Պատերազմի հավանականության մասին.7or.am

Загрузка...

7or.am-ը գրում է.

Շատ ամոթ է, իհարկե, որ 1915 թիվ տեսած, 1920–ին պետություն կորցրած, 1988–ին Արցախի թեմայով միամիտ կարգախոսներ արտասանած և Արցախյան պատերազմում հաղթած մեր ժողովրդի մի մասի համար դեռ պետք է որոշ ակնհայտ բաներ պարզաբանել, բայց դե փաստն այն է, որ թուրքական գործակալական ցանցն այնպես է աշխատել, որ ստիպված ենք դա անել։

Ռուսական ռազմաբազայի դերը

Գյումրիում ռուսական ռազմաբազան պաշտպանում է իր շահերը, որոնք համընկնում են ՀՀ շահերի հետ։ Պաշտպանում է Թուրքիայից։

Երբ 1993–ին մենք ազատագրեցինք Քելբաջարի (Քարվաճառ) շրջանը, Թուրքիան ռեակցիա տվեց ու պատրաստ էր Հայաստանի վրա հարձակվել։ Պարզ է, որ մենք չէինք կարողանա երկու ճակատով կռիվ տալ ու կհայտնվեինք շատ ողբերգական վիճակում։

Եթե Թուրքիան հարձակվեր, ապա կարող էր գրեթե քայլերթով մտնել Հայաստան, քանզի մեր բոլոր ուժերն Արցախի ճակատում էին։ Իսկ ինչո՞ւ չմտավ։ Չմտավ, քանզի Ռուսաստանը հայտարարեց, որ դա կգնահատի որպես իր կենսական շահերի դեմ ոտնձգություն՝ այդտեղից բխող բոլոր հետևանքներով։ ՌԴ պաշտպանության նախարար Շապոշնիկովն այդ օրերին եկավ Հայաստան ու հենց օդանավակայանից զգուշացրեց թուրքերին։ Արդյունքում՝ մենք չստացանք երկրորդ ճակատ և շարունակեցինք հաղթարշավն արցախյան ճակատում։

Հարավային Կովկասը ռազմավարական նշանակություն ունի ՌԴ–ի համար։ Այս տարածաշրջանում Հայաստանն ամենակարևոր դերակատարումն ունի, և այդ դերակատարման համար է, որ ռուսները տանում են մեր կամակորությունները, ապտակները և խաղերը։ Բայց կա մի սահման, որից հետո արդեն կարող ենք ինքներս մեզ ապտակել ու ինքներս մեր դեմ խաղեր տալ։ Դա այն դեպքն է, երբ մենք ստանանք թուրք–ադրբեջանական հարձակում միաժամանակ՝ մինչև այդ հասցնելով հակառուսական քաղաքականությունը հասցնել անմեղսունակության ու հայկական շահերի դավաճանության աստիճանի։

Հայ–ռուսական ընդհանուր շահերը

Մենք պետք ենք ռուսներին, ռուսները՝ մեզ։ Սխալ է հայտարարելը, թե բա ուր պետք է փախչեն (այդ ձևակերպումը հնչում է և՛ Երևանից, և՛ Մոսկվայից)։

Ռուսները մեզ համար ունեն ռազմավարական ֆունկցիա անվտանգության հարցերում։ Ասել է թե՝ մեր ընդհանուր շահերն այնքան շատ են, որ հիմարություն կամ դավաճանություն է հակառուսական քարոզը, Գյումրիից ռազմաբազայի դուրս բերման պահանջն ու ՀԱՊԿ–ից հեռանալու կոչը։ Նման քայլերը միայն Թուրքիային ու Ադրբեջանին են ձեռնտու։ Սիրիայում տեղի ունեցողն ասվածի վառ ապացույցն է։

Ի դեպ, ՌԴ–ի հետ ռազմավարական ու դաշնակցային հարաբերությունները չպետք է շփոթել վասալայինի հետ։ Վասալը պետք չէ ռուսին, քանզի շատ թանկ է նստում Կրեմլի վրա։ Երկուստեք ձեռնտու է արժանապատիվ գործակցությունը։ Ուժեղ Հայաստանն ու ուժեղ Ռուսաստանը բնական դաշնակիցներ են։

ՌԴ ռազմաբազան Հայաստանին հնարավորություն է տալիս Սիրիա չդառնալ։ Այլ ֆունկցիա այդ ռազմաբազան չունի։ Չհասկանալ ու չգնահատել սա, մեղմ ասած, ապուշություն է, իսկ իրականում՝ պետական դավաճանություն։ «Ինքնիշխանության» ջատագով «ծռերը», որոնք վաղուց բացահայտված թուրքական գործակալներ են, ուզում են ՀՀ անվտանգության համակարգը փլուզել՝ թողնելով այն Դոնալդ Թրամփի թվիթերյան գրառումների ու թուրքական բանակի հույսին։

Ռազմաբազայի հետ կապված հայկական պատրանքները

Ռուսական ռազմաբազան խորհրդանշական դերակատարում ունի։ Ռուսները ՆԱՏՕ–ին ու հատկապես Թուրքիային ցույց են տալիս, որ Հարավային Կովկասում թույլ չեն տա իրենց շահերի դեմ ոտնձգություններ։

Վրաստանը գնաց հակառուսական ճանապարհով և արդյունքում կորցրեց Օսիան ու Աբխազիան։ Վրաստանն այդ գինը վճարեց ու հայտնվեց թուրք–ադրբեջանական դուետի ազդեցության տակ, քանզի Արևմուտքն այստեղ այլ գործընկերներ չունի։ Մեր դեպքում մենք չենք պրծնի միայն Արցախը հանձնելով։ Աշխարհի քաղաքական քարտեզի վրայից կվերանա ամբողջ Հայաստանը։ Ասել է թե՝ մենք նույնիսկ Վրաստանի սցենարով չենք կարող գնալ, և ընդհանրապես ինչո՞ւ պետք է գնանք մի ճանապարհով, որը կործանարար է և սպասարկում է դրսի շահերը։

Իսկ այն, որ հակառուսականությունը մեր դեպքում նշանակում է պրոթուրքականություն, ակնհայտ է։

ԱՄՆ–ը իր ազդեցության տակ վերցվող երկրների հետ աշխատում է իր տեղական օպերատորների միջոցով։ Օրինակ՝ Ուկրաինայում ԱՄՆ-ն աշխատում է Լեհաստանի ու Գերմանիայի միջոցով, Մոլդովայում՝ Ռումինիայի, իսկ Վրաստանում ու մեր ամբողջ տարածաշրջանում՝ Թուրքիայի։

Բոլոր նրանք, ովքեր ասում են, թե պետք է ՀԱՊԿ–ից դուրս գալ, նշանակում է քարոզում են Հայաստանի թուրքացման օգտին։

Ի դեպ, շատ կարևոր է պատրանքներ չունենալ ռուսական ռազմաբազայի պահով, երբ խոսքը վերաբերում է հայ–ադրբեջանական հարաբերություններին։ Ավելի կոնկրետ՝ Արցախի ճակատին։

Արցախը պահելն ու ադրբեջանցիների հետ կռիվ տալն ամբողջությամբ մե՛ր գործն է։ Մեր ու ադրբեջանցիների կռվին ռուսներն անուղղակի են խառնվում՝ զենքի մատակարարմամբ ու դիվանագիտությամբ։ Ավել բան իրենցից պետք չէ սպասել, քանզի իրենց համար կարևոր է նաև Ադրբեջանին իրենց գոտում պահելը։

Ադրբեջանցիներին դաստիարակելը մեր գործն է, ու մենք այդ գործը կատարել ենք և էլի փայլուն կկատարենք, եթե մեր երկրի ներսում հիմարություններ չանենք։ Ցավոք, հիմա այդ հիմարությունները մեզանում նորմա են դարձել, ու այդպիսով մեծացել է պատերազմի վտանգը։

Ինչը կարող է բերել պատերազմի

Ադրբեջանի համար Նիկոլ Փաշինյանի վարչապետության շրջանն ամենանպաստավորն է պատերազմ սկսելու համար, և ահա, թե ինչու։

Նիկոլի օրոք հայ–ռուսական հարաբերություններն աննախադեպ լարվածություն ունեն, ինչը հնարավորություն է տալիս Ադրբեջանին ջերմացնել ՌԴ–ի հետ հարաբերությունները։ Ալիևը Պուտինի կողքը կանգնած հայտարարում էր, որ Ղարաբաղը՝ Ադրբեջան է։ Նախկինում նման բան հնարավոր չէր։

Նիկոլի վարչապետության շրջանում արդեն բացահայտ թշնամական հարաբերություններ կան պաշտոնական Երևանի ու Ստեփանակերտի միջև, ինչը հաստատ չի նպաստում մեր պաշտպանունակության մակարդակի բարձրացմանը։

Նիկոլի իշխանությունն աչքի է ընկնում հայաստանցի–ղարաբաղցի տեղեկատվական դիվերսիայի ուժեղացմամբ, պատերազմն անցած ռազմաքաղաքական ղեկավարության դեմ քաղաքական արշավով, բանակի վարկաբեկմամբ։

Նիկոլի գլխավոր քաղաքական գործընկերն են դարձել թրքաբոլշևիկները՝ «ծռիստները» և քիրվայամետ Լևոն Տեր–Պետրոսյանը։ «Ծռերն» ու Տեր–Պետրոսյանը ձևով տարբեր, բայց բովանդակությամբ նույն թրքամետ գիծն են ներկայացնում։

Նիկոլի շնորհիվ մեր հանրությունը պառակտվել է, թշնամանքի ու ատելության մթնոլորտը վերևից է խրախուսվում, իսկ այդ պայմաններում թուլանում է երկրի մարտունակությունն ու ոգին։

Եվ վերջապես, Նիկոլ Փաշինյանը գլուխ չի հանում պետական կառավարման համակարգից ու փլուզում է այն, այդ թվում՝ ուժային կառույցները։

Նիկոլ Փաշինյանը գտնվում է «թավշյա» հեղափոխության արտաքին փայատերերի ճնշման տակ ու ստիպված անում է քայլեր, որոնք հարվածում են մեր երկրի անվտանգությանը՝ մեծացնելով պատերազմի հավանականությունը։

Պատերազմի դեմն առնելու և երկիրը զարգացման ուղի դուրս բերելու համար, հետևաբար, ներքին քաղաքական փոփոխություններ են պետք։ Քանի դեռ Նիկոլն իշխանության ղեկին է, թուլանում է Հայաստանն ու մեծանում է պատերազմի հավանականությունը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...