Անանյանը «Սանիթեքի» մեքենաները տարել է մաքսային տերմինալ,որ աղբը չհավաքեն.«Հրապարակ»

Загрузка...

«Հրապարակ»-ը գրում է

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ու ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը տանդեմով հանդես են գալիս աղբահանության դեմ։ Նրանք ամեն ինչ անում են, որ «Սանիթեք» ընկերությունը ֆիզիկապես ի վիճակի չլինի մեքենա դուրս բերել քաղաք ու աղբը հավաքել, որ վերջնականապես Մարությանը գրանցի «իր փառահեղ» հաղթանակը «Սանիթեքի» դեմ։ Եվ Մարությանի այն պնդումները, թե իրենք բացարձակ չեն խոչընդոտում «Սանիթեքին» իր գործում, ամեն անգամ մի նոր դրվագով ի չիք են դառնում։ Մարությանն իր նպատակներին հասնելու համար անգամ ներգրավել է ՊԵԿ-ին ու դրա ղեկավար Դավիթ Անանյանին։ Եվ դա այսօր մեզ բառացիորեն խոստովանեց Դավիթ Անանյանը։

Բանն այն է, որ Անանյանը, ըստ մեր տեղեկության, Հայկ Մարությանի խնդրանքով ՊԵԿ հատուկ պահպանվող տարածք է տեղափոխել «Սանիթեքի»՝ քիչ թե շատ սարքին վիճակում գտնվող 6 ավտոմեքենա, որպեսզի «Սանիթեքը» չկարողանա աղբահանություն իրականացնել։ Սրանք այն մեքենաներն են, որոնք դեռևս շուրջ մեկ տարի առաջ «Սանիթեքի» կողմից ներմուծելուց հետո ՊԵԿ նախագահի հանձնարարությամբ, օրենքի կոպիտ խախտմամբ՝ առանց մաքսային ձևակերպումներ անցնելու, թույլատրվել է, որ ավտոմեքենաները մտնեն շահագործման, քանի որ այն ժամանակ նախ րոպե առաջ մեքենաները պետք էին, որ հավաքեին քաղաքում կուտակված աղբը։ Բացի այդ, «Սանիթեքն» այդ պահին չի ունեցել բավարար ֆինանսական միջոցներ դրանք ձևակերպելու և մաքսազերծելու համար։ Հիմա հանկարծ, ՊԵԿ-ը որոշել է հետողորմյա անել իր որոշումն ու այդ մեքենաները նորից բերել մաքսային հարթակ՝ զրկելով աղբահանություն անելու հնարավորությունից։

Այսօր, երբ հարցրինք այդ մասին Դավիթ Անանյանին, նա հաստատեց մեր տեղեկությունը, բայց երբ հետաքրքրվեցինք, թե ինչու էին այն ժամանակ առանց մաքսային ձևակերպման թույլ տվել շահագործել մեքենաները, իսկ հիմա թույլ չեն տալիս, ՊԵԿ նախագահը հունից դուրս եկավ ու սկսեց բղավել՝ փորձելով դուրս գալ անհարմար իրավիճակից։ Վերջում էլ մեզ հորդորեց՝ գրել ինչ ուզում ենք, քանի որ նա դա մեզ «թույլ է տալիս»։ Ներկայացնում ենք նրա հետ մեր զրույցը՝ բառացի։

Պարոն Անանյան, ճի՞շտ է, որ «Սանիթեքի» մեքենաներից մի քանիսը վերջերս տեղափոխվել են ՊԵԿ հատուկ պահպանվող տարածք։

-Վերջերս չէ, էնտեղ են, հատուկ պահպանվող տարածքում են, քանի որ էդ մեքենաները մաքսային ձևակերպում չեն ստացել։ Դրանք մաքսային հսկողության ներքո մեքենաներ են։

-Քանի՞ մեքենա է այնտեղ։

-Եթե չեմ սխալվում՝ վեց։

-Երբվանի՞ց են այնտեղ գտնվում, ներկրմա՞ն օրվանից։

-Չէ, ներկրման օրվանից չէ, եթե չեմ սխալվում, մենք մի պահ թողել ենք, որ․․․ եկեք ամսաթվեր չասեմ, քանի որ Դուք ճշգրիտ տեղեկատվություն եք սիրում․․․

-Մոտավոր ասեք։

-Չեմ կարող ասել, ես միայն մի բան կարող եմ ասել, որ ոչ թե ներկրման պահից են այնտեղ, այլ ներկրումից որոշակի ժամանակ հետո վերադարձվել են մաքսային հսկողության տակ։

-Եթե չեմ սխալվում, երբ ներկրվել են, ՊԵԿ-ը թույլ է տվել առանց մաքսային ձևակերպման այդ մեքենաները շահագործվեն, քանի որ պետք է աղբահանությունը արագ կատարել, դրանից հետո հանկարծ նորից հետ է վերադարձվել։

-Ձեր ասածը տրամաբանական ա, կարող ա և էդպես է եղել։

-Այդ դեպքում ինչո՞ւ է ՊԵԿ-ը որոշել իր «սխալը» հիմա ուղղել և հետ բերել մեքենաները նորից իր մոտ։

-Ես ասում եմ՝ տրամաբանական ա Ձեր ասածը, կարող էր էդպես լինել, ու Դուք դրա վրա անմիջապես կառուցում եք Ձեր հաջորդ հիպոթե՞զը։ Իսկ ո՞վ ասեց, որ էդպես ա եղել։

-Իսկ ո՞նց է եղել։

-Ոնց որ եղել ա, գրավոր հարցում արեք, կպատասխանենք։

-Իսկ ճի՞շտ է, որ Հայկ Մարությանն է Ձեզ խնդրել, որ այդ մեքենաները նորից բերեք ՊԵԿ։

— Ինչի՞ եք երկու գրատեսչությունների՝ Քաղաքապետարանի և ՊԵԿ-ի կամ ՊԵԿ նախագահի ու քաղաքապետի միջև հարաբերություններն էդքան նսեմացնում։

-Ուրեմն հստակ ասեք՝ ինչո՞ւ եք այդ մեքենաները հետ բերել ՊԵԿ։

-Որովհետև էդ մեքենաները մաքսային հսկողության ներքո գտնվող մեքենաներ են, պարտավոր են գտնվել էդտեղ։

-Իսկ ինչո՞ւ էիք թողել այն ժամանակ։

— Ինչ որ մի պահի թողել ենք, օրինակ՝ Ձեր ասած նպատակով, որ աղբը հանկարծ չկուտակվի։

-Հիմա մարդիկ բողոքում են աղբահանությունից, որ չի կատարվում, ու պարզվում է՝ մեքենա չկա, որ հավաքի, իսկ դուք հակառակ քայլն եք անում։

-Բա մե՞նք ինչ անենք։ Մեքենաներ ա բերել քաղաքապետարանը, թող մաքրի աղբը։

-Այդ դեպքում «Սանիթեքից» ինչո՞ւ են բողոքում։

-Ո՞վ ա բողոքում, թող բողոքեն, ես էլ եմ բողոքում։

-Եթե մեքենա չունեն, ինչպե՞ս հավաքեն։

-Ասեմ ավելին, քրեական գործ էլ ենք հարուցել, էլ ի՞նչ անենք։

-Հասկացանք, ուղղակի հա՛մ չեք թողնում, որ մեքենաները դուրս գան քաղաք ու աղբը հավաքեն, համ դժգոհում եք։

-Հա, գրեք, ուզում եք՝ գրեք ձեր թերթում հերթական անգամ, քանի որ դուք շատ սիրում եք էդպիսի ցցուն բաներ, ասեք, որ ՊԵԿ-ը մեղավոր է աղբահանության համար։ Գրեք՝ պարոն Անանյանը մեղավոր է աղբահանության համար, էդ էլ եմ թույլատրում, գրեք։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...