Զինծառայողները լքում են ՀՀ խաղաղապահ զորքերը .«Հրապարակ»

Загрузка...

«Հրապարակ»-ը գրում  է

Դեռեւս հեղափոխության օրերին ՊՆ խաղաղապահ ուժերի զինծառայողներն առանձնացան մյուս զինծառայողներից, քանի որ, կարելի է ասել, նրանց զորամասից դուրս գալն ու ցուցարարներին միանալը բեկում առաջացրեց հեղափոխության ընթացքի մեջ։ Որոշ տեղեկություններով, Կրկեսի մոտ գտնվող խաղաղապահների գնդից դուրս եկած զինվորներին տեսնելով է Սերժ Սարգսյանը վերջնականապես հասկացել, որ դիմադրելն անիմաստ է ու հրաժարականի դիմում է գրել։

Հետո այդ զորամասի հրամանատարին պարգեւատրեցին՝ նա այլ, ավելի բարձր պաշտոնի տեղափոխվեց։ Սակայն նոր իշխանությունները համապատասխան «հետեւություններ» արեցին այդ դիպվածից եւ խաղաղապահների զորամասը հանեցին մայրաքաղաքից եւ տեղափոխեցին Աբովյան՝ Բալահովիտ։

Բացի այդ, ուրիշ փոփոխություններ էլ են իրականացվել այս ընթացքում։ Խաղաղապահ ուժերը հեղափոխությունից հետո սկսել են համալրել ռոտացիոն սկզբունքով։ Նախկին սպայական կազմը, որը հիմնավոր զինպատրաստություններ էր անցել տարբեր ռազմական ուսումնական կենտրոններում, ինչպես նաեւ մի քանի լեզուների էին տիրապետում սպաները։ Նախկինները խաղաղապահ առաքելություններին մասնակցած բարձրորակ զինծառայողներ էին, հիմա սկսել են նրանց փոխարինել տարբեր զորամասերից այստեղ տեղափոխվող Հայաստանում պատրաստություն ստացած զինծառայողներով։ Իսկ խաղաղապահ զորքերում ծառայելը ոչ միայն հեղինակավոր ծառայություն է, այլեւ այստեղից պարբերաբար խմբեր են մեկնում ՆԱՏՕ-ի դրոշի տակ առաքելություն իրականացնելու եւ դրա դիմաց բարձր վարձատրություն են ստանում, ուստի ցանկացողները շատ են։

ՊՆ ղեկավարությունը որոշել է հավասարություն սահմանել եւ այլ զորամասերից ռոտացիոն սկզբունքով խաղաղապահ գունդ տեղափոխել ոչ այնքան փորձառու եւ լեզուների չտիրապետող, հատուկ կրթություն չստացած, Հայաստանում պատրաստություն ստացած սպայական կազմով։ Իսկ վերջիններիս փոխարեն նախկին խաղաղապահներին ուղարկել սովորական զորամասեր, ինչը դժգոհությունների տեղիք է տվել եւ խաղաղապահներից շատերը սկսել են դիմումներ գրել եւ զորացրվել։ Բացի այդ, որոշակի դժգոհություններ են առաջացել զորամասի գտնվելու տեղի հետ կապված՝ աշխատավարձի մի մասը ծառայողները սկսել են ծախսել Բալահովիտ գնալ-գալու վրա։

Մեր զրուցակիցները նշեցին, որ ստեղծված իրավիճակով պայմանավորված վերջին շրջանում ծառայողները տասնյակներով դուրս են գալիս խաղաղապահ զորքերից։ Իրենց խոսքով՝ այդ պայմաններում աշխատելը ձեռք չի տալիս։ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը մեկնաբանելով այս թեման ասաց․ «Խաղաղապահ բրիգադի շարքային կարգի զինծառայողները ստանում են աշխատավարձ այնքան, որքան ստանում է ՀՀ ԶՈւ ուժի պայմանագրային կազմի մյուս զինծառայողը։ Իրենց համար կա նաեւ գործուղումների հատուկ գրաֆիկ, որից չի օգտվում այլ զորամասերի եւ զորատեսակների պայմանագրային զինծառայողները եւ ինչ-որ ֆիքսված ժամանակով գնում են արտասահմանյան գործողումների, որի համար ստանում են հավելավճարներ, որը հասանելի չէ այլ զորատեսակների զինծառայողներին»։ Հարցին, թե վերջին շրջանում քանի՞ հոգի են դուրս եկել խաղաղապահ բրիգադից, Հովհաննիսյանը նշեց՝ այդ հարցին չի պատասխանելու, որովհետեւ դա համարվում է պետական գաղտնիք։

ՀԳ․ Մեզ ասացին, որ այս օրերին Զառ գյուղում՝ Աբովյանի հարեւանությամբ ՆԱՏՕ-ի զորավարժություններն են ընթանում, որոնք մոտ մեկ շաբաթ են տեւելու եւ որի արդյունքում ՆԱՏՕ-ն պետք է գնահատի մեր խաղաղապահների պատրաստվածությունը։ Այդ գնահատականը շատ կարեւոր է մեզ համար, քանի որ դրանով է որոշվելու՝ հայ խաղաղապահները կարո՞ղ են ինքնուրույն առաքելություն իրականացնել ՆԱՏՕ-ի դրոշի ներքո։ Եւ որպեսզի այս զորավարժությունները պատշաճ ընթանան եւ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները գոհ մնա մերոնց պատրաստվածությունից, զորամասից ռոտացիոն սկզբունքով այլ զորամասեր տեղափոխված սպաներին առաջարկել են ժամանակավորապես հետ գնալ եւ հանդես գալ իրենց նախկին զորամասի կազմում։ Մեզ ասացին, որ ռոտացիոն սկզբունքով խաղաղապահների գունդ վերջերս տեղափոխվածները նաեւ լեզվական խնդրին են բախվել՝ զորավարժությունների ժամանակ անգլերենի իմացությունն անհրաժեշտ է։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...