Երևանը Նյու-Վասյուկի դարձնելու ամբիցիոզ նախագիծը տապալվեց

Այսօր ողջ օրվա ընթացքում ականատես եղանք, թե ինչպես են պետական լրատվամիջոցները Հ1-ի գլխավորությամբ գովեստի խոսքեր ձոնում Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող դերասան Հայկ Մարությանին: Տարածվում էին մի քանի տեսանյութեր, որոնց գլխավոր հերոսը նույն ինքը Հայկ Մարությանն էր:

Վերջին ամիսների ընթացքում արձանագրված և նոր քաղաքապետի ՛այցեքարտը՛ դարձած աղբահանությունը արդյունավետ կազմակերպելու անկարողության ֆոնի վրա այս փիառը առնվազն զավեշտալի է: Մենք նույնպես անմասն չմնացինք և ուշադիր լսեցինք մասնավորապես Հ1-ով եթեր տված տեսանյութը: «Սանիթեք»-ի աշխատակիցների բողոքի ակցիայի համատեքստում կադրի հետևում հնչող ձայնը հայտնեց, որ այդ կազմակերպության հետ գործընկերությունը զրոյացված է, բանակցությունները՝ դադարեցված: Ավանդույթին համաձայն՝ մեղավորը դարձյալ «Սանիթեք»-ն է:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Եվ ահա կադրում հայտնվում է ինքը քաղաքապետը (այս անգամ առանձ սովորաբար վզից կախված շղթայի): Նա ասում է բառեր, որոնք ըստ էության այլևս արժեք չունեն, քանի որ բոլորս տեսել ենք, թե որքան ապաշնորհ մենեջմենտ է իրականացնում Երևանի քաղաքապետարանը: Այնուամենայնիվ, անդրադառնանք նրա խոսքերին, քանի որ այստեղ կա նոր տոնայնություն, կարծես քաղաքապետի մոտ բացվել է երկրորդ շնչառությունը: Նա հայտարարում է, որ թեև մայրաքաղաքում աղբն ամբողջությամբ հավաքված չէ, բայց հարցը լուծված է: Այս բառերին հետևում են էլ ավելի հետաքրքիր հայտարարություններ՝ ես թույլ չեմ տա, բլա-բլա-բլա, ես հիմա սենց եմ անում, նենց եմ անում, մոտակա ամիսը կտրուկ լավացում է լինելու և այլն: Հնարավոր հրաժարականի մասին լրագրողի հարցին քաղաքապետը տալիս է սակրամենտալ պատասխան՝ «Ինչի՞ մասին է խոսքը, մենք դեռ նոր ենք սկսել»…

Այստես ես ակամա հիշեցի հայտնի սիթքոմի գլխավեր հերոսներից մեկի ռեպլիկը՝ «Էս ինչա ասԸմ, էս ինչա անԸմ…»:

Հարգելիներս, այսինքն, ինչպե՞ս թե նոր եք սկսում: Բա այս գրեթե մեկ տարին ո՞ւր էիք: Ո՞վ էր զբաղվում քաղաքի խնդիրներով: Ինչևիցե, ներողամիտ լինենք դերասան Հայկոյի նկատմամբ, ինձ ուրիշ բան է հետաքրքրում: Նույնիսկ եթե ինչ որ հրաշքով մեր մայրաքաղաքի ներկա ղեկավարին հաջողվի լուծել աղբահանության հարցը, ապա դա կնշանակի ընդամենը մեկ բան՝ քաղաքը կվերադառնա այն վիճակին, որն եղել է նախքան նոր քաղաքապետի ընտրվելը, այսինքն չենք ունենա որևէ առաջընթաց:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Գրեթե մեկ տարի քաղաքապետը ըստ էության զբաղված է միայն աղբահանության խնդիրը վերահսկողության տակ վերցնելու խնդրի լուծմամբ: Բայց չէ՞ որ քաղաքը ունի բազմաթիվ այլ խնդիրներ, որոնք նույն ինքը քաղաքապետը խոստացել է լուծել, էլ չեմ ասում խոստացված և այդպես էլ խոստում մնացած մետրոյի, Երիտասարդության պալատը վերականգնելու, համատարած կանաչապատման խոստումները: Մեկ տարվա ընթացքում ունեցանք միայն մեկ նորամուծություն՝ նոր տոնածառ, որը արտաքնապես գրեթե չէր տարբերվում նախորդից, բայց քաղաքի բյուջեյի վրա նստեց շուրջ 150 000 ԱՄՆ դոլար: Օպերայի տարածքում գտնվող սրճարանների շուրջ բարձրացված աղմուկը ավարտվեց ընդամենը մեկ սրճարանի ապամոնտաժմամբ, ինչը նույնպես զավեշտալի է՝ հաշվի առնելով այն փիառը որը ուղեկցում էր այդ ողջ բեմադրությունը:

Այս մեկ տարվա ընթացքում իմացանք, որ կարմիր գծերը մանկապարտեզների վերանորոգման ֆինանսավորման միակ աղբյուրն են (ընդ որում, կարմիր գծերը մնացին իրենց տեղում, իսկ մանկապարտեզներում նախկինում բաժանվող դրպոցական պարագաները և պայուսակները վերացան): Իմացանք նաև, որ եթե ուզում ենք ազատվել մարդասպան վերելակներից, ապա նոր վերելակների համար պիտի վճարեն քաղաքացիները: Բացի դրանից, պարզվեց, որ եթե Հայաստանի մայրաքաղաքի հպարտ քաղաքացիները այլևս չեն ցանկանում շախմատի ձիու դիրքով երթևեկել հասարակական տրանսպորտով, ապա փոխադրման արժեքը պիտի բարձրանա առնվազն 100 տոկոսով (այստեղ հիշեցում՝ Հայկոն շատ ակտիվ մասնակցում էր մի քանի տարի առաջ անցկացվող տրանսպորտի թանկացման դեմ փողոցային ակցիաներին, այն ժամանակ տրանսպորտի թանկացումը իր համար անընդունելի էր): Ականատես եղանք բազմաթիվ կանաչապատ տարածքների հրդեհմանը, առնետների խրախճանքներին ողջ քաղաքի մասշտաբով: Այս ձախողումների և չկատարված խոստումների ցանկը կարելի է երկար շարունակել, սակայն սահմանափակվենք այսքանով: Պիտի համակերպվենք այն մտքի հետ, որ Երևանը Նյու-Վասյուկի դարձնելու ամբիցիոզ նախագիծը տապալվեց:

Հիմա վերադառնանք այսօրվա քաղաքապետի ինքնագովազդին և պետական մեդիառեսուրսների կողմից նրա գովքին: Ակնհայտ է, որ բոլոր ձախողումներից հետո տրամաբանական կլիներ քաղաքապետի հրաժարականը: Սակայն Հայաստանի նոր իշխանությունները, որոնք ըստ էության ասպարեզ բերեցին Հայկ Մարության քաղաքապետին, ձայներ աղերսեցին Երևանի քաղաքացիներից քաղաքապետի ընտրությունների ժամանակ, լավ են հասկանում, որ մայրաքաղաքի քաղաքապետի պաշտոնանկությունը կլինի իրենց կործանման սկիզբը, այն առաջին բաստիոնը, որը կորցնելուց հետո այլևս պարտությունը անխուսափելի կլինի: Ուստի, թավշյա հեղափոխության մեծագույն ձախողումներից մեկը դարձած քաղաքապետին հարկավոր է պահել ամեն գնով: Հենց դա է պատճառը, որ պետական մեդիա-ռեսուրսները լծվել են Հայկ Մարությանի տապալված վարկանիշը բարձրացնելու գործին:

Հարգելիներս, ինչպես որ վերջերս ընտրզանգվածին խորհուրդ տվեց մի օրիորդ, խորը շունչ քաշեք և հանգստացեք: Ինչպես որ բոլորս գիտենք, մարդը չի կարող ցատկել իր գլխից բարձր, այնպես որ Հայկ Մարությանին այլևս ոչինչ չի փրկի, նույնիսկ 2 միլիարդ դրամով ավելացված քաղաքի բյուջեն, որի զգալի մասը հավանաբար ծախսվել է քաղաքապետարանի աշխատակիցների պարգևավճարների վրա:

Նատալյա Սաղիյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով