Օպորտունիստներ և արկածախնդիրներ՝ ՙՙԻմ շահը՚՚ շարժում


Վերջին ժամանակներում անընդհատ ականատես ենք լինում Սասնա Ծռեր զինված խմբի (թեև հիմա նրանք արդեն կուսակցություն են դարձել, ինչը շատ զարմանալի է և անհնարին կլիներ ցանկացած օրենքի գերակայություն հաստատած երկրում) աննախադեպ ակտիվացմանը, մասնավորապես Ամուլսարի շուրջ ծավալվող իրադարձություններում:
Սկսենք նրանից, որ վերը նշված զինված խումբը իրականացրել է մեր երկրում ներքին ահաբեկչության ակտ, որի արդյունքում սպանվել են ծառայության վայրում գտնվող 3 ոստիկաններ: Ներքին ահաբեկչությունը հստակորեն սահմանված է տարբեր պետությունների կողմից, այդ թվում ՀՀ նոր իշխանության համար այդքան օրինակելի ԱՄՆ կողմից (Օրինակ՝ https://www.fbi.gov/investigate/terrorism): Այո, այո, գիտեմ ձեր բոլոր փաստարկները այն մասին, որ դեպքերը տեղի են ունեցել ՛նախկինների՛ ժամանակ և այլն և այլն: Անդրադառնամ այդ փաստարկներից միայն մեկին՝ ինչո՞ւ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամանակ Սասնա Ծռեր զինված խմբի գործողությունները չորակվեցին որպես ներքին ահաբեկչություն… Շատ լավ հարց է: Եվ շատ բարդ: Նախքան այս հարցին պատասխանելը եկեք վերլուծենք հետևյալ հանգամանքը՝ 2010-2017 թվականների միջև ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության վարկանիշը, ըստ տարբեր ֆինանսական վերլուծական գործակալությունների կայուն բարձանում էր և դրանով էին պայմանավորված ՀՀ կատարվող՝ այսպես ասած, հայկական ծագման հետ չկապված ներդրումները խոշոր ինվեստիցիոն կազմակերպություններից: Բոլորիս հասկանալի է, որ այն երկիրը, որը ընդունում է, որ ունի ներքին ահաբեկչության դրսևորումներ անմիջապես կորցնում է իր գրավչությունը լուրջ ներդրողների համար, քանի որ այդպիսի երկրում ռիսկերը անկառավարելի են: Իմ կարծիքով, 2016 թվականին ընդունվեց քաղաքական որոշում՝ ծռերի գործողությունը չորակել որպես ահաբեկչություն, քանի որ օրենսդրությունը թույլ էր տալիս կիրառել այլ սահմանում, խուսափելով այնպիսի մեղադրանքներից, որոնք կարող էին վնասել Հայաստանի վարկանիշին: Միայն և միայն այդ պատճառով ունեցանք այն, ինչ ունեցանք:
Սասնա Ծռեր ահաբեկչական խումբը ՛հիմնավորում էր՛ իր գործողությունները այն կեղծ պատճառաբանությամբ, թե երկրում ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ կա միայն մեկ ելք՝ զինված ապստամբություն սահմանադրական կարգի բռնի տապալման համար, որպեսզի դրանից հետո բոլորս լինենք ուրախ և երջանիկ: Սակայն, որքան էլ ես չեմ հանդիսանում Նիկոլ Փաշինյանի կողմնակից և իր և իր կողմից ձևավորված իշխանության գործելաոճը համարում եմ մեր երկրի համար կործանարար, այնուամենայնիվ 2018 թվականին տեղի ունեցած իրադարձությունները փաստում են, որ Սասնա Ծռերի այդ հիմնավորումը ուղղակի ՍԽԱԼ Է, և այդպիսին լինելով այն չի կարող համարվել ոչ հայրենասիրական, ոչ էլ մարդկայնորեն ընդունելի:
Այդ ֆոնի վրա իրենց կողմից ստեղծված կուսակցության կողմից առաջադրված ծրագրերը ես համարում եմ կեղծ օրակարգ:
Առավել ուշագրավ է, որ Նիկոլ Փաշինյանի օրոք ազատության մեջ հայտնված ահաբեկիչները (մնում է հուսալ, որ այդ ազատությունը ժամանակավոր կլինի և ի վերջո դատարանը կընդունի իրենց նկատմամբ համապատասխան որոշում) իրենց կուսակցությամբ այժմ հանդես են գալիս Ամուլսարը փրկելու հարցով ակտիվորեն զբաղվող զանազան գործիչների և ուժերի հետ միասին որպես բնապահպանութան ջատագովներ:
Կարծում եմ, չկարողանալով սողոսկել Ազգային Ժողով՝ նրանք սպասում էին ակտիվանալու հարար առիթի: Եվ ահա, եղավ Ամուլսարը, ժողովրդի մի մասը, որին առաջնորդում են տարբեր քաղաքական գործիչներ, անցավ հանքի շահագործմանը դեմ եղածների կողմը: Այստեղ ահաբեկիչները տեսան հնարավորություն հեծնել արդեն հասունացած, խաբված լինելու հողի վրա առտաջացած ժողովրդական ցասման ալիքը և միավորվել իրենց նման առիթի սպասող զանազան քաղաքական գործիչների, քաղաքական մեկնաբանների և շատ այլ օպորտունիստների հետ: Արկածախնդիրների այս միավորումը կարող է բնական պահանջներ ներկայացնող ժողովրդի այդ զանգվածը տանել ծայրահեղ գործողությունների, քանի որ Սասնա Ծռերը գիտեն միայն այդ ճանապարհը: Նրանք իրականում այն մահապարտներն են, որոնք կորցնելու ոչինչ չունեն և այդպիսին լինելով կարող են օգտագործվել այդ բազմատարր խմբում ներկայացված լավ կրթություն ստացած և դրսում պատրաստված անձանց կողմից: Կեղծ օրակարգեր ներարկելով ժողովրդի մի մասի գիտակցության մեջ նրանք, հավանաբար, ցանկանում են օգտագործել Նիկոլ Փաշինյանի վարկանիշի գահավիժման պահը ռիսկային և անվերահսկելի քաղաքական գործընթացներ հրահրելու համար: Այստեղ ուզում եմ հատուկ շեշտել, որ նրանք իրականում բացարձակապես թքած ունեն թե բնապահպանական և թե առհասարակ ժողովրդի, մեր հայրենիքի շահերի վրա: Ես նրանց միավորում եմ ՙՙԻմ շահը՚՚ շարժում անվան տակ:

Նատալյա Սաղիյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով