«Նոր Հայաստանի» կառավարությունը պատրաստվում է անապահով ընտանիքների հաշմանդամ երեխաների համար ստեղծել «գաղութ-մեկուսարան»

Загрузка...
Ավելի քան 10 տարի առաջ Հայաստանի կրթական համակարգն ուղղվեց դեպի ներառական կրթություն: Ներառական կրթությունը սկիզբ առավ մասնավոր և հատուկ դպրոցներում և նախադպրոցական կրթօջախներում, այնուհետև անցավ նաև հանրակրթական դպրոցներ: 2005թ. սեպտեմբերի 1-ին ուժի մեջ մտավ «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին» ՀՀ օրենքը, որով ներառական կրթությունը Հայաստանում ճանաչվեց և ամրագրվեց նաև պետականորեն: Սակայն այսպիսով հանրակրթության ոլորտը կարգավորվում էր երկու առանձին օրենքով և կարիք առաջացավ, որ օրենքները միավորվեն: 2014թ. դեկտեմբերի 1–ին, «Հանրակրթության մասին» օրենքում կատարվեցին անհրաժեշտ փոփոխությունները, իսկ «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին» օրենքը ճանաչվեց ուժը կորցրած: Ասպիսով Հայաստանը ներառական կրթությունը հռչակեց յուրաքանչյուր երեխայի կրթության իրավունք:
Օրենքի նոր փոփոխությունը ենթադրում էր ներառական կրթությանն աջակցող եռաստիճան` մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների ներդրում դպրոցի, մարզի և հանրապետության մակարդակներում: Մի շարք մանկավարժներ վերապատրաստվեցին, մի շարք նվիրվյալ անձինք էլ հատուկ մանկավարժությունն ընտրեցին որպես հիմնական մասնագիտություն և սկսեցին աշխատել հանրակրթական դպրոցներում սովորող հատուկ կարիքներ ունեցող երեխանրի հետ:
Պլանավորվում էր, որ մինչև 2025 թ. Հայաստանում բոլոր հանրակրթական դպրոցների կրթության կազմակերպումը կլինի ներառական և բոլոր երեխաներն անկախ իրենց սեռից, տարիքից, ընտանիքի սոցիալական վիճակից և հատուկ կարիքներից՝ կկարողանան լիարժեք տեղաշարժվել իրենց համայնքի դպրոցներում, ապրել ու սովորել առանց տանից և իրենց հարազատ միջավայրից կտրվելու և մեկուսանալու:
Այսօր՝ «Նոր Հայաստանի» օրոք պարզ է դառնում, որ ՀՀ կառավարությունը, Արարատի մարզի Շահումյան և Տափերական համայնքներում գտնվող անհատույց հողամասեր է տրամադրել «Հայկական Կարիտաս» ՀԿ-ին՝ «Երեխաների քաղաք» կառուցելու համար։ ՀԿ-ն նախատեսում է այնտեղ բարեգործական ծրագրեր իրականացնել սոցիալական վատ պայմաններում ապրող հաշմանդամ երեխաների համար: Երեխաները պետք է այստեղ բնակվեն, սնվեն, խաղան, ստանան բուժում և կրթություն՝ առանց շփվելու արտաքին աշխարհի, իրենց ընտանիքի և հարազատ միջավայրի հետ: Այսինքն «Նոր Հայաստանի» կառավարությունը պատրաստվում է անապահով ընտանիքների հաշմանդամ երեխ
աների համար ստեղծել առանձին «գաղութ», մեկուսացած բնակավայր, որտեղ նրանք կմեկուսացվեն արտաքին աշխարհից, չեն շփվի իրենց հասակակից երեխաների հետ, իրենց հասակակից երեխաներն էլ իրեն հերթին, չեն շփվի իրենց տարիքի հատուկ կարիքներ ունեցող երեխաների հետ և նրանց միջև չի ձևավորվի միմյանց հետ հարաբերվելու, ինտեգրվելու մշակույթը:
Այս ամենը շատ ձեռնտու է իշխանությանը, քանի որ հարյուրավոր դպրոցներ համապատասխան կահավորանքով և մասնագետներով ապահովելու փոխարեն նրանք այսպիսով պարտավորված կլինեն միայն մեկ «Երեխաների քաղաք» պահել ու վերահսկել, որը շատ ու շատ ավելի քիչ ծախսատար է, սակայն այս «գաղությում» սովորած և մեծացած հատուկ կարիքներ ունեցող երեխաները վաղը չեն կարողանա ինտեգրվել, աշխատել, ձեռք բերել մասնագիտություն և դառնալ հասարակության լիարժեք անդամ: «Նոր Հայաստանի» կառավարությունը պատրաստվում է անապահով ընտանիքների հաշմանդամ երեխաների համար ստեղծել «գաղութ-մեկուսարան», որը կխեղի առանց այդ էլ ֆիզիկական խնդիրներ ունեցող, հատուկ կարիքներ ունեցող երեխաների հոգեկան աշխարհը:

Հայկ Կիսեբլյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...