Փչում են, փչում են, փչում են փուչիկը…«Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է.

Եթե ուզում ես հասարակությանը տեղը տեղին հիմարեցնել, ապա ասելիքդ սկսիր ստով: Ցանկալի է՝ շատ մեծ ու ակնհայտ ստով: «Առաջին լրատվականի» Արծրունիների եւ Ամատունիների շարքերը համալրած Կարպիս Փաշոյանը հրաշալի է տիրապետում մարդկանց հիմարեցնելու արվեստին, իսկ նրա վերջին հոդվածներից մեկը, որ վերնագրված էր՝ «Հրայր Թովմասյանը պետք է հեռացվի», դրա դասական օրինակն է:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հոդվածն սկսվում է այսպիսի նախադասությամբ. «ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը ՍԴ անդամ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթաց է սկսել, ինչը չափազանց ուշագրավ դիսկուրսի պատճառ է դարձել»: Դադարեցնելով հոդվածի ընթերցանությունը՝ զանգեցի ԱԺ՝ «Իմ քայլը» խմբակցություն՝ Դուք արդեն սկսե՞լ եք ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթացը: Ոչ: Բայց Կարպիս Փաշոյանը գրել է, որ սկսել եք…  Շատ ներողություն, իսկ ե՞րբ եք սկսելու: Չենք կարող ասել: Ես կարո՞ղ եմ ենթադրել, որ Ռոբերտ Քոչարյանի դատի նախօրյակին Արարատ Միրզոյանի եւ Լիլիթ Մակունցի հայտարարությունները, թե նման գործընթաց եք սկսելու, նպատակ էին հետապնդում ճնշում գործադրել դատավոր Դանիբեկյանի վրա, որպեսզի վերջինս ՍԴ հայտնի որոշման հիմքով ազատ չարձակի Քոչարյանին: Ոչ, չեք կարող ենթադրել…

Իր հոդվածի առաջին նախադասության մեջ Կարպիսը մեկ այլ սուտ էլ է գրել՝ Հրայր Թովմասյանին մեծարելով «ՍԴ անդամ»: Բայց սա, ինչպես ասում են, անմեղ սուտ է այն ստերի համեմատությամբ, որ ԱԺ քաղաքական մեծամասնության ուժերով ՍԴ գործուղված Վահե Գրիգորյանը հյուսեց իր անձի անսահմանափակ կարողությունների մասին եւ ինքնահռչակվեց ՍԴ նախագահի պաշտոնակատար: Այսուհանդերձ՝ ես կխնդրեի ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին՝ առաջնորդվել Սահմանադրական դատարանի մասին օրենքի «Ընդհանուր դրույթներ» գլխի 4-րդ հոդվածի 5-րդ կետով եւ կարգի հրավիրել Վահե Գրիգորյանին, որպեսզի մեր իրավական պետությունն ու նրա հպարտ քաղաքացիները վերջապես ազատվեն ՍԴ նախագահի պաշտոնի նկատմամբ Վահե Գրիգորյանի հեռահար նկրտումներից: Նշված հոդվածի 5-րդ կետն ասում է, որ ՍԴ դատավորը չի կարող լինել որեւէ կուսակցության անդամ կամ հիմնադիր, կուսակցությունում պաշտոն զբաղեցնել, կուսակցության անունից ելույթներ ունենալ կամ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ։ ՍԴ դատավորը հրապարակային ելույթներում եւ ցանկացած այլ հանգամանքում պարտավոր է դրսեւորել քաղաքական զսպվածություն եւ չեզոքություն:

Ընդամենն այսքանը, եւ դա լիուլի բավական է, որ ՍԴ դատավորի կարգավիճակը ՀԱԿ ակտիվիստի կարգավիճակի հետ շփոթած, ՍԴ աշխատանքներից խուսափող Վահե Գրիգորյանը համապատասխան հետեւություններ անի, իսկ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին ՍԴ նախագահի պաշտոնից հեռացնել ցանկացող զանգվածն էլ, որ որեւէ ընդհանուր աղերս չունի օրենքի ու օրինականության հետ, դադարեցնի հանրությանը մոլորեցնելու իր անշնորհակալ գործը: Հուսամ, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը, որ արդեն իսկ մեղավոր է ՀԱԿ ակտիվիստ Վահե Գրիգորյանին ՍԴ գործուղելու համար, ձեռնպահ կմնա հետագա խայտառակությունից, որ շատ գեղեցիկ է նկարագրված այդ խմբակցության ղեկավարության՝ Սահմանադրական դատարանի դեմ ուղղված հայտարարություններում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Իսկ ով չհասկացավ, կրկնեմ՝ Վահե Գրիգորյանը՝ որպես ՍԴ դատավոր, խախտել է ՀՀ Սահմանադրությամբ եւ ՍԴ մասին օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները եւ իր պաշտոնավարման ընթացքում զբաղվել է քաղաքական գործունեությամբ: Ուստի, ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը պարտավոր է առաջին հերթին զբաղվել Վահե Գրիգորյանով եւ ոչ թե «գործընթաց սկսելու» հաթաթաներ հնչեցնել՝ չիմանալով ինչու եւ ում դեմ:
Վահե Գրիգորյանի էջը փակվելուց հետո կվերանա՞, արդյոք, ՍԴ-ի ճգնաժամը: Հրայր Թովմասյանը հիմա գեղեցիկ ժպտում է՝ ՍԴ-ում ճգնաժամ չկա, որ վերանա կամ չվերանա: Չհասկացա, այսինքն, ՍԴ-ում ամեն ինչ նորմալ է, բայց ԱԺ ազգընտիր մեծամասնությունը տենչում է ՍԴ նախագահի հրաժարակա՞նը: Ինչո՞ւ, պարոն Թովմասյան: Եսիմ…

Դե որ եսիմ, ես էլ կհարցնեմ Կարպիս Փաշոյանին: Կարպիս, այդ ինչո՞ւ ես որոշել, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության կողմից «ՍԴ անդամ» Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթաց սկսելը դարձել է «չափազանց հետաքրքիր» դիսկուրսի պատճառ: Մի՞թե օրինական է այդպիսի գործընթաց սկսելը, եւ մի՞թե դա արվում է բացառապես «չափազանց հետաքրքիր» դիսկուրս սկսելու համար… Չհասկացա… Ինչո՞ւ չհասկացար, Կարպիս ջան, ասում եմ՝ այս ամենն օրինականության հիմքեր ունի՞, թե՞ արվում է հանուն դիսկուրսի, ասել-խոսելու, մարդկանց հիմարեցնելու համար… Հա՛ա՛ա՛…

Փաշոյանն ընկնում է պեչենու բաղերը, թե բա՝ «Չխորանալով խնդրի իրավական ասպեկտների մեջ՝ իմ հոդվածում փորձել եմ հասկանալ խնդրի քաղաքական ու քաղաքագիտական առանձնահատկությունները, քանի որ դիսկուրսն առաջին հերթին քաղաքական հարթության մեջ է, իսկ իրավականը զուտ դրա ածանցյալն է»: Հիմա էլ ես չհասկացա, եթե կարելի է՝ ավելի հասկանալի… Խնդրեմ. «Չգիտես ինչու՝ դատական համակարգի վերաբերյալ ինչ-որ անհասկանալի միֆեր ու լեգենդներ են հյուսվել՝ իբրեւ թե այն «սուրբ կով» է, որին չի կարելի դիպչել… դատական համակարգին ոչ միայն կարելի է դիպչել, այլ նաեւ անհրաժեշտ է անցնել դրա վրայով, եթե, իհարկե, այն չի արտահայտում հանրության ակնկալիքները ժողովրդավարական պետություն կառուցելու գործում: Անշուշտ, Սահմանադրական դատարանը հայտնվել է հենց այդպիսի կարգավիճակում»:

Այ, հիմա հասկացա, սա եղավ հայերեն: Փաստորեն, մինչեւ դատական համակարգի վրայով չանցնես, ժողովրդավարական պետություն կառուցել չես կարող: Սա է ասում Կարպիս Փաշոյանը՝ ձեռքի հետ հիշեցնելով նաեւ Նիկոլ Փաշինյանի հայտնի արշավանքը դատարանների, այդ թվում եւ ՍԴ-ի դեմ: Եվ ուրեմն՝ այն, ինչ հնարավոր չէ անել օրենքով, պետք է անել ասֆալտին փռելով․ ահա ժողովրդավարական պետություն կառուցելու կարպիս-նիկոլական տեսլականը: Ի՞նչ ասեմ, եկեք փորձենք, բայց նախեւառաջ պարզելով՝ ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 5-ին չարշավեց ՍԴ-ի դեմ, քանի որ սեպտեմբերի 4-ին ՍԴ-ն որոշել էր, որ ՀՀ երկրորդ նախագահին կալանավորելը հակասել է Սահմանադրությանը: Վախեցա՞վ, թե՞ պարզապես չցանկացավ երկրորդ անգամ նույն սխալը գործել:

Հիմա, եթե ես էլ, Փաշոյանին հակառակ, խորանամ խնդրի իրավական ասպեկտների մեջ, ապա կարող եմ հայտարարել, որ Փաշինյանը քաղաքական եւ քրեական հանցագործ է միաժամանակ, որովհետեւ, նախ՝ իրեն դրել է սահմանադրության տեղը եւ, ապա՝ ահաբեկել է դատավորներին՝ նախապես չապացուցելով նրանց մեղքն իր եփած այս շիլայի մեջ: Իսկ եթե ավելի խորանանք, հնարավոր է նաեւ հասկանանք՝ իրավական պետության մեջ կա՞ առհասարակ որեւէ «կարմիր կով», որ կարող է անցնել դատական համակարգի վրայով: Պարզվում է՝ չկա այդպիսի կով, բայց փոխարենը կա Սահմանադրություն, որ կարգավորում է մեր՝ համեմատաբար «կարմիր կովերի» իրավունքներն ու պարտականությունները:

Ուզում էի ամփոփել, բայց մեկ էլ աչքովս ընկավ Կարպիս Փաշոյանի հոդվածի վերջաբանը: Պարոնը մի հանգի նույն բանն է գրում. «Վերջաբանի փոխարեն միայն նշենք հետեւյալը՝ Հրայր Թովմասյանը, անշուշտ, պետք է հեռացվի, եւ դա դատական համակարգի բարեփոխման եւ բարենորոգման մեկնարկային կետն է, եւ այս պարագայում անօրինականը սկսած գործընթացը կիսատ թողնելն է»: Ի՞նչ կարող եմ անել՝ մարդը ստով սկսել, ստով էլ ավարտել է խոսքը: Բայց ես չեմ զլանա մեկ անգամ էլ կրկնել, որ Հրայր Թովմասյանին հեռացնելու գործընթաց, որպես այդպիսին, ո՛չ սկսվել է, ո՛չ էլ կարող է սկսվել: Ինձ չես հավատում, Կարպիս ջան, զանգիր ԱԺ «Իմ քայլը» խմբակցություն…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով