Հայկական շշալցված ջրերում հայտնաբերվել է բարձր քանակությամբ մկնդեղ․ ահազանգում է ԱՄՆ FDA-ը

«Հրապարակ»-ը գրում է

Միացյալ Նահանգների Սննդի եւ դեղամիջոցների սանիտարական վերահսկողության վարչությունը /FDA/ հրապարակել է նախազգուշացում այն մասին, որ իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Հայաստանից ԱՄՆ արտահանված երեք տարբեր արտադրողների շշալցված ջուրը պարունակում է բարձր քանակությամբ մկնդեղ։ Մկնդեղը հանդիսանում է թունավոր նյութ եւ հայտնի է մարդու վրա ունեցած իր քաղցկեղածին ազդեցությամբ։ Այն կարող է հանդիպել ամբողջ աշխարհում աղբյուրի ջրի մեջ։ Մկնդեղի ախտանիշները սովորաբար ի հայտ են գալիս ջրի օգտագործումից մի քանի ժամից հետո։ Առավել հավանական հետեւանքներն են՝ սրտխառնոցը, փխսումը, դիարեյան, եւ փորացավը։ Մի քանի օրից մինչեւ մի քանի շաբաթվա ընթացքում կարող են վնասվել երիկամները, լյարդը, մաշկը, սիրտ-անոթային համակարգը, նյարդային համակարգը։ Երկարատեւ կիրառությունը կարող է բերել քաղցկեղի եւ մահվան։ FDA-ի ուսումնասիրությունները պարզել են, որ մեկ լիտր ջրում, որը վերցված է եղել Հայաստանի երեք շշալցված ջուր արտադրողներից, պարունակվում է ավելի քան 450 միկրոգրամ մկնդեղ այն դեպքում, երբ շշալցված ջրի համար ստանդարտը ավելին չէ, քան 10 միկրոգրամը։ Նույնը վերաբերում է նաեւ արոմատիզացված ջրին, որտեղ էլ ոչ-օրգանական մկնդեղի պարունակություն է հայտնաբերվել։ Սա նշանակում է, որ ԱՄՆ շրջաններում այս արտադրանքը կարող են թույլ չտալ իրացնել, քանի որ դրանք գտնվում են վտանգավորության «կարմիր ցուցակում»։ «Կարմիր ցուցակում» հայտնված արտադրանքը պատկանում է «Ջերմուկ» եւ «Արփի» հանքային ջրերի գործարաններին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

FDA-ի հրապարակած նախազգուշական հայտարարությունն ամբողջությամբ, տես՝ այստեղ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով