Ծռերի հետ դեմոնստրատիվ քաղաքական «Ճռիկները» իրենց մեջ բացասական արձագանքի վտանգ են պարունակում

Քաղաքագետ  Գարեգին Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Սասնա ծռեր» կուսակցության ներկայացուցիչներին դեմոնստրատիվ կերպով իր մոտ ընդունելով Նիկոլ Փաշինյանը վերջնականապես ապացուցեց, որ արտաքին քաղաքականության ռուսական օրակարգն ամբողջությամբ սպառված է:

Այն որ ծռերին կուսակցություն կարելի է անվանել խիստ վերապահումով, կարծում եմ, սրա մասին բոլորից լավ գիտի հենց Փաշինյանը, բայց հենց նրանք են հարմար գործիքակազմ ՝ Ռուսաստանին իր կարծիքով «հակահարվածներ» ուղղելու համար: Բայց սա թերևս միայն վարչապետի կարծիքն է, որտեղ հետևանքները հաշվարկված և գնահատված չեն: Իսկ հայտնի խոսք ասում է՝ ոչինչ մեզ այնպես չի խաբում, ինչպես մեր կարծիքը:

Ծռերի հետ դեմոնստրատիվ քաղաքական «Ճռիկները» իրենց մեջ բացասական արձագանքի վտանգ են պարունակում ոչ միայն ռուսական, այլև իրանական գործակցության դաշտում: Այս հանգամանքը կարող է ի շահ ծառայեցնել նաև Թուրքիան՝ հատկապես ռուս-թուրքական ներկայիս հարաբերությունների ֆոնին: Ի վերջո պետք չէ մոռանալ, որ 2016 թ. հուլիսին զարմանալի զուգադիպությամբ ժամանակային առումով համընկել էին Էրդողանի դեմ հեղաշրջման փորձը Թուրքիայում և ՊՊԾ գնդի զինված գրավումը Երևանում: Այս հարթության վրա էլ կան չպարզաբանված, կնճռոտ հարցեր: Միամտություն կլինի կարծել թե այս մասին էլ Նիկոլը չգիտի:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Գիտի, նույնիսկ՝ հրաշալի գիտի, պարզապես դաշնակցային հարաբերությունների կառուցակարգման բոլոր մյուս ռացիոնալ տարբերակները նրա մոտ վաղուց սպառվել են: Ինչու՞ են սպառվել, որովհետև ի սկզբանե չգիտեր՝ ուր, ինչ ճանապարհով, ինչ ռեսուրսներով և ի վերջո՝ ինչ համար է գնում: Իսկ Սենեկան դեռ 2000 տարի առաջ է ասել. «Երբ մարդ չգիտի, թե դեպի որ նավահանգիստն է ուղղվում, նրա համար ոչ մի քամի էլ համընթաց չի լինի»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով