​Ովքեր են պատվիրել ԲիԲիՍի-ի հրապարակումը և ինչու

Մի քանի ժամ առաջ ԲիԲիՍի-ի ռուսերեն կայքում հրապարակում է հայտնվել՝ «Ո՞վ է կրակել ցուցարարներին Երևանում 2008 թվականին. նախաքննությունը մատնանշում է Ղարաբաղի ջոկատը» վերտառությամբ և Գրիգոր Աթանեսյանի ստորագրությամբ, որն այս կայքի գլխավոր հրապարակումն է այսօր:

Հոդվածի ներածությունում էլ հեղինակն ազդարարում է. «ԲիԲիՍի-ն Հայաստանի արդի պատմության ամենաողբերգական իրադարձություններից մեկի՝ 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի ժամանակ 10 մարդու մահվան նախաքննության փաստաթղթերը տեսնելու բացառիկ հնարավորություն է ստացել: Նախաքննությունը համարում է, որ ցուցարարների վրա կրակ բացելու հրամանները տվել է գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը (Օգանովսկի): Բացի այդ, քննության փաստաթղթերում, որոնք հայտնվել են ԲիԲիՍի-ի տրամադրության տակ, երևում են երկու նախկին նախագահները և երկու ազդեցիկ պատգամավոր-բիզնեսմեններ: 2008 թվականի փետրվար-մարտի ողբերգական դեպքերի նոր նախաքննությունն արդեն դրված է նախկին նախագահ Քոչարյանի դատաքննության հիմքում: Նախաքննությունն ահռելի քաղաքական նշանակություն ունի և կարող է էապես փոխել քաղաքական ուժերի դասավորությունը Հայաստանում»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Միայն այսքանը բավական է, որ Հայաստանում ապրող և դեպքերին շատ թե քիչ ծանոթ ընթերցողը հակվի այն մտքին, որ սա պատվիրված հոդված է, սակայն բազմաթիվ հարցերը, որոնք ծագում են հետագա շարադրանքը կարդալիս, հնարավորություն չեն տալիս վստահ եզրակացնելու, թե պատվերը որտեղից է, Հայաստանի՞ց, Ադրբեջանի՞ց, Եվրոպայի՞ց, թե՞ մոլորակի այլ կիսագնդից: Պատահական չէ, անկասկած, որ ԲիԲիՍի-ն հանկարծ որոշել է անդրադառնալ հիմա՝ ինչ-որ խորհրդավոր փաստաթղթի մասին Փաշինյանի հայտնի հայտարարությունից, Ստեփանակերտում ունեցած ելույթից և ադրբեջանական արձագանքից հետո, այն դեպքում, երբ այս գործի նոր նախաքննությունը ձգվում է արդեն մի տարի: Թե ում շահերն են սպասարկում ԲիԲիՍի-ն և սույն հրապարակման հեղինակը, դժվար է վստահ պատասխան տալ, բայց որ տվյալ նյութը ծառայում է Հայաստանի և մանավանդ Արցախի հեղինակազրկմանը միջազգային հանրության աչքում, կասկած չկա:

Ի՞նչ փաստեր է բերում սույն հետաքննող լրագրողը և ի՞նչ հարցեր են առաջացնում դրանք:

Առաջին և գլխավոր հարցն այն է, թե ում հոժար կամքով ու թույլտվությամբ են օտար լրատվամիջոցի ներկայացուցչին հասանելի դարձել նախաքննության գաղտնի նյութերը, այն դեպքում, երբ հայրենական լրագրողները նման հնարավորությունից զուրկ են:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Երկրորդ, ինչպե՞ս է հեղինակը գրում, թե տասը սպանությունների քննության գործը դրված է Քոչարյանի դատավարության հիմքում, այն դեպքում, երբ այս էլ մի տարի գրեթե ամեն օր և ամենուրեք արձանագրվում է, որ Քոչարյանի գործը կապ չունի սպանությունների գործի հետ, դրա մեջ բուն սպանությունների կապակցությամբ ոչինչ չկա: Մինչև քննչական փաստաթղթերը թերթելը հեղինակը նեղություն չի՞ կրել կարդալու այս գործի հետ կապված հրապարակումները և Քոչարյանի պաշտպանների պաշտոնական հայտարարությունները: Սա բացահայտ ապատեղեկատվություն է, որ հարիր չէ իրեն հարգող որևէ լրագրողի:

Հիմա տեսնենք, թե ինչ է իմացել հետաքննողը քննության նյութերից.

«Նախաքննության նյութերից մենք իմացանք, որ քննիչները համարում են.

Կրակը ցուցարարների վրա բացել են ղարաբաղյան ուժայինները, որոնց հրամանատարը եղել է գեներալ Կարապետյանը (գործով անցնում է որպես վկա).

Հարցաքննությունների ժամանակ քննիչները հաստատել են, որ նրա ջոկատը տեղակայվել է նախագահի նստավայրի նկուղում.

Նախաքննությունը համարում է, որ ջոկատին այցելել են երկու նախագահները՝ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը:

Քննիչները նաև ստուգում են երկու ազդեցիկ բիզնեսմենների՝ Գագիկ Ծառուկյանի և Սամվել Ալեքսանյանի դերը, որոնք կարող էին ֆինանսավորել ղարաբաղյան ուժայինների կեցությունը ցուցարարներին ցրելու օրերին:

Հայաստանի և Ղարաբաղի աղբյուրները հաստատեցին ԲիԲիՍի-ի մոտ այն պնդումների մի մասը, որոնք արել են քննիչները հարցաքննությունների ժամանակ: Մենք, սակայն, չկարողացանք անկախ հաստատում ստանալ ցուցարարների սպանությունների բոլոր հանգամանքների մասին»:

Ապա հեղինակը հարկ է համարում տեղեկացնել.

«Գեներալ-մայոր Կարապետյանը ծառայում է չճանաչված և Ադրբեջանի ու Հայաստանի կողմից վիճարկվող տարածքը զբաղեցնող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) պաշտպանության բանակում: Դե ֆակտո Լեռնային Ղարաբաղը վերահսկվում է հայերի կողմից, իսկ ԼՂՀ-ի և Հայաստանի զինված ուժերը սերտ միահյուսված են»:

Այնուհետև գրելով, որ Սերժ Սարգսյանի նախագահության երկու ժամկետների ընթացքում այդպես էլ սպանությունների մեղավորները չհայտնաբերվեցին, և նոր նախաքննությունը սկսվեց Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ, հայտնում է, որ քննության ոչ թափանցիկ բնույթը և նոր իշխանությունների զգացմունքային հայտարարությունները կասկածներ են առաջացրել, որ գործը քաղաքական բնույթ ունի և դատարանի վրա ճնշում է գործադրվում:

«Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ), որը վարում է նոր նախաքննությունը, անմիջականորեն ենթարկվում է վարչապետին: ՀՔԾ-ում հրաժարվեցին մեկնաբանություններից: Կարապետյանը չցանկացավ քննարկել ԲիԲիՍի-ի հետ իր հասցեին արված մեղադրանքները: Բիզնեսմեններ Ծառուկյանը և Ալեքսանյանը հերքեցին 2008 թվականի իրադարձություններում իրենց դերի մասին պնդումները: Քոչարյանի փաստաբանը չկարողացավ օպերատիվ մեկնաբանություններ տալ: Սարգսյանը հրաժարվեց մեկնաբանություններից»:

Հետևաբար հարց է ծագում, եթե նախաքննությունը վարող ՀՔԾ-ն հրաժարվել է մեկնաբանություններից, ապա ովքեր և ինչ փաստաթղթեր են տրամադրել ԲիԲիՍի-ին: Ուղղակի փաստաթղթեր են տվել և հրաժարվե՞լ են մեկնաբանություններից: Ի՞նչ աղբյուրներ են մասամբ հաստատել վերը բերված փաստերը: Եվ եթե դրանք իրոք փաստեր են, այլ ոչ ինչ-ինչ շահագրգիռ անձանց միտումնավոր տարածած կեղծ տեղեկություններ, ապա ինչու է Կարապետյանը վկայի կարգավիճակով և առայսօր ազատության մեջ: Վերջապես ի՞նչ է նշանակում «Քոչարյանի փաստաբանը չկարողացավ օպերատիվ մեկնաբանություններ տալ»: Այն դեպքում, երբ Քոչարյանի բոլոր փաստաբաններն այս էլ մի տարի անվերջ ու անդադար մեկնաբանություններ են տալիս հրապարակայնորեն՝ և՛ դատարաններում, և՛ բոլոր լրատվամիջոցներին: Եվ հանկարծ ԲիԲիՍի-ին չկարողացա՞ն մեկնաբանություն տալ:

Ամենահետաքրքիրն այն է, որ ԲիԲիՍի-ի ձեռքին է եղել Սամվել Կարապետյանի 4-ժամանոց հարցաքննության արձանագրության պատճենը: Մեջբերում ենք այս հատվածը:

«Հարցաքննությունների ժամանակ քննիչները պնդել են, որ գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը (որ հայտնի է որպես Օգանովսկի) ղեկավարել է ցուցարարների դեմ հրաձգությունը: 2008 թ. Կարապետյանը ղեկավարել է Երևան տեղափոխված ղարաբաղյան ստորաբաժանումները: Այդ փաստը նա հաստատել է 2018 թ. օգոստոսի հարցաքննության ժամանակ, ուր կանչվել է վկայի կարգավիճակով: Հարցաքննությունը տևել է չորս ժամ, ԲիԲիՍի-ի տրամադրության տակ է արձանագրության պատճենը: Հարցաքննության ժամանակ նա զբաղեցրել է ԼՂՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը և պաշտոնաթող է եղել 2019 թ. ապրիլին: Սակայն այնուհետև ՀՔԾ-ի և գեներալի վարկածները բաժանվել են:

Քննիչի վարկածով՝ Կարապետյանը իր ենթականերից ձևավորել է հատուկ խումբ՝ բաղկացած 20 հոգուց, որը տեղավորվել է Բաղրամյան պողոտայում գտնվող նախագահական նստավայրի նկուղում: Այնտեղ խմբի անդամներին «մի քանի անգամ այցելել են նախագահ Ռոբերտ Քոչարյանը և [նախագահ ընտրված] վարչապետ Սերժ Սարգսյանը», պնդել է քննիչը Կարապետյանի հարցաքննության ժամանակ: Ըստ քննիչի վարկածի՝ խմբի բոլոր անդամները պատրաստակամություն են հայտնել «կրակել ժողովրդի վրա» հրամանի դեպքում, և հենց այդ խումբն է կրակել մարտի 1-ի ցուցարարների վրա:

Հարցաքննության ժամանակ Կարապետյանը հերքել է բոլոր մեղադրանքները և հայտարարել է, որ «ժողովրդի վրա կրակելու հրաման ոչ ոք չի տվել»: Գեներալը քչախոս է եղել և սահմանափակվել է հակիրճ հերքումներով:

Համանման մեղադրանքներ Կարապետյանի հասցեին հնչել են ևս մի քանի վկաների հարցաքննության ժամանակ: Վերջիններս չեն կարողացել հաստատել կամ հերքել նրա դերը մարտի 1-ի ողբերգության մեջ»:

Թե որքանով է սույն հետաքննությունն անաչառ և ինչ նպատակով է այս ծավալուն նյութը հրապարակվել, յուրաքանչյուր ընթերցողի դատելու խնդիրն է, ուստի առաջարկում ենք կարդալ այն ամբողջությամբ: Բավական է միայն աչք գցել տեղադրված լուսանկարների մակագրություններին, բերված մարտիմեկյան իրադարձությունների քրոնիկոնին, հայաստանյան և արցախյան քաղաքական իրավիճակի վերլուծությանը կամ ուշադրություն դարձնել այն փաստի վրա, որ հեղինակը «պատահաբար» մոռացել է նշել, որ երկու օր առաջ ցուցարար Զաքար Հովհաննիսյանի սպանության մեջ մեղադրվող Գեղամ Պետրոսյանն ազատ է արձակվել, քանի որ նրա երկամսյա կալանքի ընթացքում մեղադրանքն այդպես էլ չհաստատվեց: Այսուհանդերձ խորհուրդ կտանք կարդալ միայն ամուր նյարդեր ունեցողներին: Սակայն մի հարց կա, որի պատասխանը վաղ թե ուշ պիտի տրվի: Քննչական ի՞նչ փաստաթղթեր են անցել ԲիԲիՍի-ի ձեռքը և ում ձեռքով:

Նյութի աղբյուրը՝ Ankakh.com

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով