Այսօր հրապարակվեց  «ՎԵՐՆԱՏՈՒՆ» հասարակական-քաղաքական ակումբի հայտարարությունը

Загрузка...

 

Ակումբը հիմնադրվել է Վազգեն Մանուկյանի կողմից, որը թեև վերջին շրջանում ցուցաբերում էր զսպվածություն իր գնահատականների մեջ, սակայն, ինչպես տեսնում ենք, Վազգեն Մանուկյանը լինելով իր երկրի ՔԱՂԱՔԱՑԻ բառի ամենաուղղակի իմաստով՝ կայացրեց կամային որոշում՝ անմասն չմնալ Հայաստանում տեղի ունեցող անբարենպաստ, եթե չասենք՝ վտանգավոր զարգացումների դեմը առնելու գործընթացին:

Մենք բոլորս՝ այն սթափ դատող քաղաքացիները, արդեն մեկ տարուց ավել փորձում ենք իրազեկել հասարակությանը այն վտանգների մասին, որոնք անխուսափելիորեն իրականություն են դառնալու, եթե շարունակվեն այն քաղաքական գործընթացները, որոնք անհասկանալի դրդապատճառներով այդքան ջանասիրաբար իրականացնում են Հայաստանի նոր իշխանությունները:

Սակայն այն թշնամությունը և նեգատիվը, որը այսպես կոչված «թավշյա»հեղափոխության օրերից առատորեն սերմանվում էին այն ժամանակ դեռ քայլողների, այնուհետև՝ իշխանական դարձած զանազան գործիչների կողմից, թույլ չէր տալիս, որպեսզի հեղափոխական շմոլքից կուրացած զանգվածը դառնա ժողովուրդ և տեսնի իրականությունը: Թշնամությունն ու նեգատիվը հիմա էլ պահպանվում են, բայց արդեն տեսանելի են ողջամտության ծիլերը, որոնք ճեղքում են կարծրացած փսևդոհեղափոխական կողծ սկզբունքների կուռ կաղապարը:

Այսօր առավել քան ժամանակին է Վազգեն Մանուկյանի նման լուրջ և փորձառու գործչի առաջ գալը: Իմ սերնդի մարդիկ հիշում են, թե ինչպիսի դեր է խաղացել նա մեր երկրի քաղաքական իրադարձություններում: Վազգեն Մանուկյանը միշտ եղել է ողջամիտ, հավասարակշռված և, ինչը շատ ավելի կարևոր է՝ հայրենասեր, քաղաքական գործիչ: Դրա մասին է վկայում իր ողջ քաղաքական կարիերան: Երբ 1996 թվականի ընտրություններից հետո պարզ դարձավ, որ տվյալները կեղծվել են, ընդդիմությունը պահանջեց վերահաշվարկ կատարել: Պետք է ընդգծել, որ Վազգեն Մանուկյանը չհայտարարեց, թե ինքն է հաղթել ու ինքն է նախագահ: Հարցն ուրիշ ձևով դրվեց` յուրաքանչյուր ընտրատարածքից պատահականության սկզբունքով քվեատուփերից մի քանիսը բացել և վերահաշվարկ անել, ու եթե վերահաշվարկի արդյունքները չհամապատասխանեն հայտարարված արդյունքներին, ապա պետք է նոր ընտրություններ կազմակերպել կամ գնալ երկրորդ փուլի:

Սեպտեմբերի 25-ին բազմահազարանոց հանրահավաք էր` ընդդեմ կեղծված ընտրությունների: Ցուցարարները հավաքվել էին Ազգային ժողովի դիմաց, քանի որ այնտեղ էր գտնվում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Վազգեն Մանուկյանը ներս մտավ Ազգային ժողովի շենք, որպեսզի բանակցի ԿԸՀ-ի նախագահի հետ մի քանի քվեատուփ բացելու ու վերահաշվարկ կատարելու հարցի շուրջ: Ինչ կատարվեց հետո, բոլորս գիտենք: Վազգեն Մանուկյանը չդավաճանեց իր սկզբունքներին և մինջ օրս շարունակում է մնալ սկզբունքային քաղաքական գործիչ:

Այս ժամանակներում, երբ սկզբունքներն ու հայրենասիրությունը որոշների համար հեշտությամբ դառնում են սակարկության առարկա, Վազգեն Մանուկյանի նման գործչի ակտիվությունը քաղաքական դաշտում ծայրահեղ կարևոր է: Նա իր օրինակով կարող է իր յուրահատուկ դերակատարումը ունենալ նաև նոր Հայաստանի ապագայի համար մտահոգ քաղաքական ուժերի համախմբվելու և օրակարգ ձևավորելու համար: Եվ ի վերջո, եկեք ընդունենք, որ մենք բոլորս Վազգեն Մանուկյանին մեկ հաղթած ընտրություններ ենք պարտք:

Նատալյա Սաղիյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...