Ինչու Թագուհի Թովմասյանը չի մասնակցել Ստամբուլյան կոնվենցիայի հարցով «Իմ քայլը» խմբակցության քննարկմանը

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան գրառմամբ  ներկայացրել է Ստամբուլյան կոնվենցիայի մասին իր տեսակետը: Գրառումն ամբողջությամբ՝ ստորև

«Սիրելի լրագրողներ, որպեսզի անհատական բոլորիդ զանգերին ու նամակներին չպատասխանեմ ու կրկնվեմ, որոշեցի այսպես փոխանցեմ ասելիքս. այսօր ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նիստին չեմ մասնակցել եւ չգիտեմ, թե ինչ մանրամասներ են խոսվել ՀՀ արդարադատության նախարարի հետ «Կանանց դեմ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման եւ դրա դեմ պայքարի» ԵԽ կոնվենցիայի կամ այսպես ասած՝ «Ստամբուլյան» կոնվենցիայի մասին: Ի սկզբանե հայտնել էի դիրքորոշումս, որ սկզբունքային անհամաձայնություններ ունեմ Կոնվենցիայի որոշ դրույթների հետ. Իհարկե, բռնությունն անընդունելի է, եւ ես իմ կյանքի մեծ մասը պայքար եմ տարել բռնության ամենատարբեր դրսեւորումների դեմ: Շատ հաճախ զրկանքների գնով լրագրության տարիներին պայքարել եմ մարդկանց իրավունքների պաշտպանության համար: Բայց այս կոնվենցիայի մեջ կան դրույթներ, որոնք ինձ պարտադրում են եւս մեկ անգամ հայտարարելու, որ հայկական ավանդական ընտանիքը, Հայ առաքելական եկեղեցին եւ ազգային պետությունը անփոխարինելի արժեքներ են ինձ համար: Իհարկե, փաստարկները բազմաթիվ են. միայն մի մեջբերում անեմ. կոնվենցիայի 12-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «մասնակից պետությունները պետք է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկեն՝ կանանց և տղամարդկանց վարքագծի սոցիալական և մշակութային վարվելակերպերում փոփոխություններ մտցնելու նպատակով՝ այն հաշվով, որպեսզի արմատախիլ արվեն այն նախապաշարմունքները, սովորույթները, ավանդույթները և մյուս բոլոր այն երևույթները, որոնք հիմնված են կանանց և տղամարդկանց կարծրատիպային դերաբաժանման գաղափարի վրա»։ «Կանանց և տղամարդկանց կարծրատիպային դերաբաժանում» ասվածը հասկանալու համար պետք է նայել նույն կոնվենցիայի 4-րդ հոդվածում օգտագործվող «գենդերային ինքնություն» ձեւակերպումը և կոնվենցիայի բացատրական զեկույցը, որը կրում է իմպերատիվ բնույթ, 53-րդ կետով սահմանում է՝ «…Նույն ձևով ընտանեկան բռնության ենթարկված գեյերը, լեսբուհիները և բիսեքսուալները իրենց սեռական կողմնորոշման պատճառով հաճախ չեն օգտվում աջակցման ծառայություններից: Այս խմբի անձինք կարող են նույնպես խտրականության ենթարկվել իրենց գենդերային կողմնորոշման հիմքով, ինչը նշանակում է, որ այն գենդերը, որի հետ նրանք իրենց նույնացնում են, չի համապատասխանում ծննդյան փաստով նրանց կենսաբանական սեռի հետ: Սա ներառում է այնպիսի կատեգորիաներ, ինչպիսիք են տրանսգենդերը, տրանսֆիստիտը կամ տրանսեքսուալ և այլ անձը, որը չի համապատասխանում հասարակության կողմից «կին» և «տղամարդ» կատեգորիաներին ներկայացվող պահանջներին»: Ես կարծում եմ, որ ընտանիքի՝ կին եւ տղամարդ ավանդական մոդելը անփոխարինելի է, եւ չի կարող այդ կարծրատիպը կոտրվել երբեւէ: Ինչ վերաբերում է խտրական վերաբերմունքին եւ բռնությանը, ապա եւս մեկ անգամ ընդգծում եմ, որ դեմ եմ բռնության ցանկացած դրսեւորմանը, հատկապես կանանց նկատմամբ եւ արձանագրում, որ ոչ ոք մեզ չի խանգարում մեր օրենսդրությունը էլ ավելի բարելավել եւ ապահովել պատժի աներկբա կիրառումը ցանկացած բռնարարքի դեմ՝ իսպառ վերացնելով անպատժելիության ցանկացած դրսեւորում: Մեր ջանքերը պետք է այս ուղղությամբ գործադրենք… Բարի ու խաղաղ հանգիստ բոլորիս: Հայաստանն այլ ճանապարհ չունի, քան ազգային պետություն դառնալը, ինչպես, օրինակ, Եվրամիության անդամ Ֆրանսիան է: Հ. Գ. Եվրամիության անդամ 11 երկիր չի վավերացրել այս կոնվենցիան»,- գրել է նա:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով