ԵԱՏՄ-ի ստվերը կամ Նիկոլի փոխակերպումը

Սեպտեմբերի 3-ին լրանում է Հայաստանի Հանրապետության Մաքսային միությանը միանալու 6 տարին: Սակայն Մաքսային միությանը միանալը միայն սկիզբն էր: Դրան հաջորդեց շատ ավելի լուրջ գործընթաց՝ 2014թ. հոկտեմբերի 10-ին Հայաստանի Հանրապետությունը ստորագրեց ԵԱՏՄ մասին պայմանագրին միանալու պայմանագիրը:
Հայաստանի ԵԱՏՄ անդամակցելը առաջացրեց երկու բևեռային դիրքորոշում՝ դրան կողմ և արմատապես դեմ: Բոլորս հիշում ենք, թե ինչպիսի խանդավառությամբ այժմ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձնավորությունը, իսկ այն ժամանակ ընդդիմադիր պատգամավորը քարողչություն էր իրականացնում Հայաստանի ԵԱՏՄ անդամության դեմ:
2017 թվականին Նիկոլ Փաշինյանը խիստ դատապարտում էր Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին, նույնիսկ հոկտեմբերի 3-ին «Ելք» դաշինքի կազմում ներկայացրել էր նախագիծ Հայաստանի Հանրապետության մասով ԵԱՏՄ անդամության պայմանագրի գործողությունը դադարացնելու գործընթաց սկսելու վերաբերյալ: Նիկոլ Փաշինյանը և իր համախոհները ջանք ու եռանդ չէին խնայում ԵԱՏՄ-ին անդամակցելու բոլոր իրական և երևակայական թերությունները մատնանշելու և ժողովրդի ուշադրությունը դրանց վրա սևեռելու համար:
Նույնիսկ անցած տարի գարնանը, երբ Հայաստանում դեռ կար լեգիտիմ ընտրված իշխանություն, իսկ Նիկոլ Փաշինյանը դեռ քայլում էր Գյումրիից Երևան և կպչուն ժապավենով փակում էր նկարահանող սարքերը, դեռ բավականին բարեկազմ էր և դեռ վայելում էր ժողովրդի վստահությունը, նա դեմ էր Հայաստանի անդամությանը ԵԱՏՄ-ին: Եվ հանկարծ՝ ինչպիսի փոխակերպում, ո՞վ կմտածեր… 6.12.2018թ. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանը ասել է՝ «Այսպիսով, 2018 թ.-ի առաջին 10 ամիսներին Հայաստանի եւ Եվրասիական տնտեսական միության երկրների միջեւ ապրանքաշրջանառության աճը 2017 թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 15%:
Նույն ժամանակահատվածում ԵԱՏՄ երկրներ արտահանման ծավալներն ավելացել են ավելի քան 22%-ով, իսկ Հայաստանի ընդհանուր արտահանման ծավալը` 11.7%-ով: Ավելանում է նաեւ ԵԱՏՄ երկրների բաժինը Հայաստանի ընդհանուր արտահանման կառուցվածքում: Այս փաստերը, կարծում եմ, վկայում են ոչ միայն մեր ապրանքների համար ԵԱՏՄ շուկաներում ստեղծված բարենպաստ կոնյուկտուրայի, այլեւ մեր միության ներսում գործող ազատ առեւտրի գործիքների արդյունավետության մասին:» Այնուհետև 30.03.2019թ. Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի ժամանակ նա ասել է՝ «Ինչպես արդեն բազմիցս նշել եմ, Եվրասիական տնտեսական միությունում մասնակցությունը մեր կառավարության գործունեության առաջնային ուղղություններից է։
Մենք ձգտում ենք ԵԱՏՄ-ում Հայաստանի առավելագույնս արդյունավետ մասնակցությանը` միևնույն ժամանակ ջանքեր գործադրելով համագործակցության մեխանիզմների կատարելագործման և ինտեգրացիոն տարածքի արդյունավետ գործունեության համար։» Եվ այդպես շարունակաբար երբեմն ԵԱՏՄ անդամակցության երդվյալ հակառակորդը բազմիցս կրկին և կրկին հայտարարում է, որ Հայաստանը շահարգրռված է ընդլայնել իր անդամակցությունը ԵԱՏՄ-ին, օրինակ՝ 29.05.2019թ. Նուր-Սուլթանում (Ղազախստան) Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստի ժամանակ, 9.08.2019թ. Ղրղըզստանի Իսիկ Կուլի շրջանի Չոլպոն-Ատա քաղաքում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստում, 06.06.2019թ. Սանկտ Պետերբուրգում կայացած Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպման ժամանակ:
Ինչպես տեսնում ենք՝ եթե մեկը գտնվում է քաղաքական բուրգի գագաթին և այնքան էլ հակված չէ պահպանել իր այդ դիրքը պահպանելու համար անհրաժեշտ սկզբունքայնությունը, միամտաբար կարծելով, որ սկզբունքայնությունը դա մանրուք է, որը կարելի է անտեսել, ապա այդպիսի մարդուն բարոյական հատույթում գտնվող սկզբունքային բոլոր որոշումները շատ հեշտ են տրվում:
Սակայն այդպիսի մարդիկ շատ արագ ցած են գլորվում այն գագաթից, ուր հասել են սկզբունքայնությունից զուրկ լինելու շնորհիվ, ինչպես որ բազմադեմ Յանուսը, որին զրկեցին դեմիուրգի կարգավիճակից հենց նրա համար, որ նա չեր կարողանում հասկանալ, թե ինչի համար են պետք սկզբունքները…

                                                                                                                         Նատալյա Սաղիյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով