Սպասենք նոր թանկացումների.168.am

168.am-ը գրում է.

Նիկոլ Փաշինյանի խոստացած էժանացումներն իշխանափոխությունից հետո հասարակությունն այդպես էլ չտեսավ։ Փոխարենը՝ սպասվում են նոր թանկացումներ, որոնց առաջիկայում կբախվեն սպառողները։

Իշխանության գալուց առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե Հայաստանում ապրանքների գները բարձր են, որովհետև չկա մրցակցությունը։ Օլիգարխները բաժանել են շուկաները և ոչ միայն թույլ չեն տալիս, որպեսզի գներն իջնեն, այլև չհիմնավորված բարձր գներ են սահմանել։

Իշխանափոխությունից հետո մենաշնորհները կարծես թե «արմատախիլ» արվեցին, հաստատվեցին հավասար մրցակցային հարաբերություններ, ավելացան մասնակիցները, բայց գներն այդպես էլ չնվազեցին։ Այսօր էլ դրանք նույնքան բարձր են ու շարունակում են բարձրանալ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նոր սակագնային տարվան ընդառաջ` աստիճանաբար մեկնարկում են հանրային ծառայությունների սակագները վերանայելու գործընթացները։ Որպես այդպիսին, առաջնեկը դարձավ «Վեոլիա Ջուրը»։ Ընկերությունն արդեն դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին` սակագները ճշգրտելու և հերթական տարվա համար նոր սակագներ հաստատելու հայտով։ Ջրային համակարգի կառավարման պայմանագրով, «Վեոլիա Ջուրն» իրավունք ունի ամեն տարի հանդես գալ նման նախաձեռնությամբ, ինչից և օգտվել է։

Այս անգամ ընկերությունն առաջարկել է բնակչությանը խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայության գինը սահմանել խորանարդի դիմաց 181,8 դրամ։ Այն 1,8 դրամով ավելի է սպառողների այս խմբի համար ներկայումս գործող սակագնից։

Ինչպես հայտնի է, այժմ բնակչությունը ջրամատակարարման և ջրահեռացման ծառայության յուրաքանչյուր խորանարդ մետրի դիմաց վճարում է 180 դրամ։ Թեև հաստատված սակագինն ավելի բարձր է։ Այն կազմում է 191,4 դրամ։ Տարբերությունը` 11,4 դրամը, փոխհատուցում է պետությունը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այդպես էր մինչև իշխանափոխությունը, այդպես է նաև իշխանափոխությունից հետո։ Չնայած ժամանակին Նիկոլ Փաշինյանը խոսում էր հանրային ծառայությունների ոլորտում արհեստական բարձր և չհիմնավորված սակագների առկայության մասին, այնուհանդերձ իշխանության գալուց հետո այդ առումով այդպես էլ ոչինչ չփոխվեց։ Սակագները ոչ միայն չնվազեցին, այլև շարունակում են բարձրանալ։

Ջրամատակարարման ոլորտում դրանք այսօր շատ ավելի բարձր կլինեին, եթե կառավարությունը պետական բյուջեի հաշվին լրացուցիչ պարտավորություններ չվերցներ։ Դեռևս իշխանափոխությունից շատ չանցած վերանայվեց կառավարման պայմանագիրը, և սակագների բարձրացման մի մասն անցած տարվանից տեղափոխվեց։ Տպավորություն ստեղծվեց, թե հաջողվեց խուսափել թանկացումից։ Բայց իրականում այդ գումարը շարունակում է կախված մնալ սակագների վրա։

Սպառողներն այն կվճարեն ավելի ուշ։ Արդեն 12 դրամ տեղափոխվել է 2025թ., որը պիտի ավելանա այդ տարվա համար հաստատվող սակագներին։

Պայմանագրի վերաթարմացումը, իհարկե, այդքանով չսահմանափակվեց և չէր էլ կարող սահմանափակվել։ Իշխանափոխությունը նոր էր տեղի ունեցել, ու կառավարությունը, գոնե մոտակա մեկ-երկու տարիներին, սակագների կտրուկ բարձրացում թույլ չտալու խնդիր ուներ։

Ուստի որոշվեց սակագների բարձրացումը զսպել պետական բյուջեի միջոցների հաշվին։

Առաջիկա երկու տարիների բազիսային սակագները չբարձրացնելու դիմաց կառավառությունը ջրամատակարար ընկերության փոխարեն՝ կիրականացնի նրա ստանձնած ներդրումային ծրագրերի մի մասը։ Այդ նպատակով բյուջեն արդեն բավական մեծ գումարներ վճարել է։ Գումարներ, որոնք կարող էին ուղղվել բազմաթիվ այլ ծրագրերի ֆինանսավորմանը։ Բայց կառավարությունը նախընտրել է գնալ այս ճանապարհով` պետական բյուջեի հաշվին փորձելով փրկել սեփական հեղինակությունը։

Թերևս, դրա արդյունքում է, որ ընկերության հաջորդ տարվա սակագնային հայտն այդքան համեստ է ստացվել։ Չնայած ի սկզբանե ակնկալվում էր, որ անգամ դա չպետք է լինի։ Սակագները երեք տարի չպիտի բարձրանան։

Բայց ունենք այն, ինչ ունենք։ Ընկերությունը 1,8 դրամի հավելում է ուզում գործող սակագների վրա։ Ու հիմա Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պետք է կաշվից դուրս գա՝ հիմնավորելու, որ առաջարկվող գումարը հիմնավորված չէ։

Կհաջողվի՞, թե՞ ոչ, շուտով կերևա։ Թեև այնպես չէ, որ դրանով շատ բան է փոխվում։

Սակագների կտրուկ բարձրացման հարցը վերստին արդիական կդառնա 2022 թվականից։ Եթե ոչինչ չփոխվի, ապա այդ ժամանակ սպառողները շատ ավելի առարկայական կզգան թանկացման ազդեցությունը։

Սակագների վերանայման ժամկետները մոտենում են նաև հանրային ծառայությունների մյուս ոլորտներում։ Առայժմ այստեղ չկան վերանայման հայտեր։ Սակայն դա չի նշանակում, թե չեն լինելու։ Եվ դա վերաբերում է, առաջին հերթին, գազին։

Այս պահին կառավարությունում շունչները պահած սպասում են Ռուսաստանի Դաշնության նախագահի հոկտեմբերին նախատեսվող երևանյան այցին։ Ակնկալվում է, որ այդ ժամանակ էլ կհայտարարվի առաջիկա մի քանի տարիներին Հայաստանին վաճառվող ռուսական գազի գինը։

Ճիշտ է, այդ մասին առայժմ չի խոսվում, բայց ամեն ինչ տանում է նրան, որ գազի ներմուծումը կշարունակի թանկանալ։ Ինչպես հայտնի է, այս տարվա սկզբին գինը 10 տոկոսով արդեն բարձրացել է` 150-ից դառնալով 165 դոլար։

Այդ փոփոխությունից հետո, իհարկե, հաջողվեց խուսափել ներքին սակագների վերանայումից, չնայած այդպես էլ պարզ չդարձավ, թե դա ինչպե՞ս հնարավոր եղավ անել։ Եթե «Գազպրոմ Արմենիան» ուներ այդքան հնարավորություն, ապա ինչո՞ւ նախկինում այն չէր ծառայեցնում սակագինը մեղմելուն։ Այս հարցի պատասխանը շարունակում է բաց մնալ, ինչն էլ տարբեր ենթադրությունների ու մեկնաբանությունների տեղիք է տալիս։

Սակագնային հերթական տարին մոտենում է ավարտին, և գազի ներմուծման գնի ձևավորման համար կողմերն այլևս քիչ ժամանակ ունեն։ Բանակցությունները, առանց այդ էլ, արդեն շատ երկար են ձգվում։ Գազի ներմուծման նախկին եռամյա պայմանագրի ժամկետն ավարտվել է անցած տարի, իսկ նորը դեռ չկա։

Սպասվում է, որ այն կլինի մոտակա երկու ամսվա ընթացքում։ Այնպես, որպեսզի հնարավոր լինի մինչև տարվա վերջ անդրադառնալ նաև ներքին սակագներին։ Օրենսդրական պահանջ է, որպեսզի նոր սակագները հաստատված լինեն գործողության մեջ մտնելուց առնվազն մեկ ամիս առաջ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով