Նախկին քննիչները առգրավված թանկարժեք իրերը հափշտակել են յուրացնելու դիտավորությամբ ․ ՀՀ ՀՔԾ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա Լ. Գ.-ին և Վ. Ա.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ վերջիններս, զբաղեցնելով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչների պաշտոնները, նախնական համաձայնությամբ յուրացրել են առանձնապես խոշոր չափերով` 15 000 ԱՄՆ դոլար արժողությամբ ոսկյա զարդեր:

ՀՀ ՀՔԾ լրատվական ծառայության տեղեկացմամբ, ըստ առաջադրված մեղադրանքների` ՀՀ ՔԿ ավագ քննիչ Լ. Գ.-ն` 2015թ. վարույթ ընդունած քրեական գործի շրջանակներում, իր ղեկավարած քննչական խմբի քննիչ Վ. Ա.-ի հետ խուզարկություն են կատարել նշված գործով խարդախության մեջ մեղադրվող անձի բնակարանում և առգրավել վերջինիս ընտանիքի անդամներին պատկանող 7 115 700 դրամին համարժեք 15 000 ԱՄՆ դոլար արժողությամբ ոսկյա զարդեր: Քննիչները, սակայն, խախտելով օրենսդրության պահանջը, առգրավված թանկարժեք իրերը չեն հանձնել պետական բանկի հիմնարկների պահպանությանը, այլ նախնական համաձայնությամբ` ոսկյա զարդերը յուրացնելու դիտավորությամբ, հափշտակել են դրանք, որոնց մի մասը Լ.Գ.-ն գրավադրել է վարկային կազմակերպությունում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այնուհետև քննիչ Վ. Ա.-ն իր և քննչական խմբի ղեկավարի կողմից կատարվող ծանր հանցագործությունը թաքցնելու նպատակով մերժել է մեղադրյալի պաշտպանի կողմից ներկայացված` ոսկյա զարդերը դրանց սեփականատերերին վերադարձնելու վերաբերյալ միջնորդությունը` պատճառաբանելով, որ հայտնաբերված թանկարժեք իրերը կարող են ծառայել դատական ծախսերն ապահովելու միջոցներ և այդ կերպ փաստելով, թե իբր զարդերն ամբողջությամբ առկա են ու պահվում են քննչական բաժնում: Միջնորդությունը մերժելուց հետո Վ. Ա.-ն մեղադրյալի վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկել է դատախազին:

Լ. Գ.-ն կալանավորվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով