Ինձանից հետո թեկուզ ջրհեղեղ

Ահա և մեր հայրենիքի վարչապետի պաշտոնը զբաղեցնող լրագրողը հասավ ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակ, նա մասնակցել է Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանն ու հանդես եկել ելույթով: Անկեղծ ասած, դժվարությամբ կարողացա մինչև վերջ լսել, քանի որ անգլերեն թարգմանությունը շատ վատն էր: Իսկ հիմա, երբ, հուսով եմ, գնահատեցիք հեգնանքս, եկեք մի կողմ դնենք կատակը և ավելի լուրջ նայենք իրավիճակին, ապա կտեսնենք հետևյալ պատկերը:

Նիկոլ Փաշինյանը արդեն 15 ամիս է, ինչ ինքն իրեն հռչակել է մեր հայրենիքում եղած ժողովրդավարության միակ ճրագ, ընդ որում՝ միայն իրեն հայտնի պատճառներով: Ինչևիցե, ընդունենք մի պահ, որ դա այդպես է: 20-րդ դարում այդ որակմանը համապատասխանող մի քանի քաղաքական գործիչ կար, որոնցից ես կընտրեմ Նելսոն Մանդելային և Մահաթմա Գանդիին: Առաջինին ընտրել եմ, քանի որ անցած տարի Հայաստանում բռնկված հեղափոխական հրդեհի մեջ ինքնակամ հաճույքով տապակվողներից գտնվեցին այնպիսիք, ովքեր համեմատեցին Փաշինյանին Գանդիի (դեռ Գյումրիից Երևան քայլերթի ժամանակ) և այնուհետև՝ Մանդելայի հետ: Այս առումով բան չունեմ ասելու՝ ճաշակի, իսկ ավելի ճիշտ – գիտելիքների հարց է: Այս ամենի մասին մտորելով այսօր լսեցի նաև Նելսոն Մանդելայի ելույթները ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում և Մահաթմա Գանդիի ոչ բռնի դիմադրության մասին (Gandhi “Nonviolent Resistance” speech):

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Առաջին բանը, որը անմիջապես գրավեց իմ ուշադրությունը այն էր, որ այդ երկու գործիչերը գրեթե չեն օգտագործում ՛Ես՛, ՛Իմ՛, ՛Ինձ՛ և այլ անձնական դերանունները, դրանք փոխարեն կիրառելով ՛Մենք՛, ՛Դուք՛, ՛Ձեզ՛ և այլն: Իսկ մեր հայրենիքը ներկայացնող անձնավորությունը վատնեց շուրջ 30 րոպե բավարարելու համար իր եսակենտրոնությունից բխող ծափահարությունների ծարավը և ըստ էության չանդրադարձավ Հայաստանի համար կարևոր ոչ մի հարցին: Երբ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում խոսում էր Նելսոն Մանդելան, իսկ նա դա արել է մի քանի անգամ, իր խոսքի առանցքը միշտ եղել են համամարդկային հիմնախնդիրները՝ աղքատությունը, սովը, ջրի պակասը, կրթության անհասանելիությունը և այլն: Ոչ մի անգամ Մանդելան չի խոսել միայն Հարավ-Աֆրիկյան հանրապետության խնդիրների մասին:

Իսկ ՀՀ վարչապետը շուրջ 30 րոպե խոսել է անցած տարվանից ի վեր իբրև թե ունեցած ձեռքբերումների մասին, որոնց հետ ինքը գրեթե կապ չունի, օրինակ՝ Թումո կենտրոնի մասին: Զգացեք տարբերությունը, ինչպես կասեր դասականը: Այո, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր ամբիոնը միշտ օգտագործվել է համամարդկային հիմնախնդիրների մասին բարձրաձայնելու համար, իսկ այն առաջնորդները, որոնք ելույթ են ունեցել այդ ամբիոնից, առավելապես խոսել են իրենց հայրենիքների համար կարևորագույն խնդիրների, այսպես ասած՝ պարադիգմայի մասին: Մեր թշնամիները ջանք չեն խնայել այդ բարձր ամբիոնից Հայաստանը ագրեսոր ներկայացնելու համար և բազմիցս հնչեցրել են անհիմն մեղադրանքներ մեր հասցեին: Բարեբախտաբար, մինչև 2018 թվականի գարունը կային մարդիկ, ովքեր արժանապատվորեն արձագանքում էին և հստակ արտահայտում էին Հայաստանի դիրքորոշումը, մասնավորապես ցեղասպանության ընդունման և Արցախի հանրապետության կարգավիճակի վերաբերյալ: Նրանք չէին թաքնվում նոր ցեղասպանության բացառման մասին բառերով և չէին ծավալվում Ադրբեջանի ժողովրդի համար ընդունելի տարբերակ փնտրելու մասին:

Նրանք հստակ ասում էին, որ թշնամին անհնարինն է ուզում: Իր ելույթի առաջին մասում վարչապետը անդրադառնում է նաև նոր քաղաքական մշակույթին և Ժողովրդի անմիջական իշխանության մասին, ինչը հատկապես ուշագրավ է, քանի որ այդ համատեքստում վարչապետը նշեց, որ ՀՀ նոր իշխանությունները մտադիր են երաշխավորել ժողովրդի կամարտահայտությունը ոչ միայն ընտրությունների, այլեւ տեղական եւ ազգային հանրաքվեների միջոցով, որպեսզի մարդիկ ներգրավվեն որոշումների կայացման գործընթացում: Անկեղծ ասած, տարակուսանքի մեջ եմ: Եթե ՀՀ նոր իշխանությունները ունեն այդպիսի դիրքորոշում, ապա տարօրինակ է, որ իշխող կուսակցության պարլամենտական ֆրակցիայի ղեկավարը Ամուլսարի շահագործման հիմնահարցի շրջանակներում հանրահավաքներ կազմակերպողներին սպառնացել է ոստիկանության միջամտությամբ… Հատկապես հետաքրքիր էր լսել, թե ինչ կասի վարչապետը Արցախի հանրապետության հիմնահարցի մասին: Մի ամբողջ ելույթ լսեցի, որ իմանամ, թե ինչ դիրքորոշում ունի նոր Հայաստանը, քանի որ արդեն 15 ամիս է հասկանալի չէ, թե ինչ խաղեր են խաղում Հայաստանի նոր իշխանությունները:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Բայց ապարդյուն, վարչապետը չասեց ոչ մի բան: Չէ, ինձ ճիշտ հասկացեք, նա արտաբերեց բազմաթիվ բառեր, բայց ոչինչ չասաց: Եվ, ի պատասխան այդպիսի անողնաշար դիրքորոշմանը Ադրբեջանից անհապաղ հոխորտացել է փոխվարչապետը հետևյալ խոսքերով՝ «Ադրբեջանի բանակը մեկ օրվա ընթացքում կազատագրի Լեռնային Ղարաբաղը»: Հաշվի առնելով նախօրեին արված Ադրբեջանի պաշտպանության նախարարի բոցաշունչ հայտարարությունը այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի հետ նա կհանդիպի մարտի դաշտում, սա արդեն կարելի է համարել ակնհայտ ագրեսիայի դրսևորում: Հիշեցնեմ որ նախկինում պաշտոնական Ադրբեջանը շատ ավելի զուսպ էր իրեն պահում:

Արցախի արձագանքը նույնպես չուշացավ և նույնպես ոչ մի լավ բան չի խոստանում: «ՄԱԿ-ի ամբիոնից Ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած բանաձևն իրականության հետ չհամապատասխանող, չաշխատող է, դրա համար պայմաններ չկան» ասել է Արցախի ԱԺ փոխնախագահը: Իհարկե վարչապետը իր ամպլուայի մեջ էր և անդադար կրկնում էր ՛թավշյա՛, ՛ոչ բռնի՛, ՛խաղաղասեր՛ բառերը և դրանց զանազան հոմանիշները: Միգուցե դահլիճում սակավաթիվ ներկաներից ոմանք, ով տեղյակ չէ Հայաստանում տիրող իրական իրավիճակից, տպավորվեցին այդ խոսքերով: Բայց մենք, Հայաստանի հպարտ և ոչ այնքան հպարտ քաղաքացիներս, գիտենք իրականությունը: Գիտենք՝ քանի մարդու կյանք կործանվեց բազմաթիվ կրճատումների, համացանցում տիրող ագրեսիայի, այլախոհներին ուղղված հայհոյանքների և մեղադրանքների, սեփական ժողովրդին սևերի և սպիտակների բաժանելու պատճառով…

Մահաթմա Գանդին իր մեծ խոսքի մեջ մասնավորապես ասել է, որ ինքը պատրաստ է կյանքը տալ արդար գործի համար, սակայն չկա այնպիսի արդար գործ, որի համար նա պատրաստ է կործանել որևէ մեկի կյանքը: Իսկ դո՞ւք, պարոն վարչապետ:

Մի խոսքով, բոլոր առումներով ձախողված այց ԱՄՆ, որի համար ծախսվել են ահռելի գումարներ: Միակ ձեռքբերումը, որը կունենա Հայաստանը իր վարչապետի այս թանկարժեք այցից հետո, դա այն զավեշտալի լուսանկարն էր Թրամփերի ընտանիքի կողքին, որը, ինչպես որ պարզվեց, իրական չէր: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ելույթ ունենալը յուրաքանչյուր պետության ղեկավարի համար մեծ պատիվ է, բայց նաև առաքելություն սեփական երկրի շահերը ներկայացնելու, դիրքորոշումը հստակորեն արտահայտելու, հինախնդիրները լսելի դարձնելու համար: Բայց ոչ մեր համար: Մեր երկրի ղեկավարը, ոնց հասկանում եմ, առաջնորդվում է միանգամայն այլ սկզբունքներով՝ ինքնագովազդ, ինքնագովազդ և կրկին ինքնագովազդ, քանի դեռ կա այդպիսի հնարավորություն, ապա ՛ինձանից հետո թեկուզ ջրհեղեղ՛:

                                                                                                                                                           Նատալյա Սաղիյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով