամի սահմանը։ Հոկտեմբերի 1-ի դրությամբ այն կազմել է 5 մլրդ 31 մլն դոլար։ Արտաքին պարտքի ակտիվ համալրում է տեղի ունեցել հատկապես սեպտեմբերի ընթացքում։ Այդ ամսին կառավարության պարտավորությունները դրսի ֆինանսական կազմակերպությունների ու դոնոր երկրների նկատմամբ ավելացել է միանգամից 123 մլն դոլարով։

Մինչև վերջերս կառավարությունը շատ ավելի ակտիվ պարտքային քաղաքականություն էր իրականացնում ներքին շուկայում։ Դրա հետևանքով ներքին պարտքը սկսել էր արագորեն ավելանալ։ Դժվար է ասել, կառավարությունը մտափոխվե՞լ է, թե՞ ոչ, բայց սեպտեմբերին ներքին պարտքը դադարել է համալրվել։ Ավելին, նախորդ ամսվա համեմատ՝ նույնիսկ նվազել է։

Եթե օգոստոսի վերջին ներքին պարտքը կազմել էր 1 մլրդ 551 մլն դոլար, ապա հիմա 1 մլրդ 507 մլն դոլար է։ Սեպտեմբերին այն նվազել է 44 միլիոնով։ Չնայած դրան` ներքին պարտքի մակարդակը շարունակում է բավականաչափ ավելի բարձր լինել, քան անցած տարվա վերջին էր։

Ընդհանուր առմամբ 2019թ. ընթացքում կառավարության ներքին պարտքը համալրվել է 121 մլն դոլարով։ Նույն ժամանակահատվածում արտաքին պարտքն աճել է 45 միլիոնով։ Դա նշանակում է, որ կառավարության պարտավորությունները, որոնք սպասարկվում են պետական բյուջեի հաշվին, տարվա առաջին ինն ամիսներին ավելացել են առնվազն ևս 166 մլն դոլարով։

Սա շա՞տ է, թե՞ քիչ։

Կառավարության պարտքի 166 մլն դոլար համալրումը, անշուշտ, փոքր գումար չէ։ Հատկապես որ, առանց այդ էլ երկրի բեռը ցածր չէ։ Ամեն դեպքում, նախորդ տարիների համեմատ՝ պարտքի աճը դանդաղել է։ Ու դա պայմանավորվել է ոչ թե նրանով, որ կառավարությունը հրաժարվել է նոր վարկեր ներգրավելուց, այլ նրանով, որ չի հասցրել իրականացնել վարկային միջոցների շրջանակներում նախատեսված ծրագրերը։ Մինչ դրանք հետ են մնացել, պարտքի սպասարկումը նույն տեմպով շարունակվել է։

Արդյունքում՝ ունենք պարտքի աճի տեմպի դանդաղում։ Թեև դա չի նշանակում, որ կառավարությունը հակված է հրաժարվել նոր վարկերի ներգրավումից։

Միայն այսօր գործող համաձայնագրերով՝ կա շուրջ 1,5 մլրդ դոլար չօգտագործված գումար։ Ու դա դեռ ամբողջը չէ։ Ոչ վաղ անցյալում ֆինանսների նախարարը խոսում էր ևս այդքանի շուրջ ընթացող քննարկումների մասին։

Սա նշանակում է, որ առաջիկա տարիներին կառավարությունն ակնկալում է պետական պարտքի ոչ պակաս ակտիվ ավելացում, քան ունեինք նախկինում։ Ինչպես հայտնի է, տարվա սկզբին կառավարությանը դիտարկում էր նույնիսկ պարտքի ներգրավման սահմանափակումները վերանայելու հարցը։ Հետո գործընթացը մի տեսակ ստվերում մնաց։

Ինչևէ, եթե իրականանա այն սցենարը, ինչն ակնկալվում է, ապա այն ենթադրում է բավական լուրջ ճնշում, ինչը բերելու է պարտքի սպասարկման, առանց այն էլ՝ ոչ ցածր բեռի մեծացման։ Այսօր էլ Հայաստանը տարեկան 300-400 մլն դոլար է վճարում այդ նպատակով։ Այս տարվա միայն առաջին կեսին կառավարության պարտավորությունները սպասարկելու համար պետական բյուջեից հատկացվել է 152 մլն դոլար։ Այդ բեռը, անշուշտ, շատ ավելի մեծ կլիներ հաջորդ տարվա բյուջեում, եթե կառավարությունը չգնար եվրոպարտատոմսերի նոր թողարկման։ Դա ըստ էության նշանակում է, որ այս պահին կառավարությունը պատրաստ չէ սեփական միջոցների հաշվին ամբողջությամբ սպասարկել ստանձնած պարտքային պարտավորությունները։ Ուստի ստիպված է նոր պարտք վերցնել` նախկինը մարելու համար։

Գուցե սա ընդունված պրակտիկա է պարտքային հարաբերություններում, բայց դա ոչնչով արդարացված չէ։ Հատկապես որ, պետական բյուջեն պարտադրված է լինելու բավական մեծ գումարներ վճարել այդ թանկ փողերը սպասարկելու համար։

Այս պահին սա է Հայաստանի պետական պարտքի վիճակը։ Տարեվերջին դեռ մի քանի ամիս կա։ Ենթադրվում է, որ այդ ընթացքում կառավարության պարտքային պարտավորությունները կարող են էլի ավելանալ»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...