Մեծ Բրիտանիայի թագուհի թե՞ Հարսանեկան գեներալ

Կարծում եմ, բոլորս գոնե մեկ անգամ մեր կյանքում լսել ենք այն արտահայտությունը, որ Անգլիայի թագուհին թագավորում է, բայց չի իշխում… Իրականում, Անգլիայի թագուհին թեև վերջին տասնամյակների ընթացքում զգալիորեն զիջել է իր դիրքերը, ասենք, Սեր Ֆրենսիս Դրեյքի ժամանակաշրջանի հետ համեմատած, սակայն շաաաատ ավելի մեծ գործեր է անում, քան այն անձնավորությունը, ում մեր օրերում ժողովուրդը հեգնանքով անվանում է Անգլիայի թագուհի… Այո, խոսքս ՀՀ Նախագահ՝ Արմեն Սարգսյանի մասին է:

ՀՀ Սահմանադրության 123-րդ հոդվածը սահմանում է.
«1. Հանրապետության նախագահը պետության գլուխն է:
2. Հանրապետության նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը:
3. Հանրապետության նախագահն իր լիազորություններն իրականացնելիս անաչառ է և առաջնորդվում է բացառապես համապետական և համազգային շահերով:
4. Հանրապետության նախագահն իր գործառույթներն իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված լիազորությունների միջոցով»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Կարծում եմ, որ գոնե սթափ մարդիկ արդեն համոզվել են, որ ՀՀ Նախագահը այնքան էլ չի հանդիսանում պետության գլուխը կամ Սահմանադրության երաշխավորը: Սկսած այն պահից, երբ ՀՀ նորընտիր վարչապետը Արմեն Սարգսյանին վերանշանակեց ՀՀ Նախագահի պաշտոնին, վերջինը կարծես թե ամբողջովին դարձել է պարզապես հասարակական գործիչ՝ երեխաների հետ պաղպաղակ ուտող, քաղաքականության հետ կապ չունեցող զանազան հանդիպումներին մասնակցող, ընդ որում՝ առավելապես արտերկրում, և ոչ մի կարևոր հարցով կարծիք չհայտնող…

Նշենք, որ Հայաստանում նախագահի աշխատավարձը կազմում է 1 միլիոն 320 հազար ՀՀ դրամ:
2019թ. ՀՀ Նախագահի աշխատակազմի համար բյուջեից հատկացվել է 1 155 263,2 ՀՀ դրամ (https://www.e-gov.am/interactive-budget/), որից աշխատողների աշխատավարձերի և հավելավճարների համար՝ 498,261,800 ՀՀ դրամ, իսկ պարգևատրումների, դրամական խրախուսումների և հատուկ վճարների համար՝ 117,989,200 և, ամենաուշագրավը՝ գործուղումների և շրջագայությունների ծախսերի համար՝ 109,500,000 ՀՀ դրամ:

Այո, իհարկե, Արմեն Սարգսյանը նաև կարողանում է գեղեցիկ ժեստեր անել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այսպես, դեռ Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան եղած ժամանակ նա իր ողջ աշխատավարձը տրամադրում էր բարեգործության համար, և հիմա նույնպես շարունակում է նույն ոճով: Եթե Հայաստանը լիներ, օրինակ, Նորվեգիա, ապա այդ կապակցությամբ իրավապահ մարմինները նման մեծահոգություն անող երկրի նախագահին կունենային մի շարք տհաճ հարցեր: Բայց դե մեր երկիրը կարգին երկիր է, և մենք շատ ենք սիրում բարեգործություն անող պաշտոնյաներին:

Ինչևէ, եկեք պատկերացնենք, ինչ կաներ Մեծ Բրիտանիայի թագավորող, բայց չիշխող թագուհին, եթե իրենց ներկա էքսցենտրիկ վարչապետը որոշեր ժողովրդին հրահրել շրջափակելու դատարանները կամ անթաքույց կերպով փորձեր իր կրունկի տակ առնել Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարանը (որը կատարում է շատ տարբեր ֆունկցիաներ, այդ թվում այնպիսիք, որոնք Հայաստանում դրված են Սահմանադրական դատարանի վրա): Համոզված եմ, որ ԹԱԳՈՒՀԻՆ անհապաղ հանդես կգար նման գործողությունները խիստ դատապարտող հայտարարությամբ, ավելին՝ դրանով չէր սահմանափակվի, այլ միջոցներ կձեռնարկեր վարչապետի նման վարքագծի դրսևորումը բացառելու համար:

Բայց դա Մեծ Բրիտանիայում… Հայաստանում իրավիճակ է փոխվել:

Այս կապակցությամբ ունեմ ևս մեկ հարց՝ ինչի՞ համար են հարկատուներից հավաքվող հարկերից տրամադրվում հսկայական գումարներ ՀՀ Նախագահի պաշտոնը զբաղեցնող անձնավորության և իր աշխատակազմի համար, եթե նա ըստ էության չի կատարում իր ֆունկցիաները և մեր երկրում տեղի ունեցող անօրինական իրադարձությունների վերաբերյալ չունի հստակ կարծիք (կամ այն չի արտահայտում ինչ-ինչ պատճառներով): Բացի դրանից, որքան հիշում եմ՝ մեր վարչապետը, երբ դեռ վարչապետ չէր, այլ ընդամենը ընդդիմադիր քայլող էր, բազմիցս հայտարարել է, որ կտրականապես դեմ է ցանկացած տեսակի վատնումների:

Այս ֆոնի վրա ուզում եմ նաև հասկանալ, թե ին՞չ պատճառով կամ ինչ՞ի դիմաց է ՀՀ Նախագահը պահպանում այդպիսի նեյտրալիտետ և ինչո/ւ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձնավորությունը աչք է փակում բյուջեի նման անարդյունավետ սպառման վրա…

Հ.Գ. Կարծում եմ, հասկանալի է, որ Անգլիայի թագուհու հետ համեմատությունը բոլորովին տեղին չէ: Ավելի ճիշտ է համեմատություն անցկացնել այսպես կոչված հարսանեկան գեներալի հետ, ով հրավիրվում է հարսանիքին զուտ այն ներկայացուցչական լինելու համար, իրականում չունի որևէ հեղինակություն և որևէ գործում որևէ դեր չի խաղում:

Նատալյա Սաղիյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով